Զինվորական հոսպիտալներ.հնարավորություններ և կարիքներ
Հայոց նորաստեղծ բանակի հաջողություններով` սկսած արցախյան պատերազմում տարած հաղթանակից մինչև այս ամառվա սահմանային դեպքերը, ազգովի ուրախանում և հպարտանում ենք: Իսկ զինվորի առողջությունն անպարտելի ու հզոր բանակի գրավականներից մեկն է: Անկախության առաջին տարիներին Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում ստեղծվեցին զինվորական հոսպիտալներ, որոնք այն օրերին, նոր ստեղծվելով հանդերձ, պարտավոր էին անցնել ամենադժվարի միջով` փրկել հայրենի հողն ազատագրող մարտիկի կյանքը: Հետաքրքիր է` այսօր` բժշկական աշխարհի օրեցօր զարգացումների այս դարում, ինչպես և ինչ պայմաններում են աշխատում և հայ զինվորականներին սպասարկում զինվորական հոսպիտալները: Մեր շրջայցը սկսեցինք Սյունիքի սահմանամերձ մարզից, ապա եկանք պատերազմի բովով անցած Արցախ, իսկ վերջում` Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Զանգեզուրի կայազորային հոսպիտալ
1992թ. պաշտպանության նախարարի հրամանով Սյունիքի մարզում` Աղիտու համայնքին կից, սկսեց ստեղծվել Զանգեզուրի կայազորային հոսպիտալը. շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, նյութատեխնիկական բազայի ստեղծում և այլն: Այն առաջին հիվանդներ ընդունելու հնարավորություն ուներ արդեն 1995թ-ի փետրվարին: Չնայած պատերազմի օրերին հոսպիտալը որպես այդպիսին չի գործել, բայց այսօր բուժանձնակազմի մեծ մասը պատերազմի բովով անցած մասնագետներ են: Լավ գիտենք` մեզ պարտադրված պատերազմի առաջին օրերին, երբ դեռ չունեինք կանոնավոր բանակ, նոր ձևավորված առանձին ջոկատների հետ մարտի դաշտ էին մեկնում նաև բժիշկներ, բուժակներ: Այդ մարդիկ այսօր իրենց փորձով ու գիտելիքներով օգնում են զինվորական հոսպիտալների երիտասարդ մասնագետներին:
«Մեր հոսպիտալը բավականին հագեցած է` թե՛ տեխնիկապես և թե՛ մասնագետների առումով: Դա է վկայում այն, որ բուժօգնության համար մեզ են դիմում նաև մեծ քանակությամբ քաղաքացիական բնակիչներ: Մեզ մոտ գալիս են քաղաքացիներ ոչ միայն Սիսիանից, այլ նաև Գորիսից, Կապանից ու Մեղրիից»,-ասում է մեզ հյուրընկալած Վահե Պետրոսյանը, ով բուժծառայության մայոր է, Զանգեզուրի կայազորային հոսպիտալի հրամանատարի բուժգծով տեղակալ, բուժմասի պետ:
Հոսպիտալում շրջայցը բավականին ուրախացնող էր: Դեռ 2 տասնամյակը չբոլորած այս կառույցն ուներ թերապևտիկ, վիրաբուժական, ինֆեկցիոն, ախտորոշման, անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և այլ բաժանմունքներ, ատամնաբուժական ու այլ ծառայություններ: Նշված այս բաժանմունքները, հիմնականում, ունեն կադրերի բավարար ապահովվածություն: Բժշկական անձնակազմն այս պահին 24 մասնագետից է բաղկացած`ատամնաբուժից մինչև վիարբուժական պրոֆիլի մասնագետ, վնասվածքաբան, քիթ-կոկորդի մասնագետ, սրտաբան, ինֆեկցիոնիստներ և ալն: «Եղած կադրերով, ընդհանուր առմամբ, կարողանում ենք աշխատանքը ճիշտ ու որակով կազմակերպել: Իհարկե, կան որոշակի նեղ մասնագետներ, որոնց պակասը հոսպիտալը զգում է` նյարդաբան, ուռոլոգ, անոթային վիրաբույժ: Նման խնդիրների դեպքում զինվորական կոնտինգենտին ուղեգրում ենք Երևան` Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: 20-ամյա պատմություն ունեցող բանակի համար, այն ինչ արդեն ունենք, լուրջ ձեռքբերում է: ՊՆ-ն անընդհատ զբաղվում է կայազորային հոսպիտալներն ավելի բարեկարգելու խնդրով:
Վերջերս, օրինակ, մեզ մոտ բժիշկ ակնաբուժի և գինեկոլոգի հաստիքներ ավելացվեցին` հաշվի առնելով կին զինծառայողների մեծ քանակն ու սպասարկվող անձնակազմի ընտանիքի անդամների կարիքները: Այս պահին արդեն մասնագետներ էլ ունենք, գինեկոլոգիական սենյակն ենք ստեղծում: Սարքավորումների մի մասն արդեն կա, մյուս մասի հայտերը ներկայացրել ենք ստանալու համար»,-ասում է բժիշկ Պետրոսյանը:
Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժիշկների մի մասը հենց ռազմական բժշկության ոլորտի մասնագետներ են: Կան նաև բժիշկներ, ովքեր քաղաքացիական ծառայությունից են անցել ռազմաբժշկության: Երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին շատ հարցերում օգնում է արցախյան պատերազմի միջով անցած բժիշկների մեծ փորձն այս բնագավառում: «Խաղաղ պայմաններում այդքան փորձառություն ձեռք բերելու համար, ինչքան երկամյա պատերազմի ընթացքում ձեռք են բերել մեր կռված բժիշկները, պետք կգա երևի 20 տարուց ավելի»,-նկատում է հոսպիտալի երիտասարդ բժիշկը:
Կայազորային այս հոսպիտալի հնարավորությունները թույլ են տալիս խաղաղ պայմաններում սպասարկել մոտ 100 հիվանդի, սակայն արտակարգ իրավիճակների ժամանակ հնարավոր է ընդունել մինչև 200 մարդու: «Նման դեպքերում, բնականաբար, ահագին դժվարություններ ենք ունենում: Խախտվում են սանիտարահիգիենիկ նորմերը, որովհետև նախատեսվածից շատ հիվանդներ ենք ունենում: Այս ձմեռ սուր շնչառական բռնկման դեպք ունեցանք, բայց, բարեբախտաբար, բժշկական անձնակազմի՝ օրերով տուն չգնալու ու անխոնջ աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել համաճարակի բռնկումը»,-պատմում է բուժմասի պետը: Խոսակցությանը ներկա քիթ-կոկորդի բժիշկի Գարիկ Սարգսյանն էլ հավելում է` այս ձմռան սուր շնչառական վիրուսի բռնկումը պատերազմ էր բժշկության մեջ: «Մեզ համար պատերազմական դրություն էր: Ամբողջ տարածաշրջանում ունեցանք այնքան հիվանդներ, ինչքան նախատեսվում է պատերազմի ժամանակ: Մեր վարչությունը կռիվ տվեց ու հաղթեց, մենք էլ հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմը»,-հպարտությամբ ներկայացնում է բժիշկ Սարգսյանը:
Զանգեզուրի կայազորային հոսպիտալն այսօր աշխատում է բժշկական նորագույն տեխնիկայով: Իսկ գոյության առաջին տարիներին այն վերազինվել էր դանիական «Արևելյան առաքելության» տրամադրած տեխնիկայով: Այն ժամանակվա` 1995թ.-ի համար, դա բավականին առաջադեմ էր, հիմա էլ որակական տեսակետից ավելի նորագույն սարքավորումներին չի զիջում: Այսօր արդեն որոշ սենյակներ` ատամնաբուժականը, ռենտգենը, ախտորոշման բաժանմունքը, հագեցած են նորագույն տեխնիկայով, ամենահները 1-2 տարվա վաղեմություն ունեն: Հոսպիտալի լաբորատորիան ունի թվային տեխնոլոգիաներ: Ամեն մի սարքավորում մի անգամ համապարփակ վերանորոգման է ենթարկվում, ապա շարունակում աշխատել` մինչև պահանջներին բավարարելը:
«Մեր հոսպիտալում որոշակի տեխնիկական հագեցվածության խնդիր, իհարկե, կա: Ես որպես վնասվածքաբան շատ մեծ ծավալի խնդիրների լուծում չեմ կարողանում ապահովել: Բայց վիրաբուժական հիվանդությունների, քիթ-կոկորդի և այլ վիրահատություններն ամբողջ ծավալով է արվում: Իսկ մնացածը, օրինակ, գանգուղեղային վնասվածքները, որոնք լրացուցիչ վերահետազոտման կարիք ունեն, ուղեգրվում են կենտրոնական հոսպիտալ: Նաև բակտերոլոգիական լաբորատորիայի կարիք ունի հոսպիտալը, դրա պակասը զգում ենք մանավանդ ձմռան ամիսներին: Լավ կլիներ ունենայինք նաև էլեկտրաօպտիկական փոխարկիչ, դրանով վիրահատությունների ծավալը կմեծացնեինք, մնացած ամեն ինչը նորմալ է: Միգուցե կգան ժամանակներ, երբ մեր երկրի հնարավորությունները կներեն նման թանկարժեք սարքավորումներ ունենալու նաև կայազորային հոսպիտալում»,-ներկայացնում է զինվորականի առողջությամբ մտահոգ բժիշկը: Կայազորային այս հոսպիտալի շենքի մի մասը վերանորոգվել է 2009-10 թթ, մյուս մասը` պլանավորել են այս տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ: Վերանորոգված մասնաշենքերում գործում է կենտրոնական ջեռուցման համակարգ:
Հոսպիտալի բժիշկներն անընդհատ վերապատրաստման կուրսեր են անցնում, ծանոթանում բժշկության մեջ ծնված նորություններին, նոր տեխնոլոգիաններին: Վերապատրաստման կուրսերը լինում են ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ մեր երկրից դուրս` հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում:
Անդրադառնալով հայկական ռազմաբժշկության արմատներին ու առանձնահատկություններին` բժիշկները իրավացիորեն նկատեցին, որ հայկական ռազմաբժշկության սկիզբը դրվեց Արցախի պատերազմի սկսվելու հետ մեկտեղ: Այսօրվա մեր ռազմական բժիշկության կարկառուն ներկայացուցիչներն արցախյան գոյամարտի բժիշկներն են: Մի մասն անգամ պատերազմի տարիներին բժիշկ չի եղել, բայց, ըստ անհրաժեշտության, զինակից ընկերներին են օգնել ու մահից փրկել է: Հետո սիրահարվել են գործին, հասկացել կարևորությունն ու պատերազմից հետո մասնագիտացել հենց այդ ոլորտում: «Մեր ռազմաբժկությունը սկսվել է գործնական հենքի վրա, ստիպված էինք այդպես սկսել, ապա այդ ամենը դրվել է ուսումնական հիմքերի վրա: Ռազմաբժշկությունն ու բժշկությունը, բնականաբար, ընդհանուր շատ բաներ ունեն: Երկուսի հիմնական առաքելությունն էլ մարդու կյանքն ու առողջությունը պահպանելն է: Իսկ հայկական ռազմաբժկության առանձնահատկությունը կախված է նաև մեր լեռնային ռելիեֆից»,-ասում է բժիշկ Պետրոսյանը:
Վահե Պետրոսյանը շատ է կարևորում նոր ձևավորված «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» դերը ռազմաբժշկության ոլորտում: «Կառույցն իր հիմնադրույթներով այն է, ինչի ռեալ պակասն ունեին այս ոլորտի բժիշկները: Փորձի փոխանակում, զինվորական բժիշկների սոցիալական ու իրավական պաշտպանվածության աստիճանի բարձրացում` այս ասոցիացիան շատ անելիքներ ունի, և մենք ուրախացանք նրա ծնունդով: Շատ հարցեր են ընթացքում ծնվում, որոնց պատասխանները դժվար է գտնել: Այսօր ասոցիացիան կօգնի նման խնդիրներում, որովհետև բավականին լուրջ գիտական այրեր են ընդգրկված նրա կազմում»:
Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ
Արցախ աշխարհում մեզ դիմավորեց Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Զորի Սաղյանն ու, պատմելով հոսպիտալի անցած ուղու մասին, մեզ ներկայացրեց նաև նրա այսօրը:
Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալը սկսել է գործել արցախյան շարժման առաջին օրերին: Ի դեպ, այն ստեղծվել է շատ խորհրդանշական մի օր` 1992թ.-ի մայիսի 8-ին, սկզբում նախկին դիագնոստիկայի շենքի նկուղային հարկում, ապա`93-ի մարտից սկսել է գործել այսօրվա շենքում: Ինչպես ասում է Զորի Սաղյանն` իրենք ամեն տարի մայիսի 8-ից 9-ը չորս տոն են միանգամից նշում` Շուշիի ազատագրումը, Արցախի պաշտպանական բանակի ստեղծումը, հոսպիտալի կազմավորման օրն ու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը: «Արցախյան պատերազմի ընթացում մեր հոսպիտալը ոչ միայն շենքային պայմաններում է ծառայել, այլ նաև ստեղծվել են մի քանի փոքր ջոկատներ` դաշտային հոսպիտալներ, որոնց մեջ ընդգրկվել են վիրաբույժներ, այլ բժիշկներ, ովքեր ռազմական գործողությունների ժամանակ հենց մարտի դաշտում վրանային պայմաններում առաջին օգնություն էին ցույց տալիս վիրավորներին, ապա տեղափոխում այստեղ: Իսկ եթե անհրաժեշտություն էր լինում, հետագայում ուղարկում էինք Երևան: Այդպես է եղել Մարտակերտի, Շուշիի, Դրմբոնի ազատագրման, Ֆիզուլիի, Աղդամի և այլ մարտերի ժամանակ»,-պատմում է բժիշկ Սաղյանն, ով այդ տարիներին Երևանի բժշկական համալսարանի ուսանող էր և ծառայում էր այս հոսպիտալում որպես սանիտար: Պարզվեց` խաղաղ պայմաններում էլ է դաշտային հոսպիտալի կարիքը լինում, դրանք պետք են գալիս զորավարժությունների ժամանակ:
Պատերազմի դաժան տարիներից հետո նոր ձևավորված հոսպիտալը 2009 թ.-ին ենթարկվել է վերանորոգման, ստեղծվել է մեկ նոր մասնաշենք, որտեղ տեղակայվել են վիրաբուժական, թերապևտիկ, վնսավածքաբանական բաժանմունքները: Կարելի է ասել, որ հոսպիտալի տարածքը կրկնապատկվել է և, բնականաբար, ավելացել են նաև հաստիքները: Բացի դա, ավելացել են հոսպիտալի հնարավորությունները, ավելի զարգացել պայմանները, վերազինվել են բժշկական սարքավորումները: «Գրեթե բոլոր տեսակի բժշկական սարքավորումներն առկա են մեր հիվանդանոցում: 1-2 սարքավորում է պակասում, հիմնականը` համակարգչային տամոգրաֆիան է, բայց մենք քաղաքացիական հիվանդանոցի հետ պայմանագիր ունենք, այն հիվանդները, որոնց հետազոտումն այստեղ հնարավոր չի լինում իրականացնել, իրականացնում ենք քաղաքացիական բուժհիմնարկում: Բայց շուտով նաև այդ բացը կլրացվի: Ասեմ, որ բոլոր տիպի, տարբեր բարդության վիրահատությունները հնարավոր է իրականացնել մեր հոսպիտալում»,-ասում է բժիշկը:
Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի հիվանդասենյակները լուսավոր են, վերանորոգված: Դրանք 2-4 տեղանոց են, ապահովված են մշտական տաք և սառը ջրով, կան հիվանդասենյակներ, որտեղ առկա է նաև սանհանգույցը:
Հոսպիտալի պետի խոսքերով իրենք կադրային լուրջ խնդիրներ չունեն: Նեյրովիրաբույժ, վիրաբույժ, վնասվածքաբան, դիմածնոտային վիրաբույժ, անոթային վիրաբույժ, թերապևտ, էնդորկրինոլոգ, նևրապաթոլոգ, ուրոլոգ և այլն: «Ըստ հաստիքի` 2 անեսթեզիոլոգի պահանջ ունի հոսպիտալը, բայց մինչև տարվա վերջ այդ համալրումը կլինի: Բժիշկների մեծամասնությունը` 70%-ն ունի ռազմաբաժշկական կրթություն, մնացած 30 %-ը բժիշկ-սպաներ են: Մեր անձնակազմի մեջ կան վիրաբույժներ, որ պատերազմի առաջին օրերից ծառայում են այս հոսպիտալում: Նրանց թոշակային տարիքն անցել է, բայց չենք թողնում հեռանան, որովհետև պատերազմի բովով անցած բժիշկներն իրենց փորձով ու գիտելիքներով շատ են օգնում երիտասարդ սերնդին»,-ասում է բժիշկ Սաղյանն ու ավելացնում, որ իրենց մասնագետներն անընդհատ վերապատրաստման կուրսեր են անցնում: Անցած տարի 12 բժիշկ է վերապատրաստում անցել Երևանում, այս տարի` 3-ը, հաջորդ տարի ևս 14-ը կգնան վերապատրաստման: Բայց լավ կլիներ, որ այդ վերապատրաստումը լիներ նաև Հայաստանից դուրս, արտասահմանյան այլ երկրներում:
Եթե, աստված մի արասցե, արտակարգ իրավիճակներ են լինում, հոսպիտալը կարողանում է սպասարկել մինչև 210 հիվանդի: Իսկ հանգիստ ու խաղաղ պայմաններում հոսպիտալի ծառայություններից օգտվում են նաև քաղաքացիական անձինք: «Մենք իրավունք ունենք մինչև 15 % սպասարկել նաև քաղաքացիականներին: Վստահությունը զինվորական հոսպիտալի հանդեպ ավելի մեծ է, դրա համար քաղաքացիները շատ են ձգտում օգնություն ստանալ հենց այս բուժհաստատությունում»,-ասում է հոսպիտալի պետը:
Խոսելով հայկական ռազմաբժկության պատմությունից` Զորի Սաղյանը նկատում է, որ այն սկսվել է հենց արցախյան գոյամարտից: «Արցախում ռազմաբժշկության հիմնադիրը Վալերի Մարությանն էր, ով նաև այս հոսպիտալի ու դաշտային հոսպիտալի գաղափարի հիմնադիրն է»,-պատմում է Սաղյանը:
«2-3 ամիս առաջ ստեղծված «Զիվորական բժիշկների հայկական ասոցիացիան» շատ անելիքներ ունի մեր դաշտում: Որովհետև շատ հարցերում ուղղակի պետք չէ, կամ հնարավոր չէ դիմել նախարարին, իսկ ասոցիացիան օգնում է այդ հարցերին` բժիշկների վերապատրաստում, գիտահետազոտական հանդիպումներ, քննարկումներ, բժիշկների իրավունքների պաշտպանություն, և այլ խնդիրներին լուծում տալու հարցում»,-սա Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Զորի Սաղյանի կարծիքն է «Զիվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» մասին:
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը
Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը ստեղծվել է 1994թ.-ի մարտի 15-ին, պատերազմական ծանր իրավիճակում: Այդ պատերազմը մեզ պարտադրեց ունենալ զինվորական կառույցներ, զինվորական բժշկություն: Ստեղծման օրվանից հոսպիտալն անմիջապես անցել է իր պարտականությունների կատարմանը` ծանր վիրավորների ընդունում, բուժօգնության ցուցաբերում: Ի դեպ, Խորհրդային Միության տարիներին Հայաստանում եղել է 2 զինվորական հոսպիտալ` Երևանի և Գյումրու կայազորային հոսպիտալները: Օրբելի փողոցի վրա գտնվող երևանյան հոսպիտալի պայմաններն այն չէին, դրա բազայի վրա հնարավոր չեղավ կազմավորել կենտրոնական զինվորական հոսպիտալը, այն չէր կարող ապահովել այն պայմանները, ինչը պատերազմական այդ օրերին պետք էր մեզ:
Դրա համար որոշվեց կենտրոնական հոսպիտալը ստեղծել նախկին երկաթգծի հիվանդանոցի բազայի վրա: Հենց այդ ու այլ հիվանդանոցների քաղաքացիական բժիշկներով էլ համալրվեց նոր հոսպիտալի աշխատակազմը: «Բժիշկներն այլ հիվանդանոցներից կամավոր գալիս էին և անցնում զինվորական բժշկության: Նաև մեկնում էին մարտի դաշտ, առաջնագիծ, որտեղ դաշտային հոսպիտալներ էին գործում: Մեր բժիշկները տեղում առաջնային օգնությունը ցույց էին տալիս կռվողներին, ապա, անհրաժեշտության դեպքում, տեղափոխում այստեղ` վիրահատելու, բուժելու»,-պատմում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Արամ Ասատուրյանը հիշում, որ այն ժամանակ զինվորական հոսպիտալը համալրված էր հին, թույլ հնարավորություններ ունեցող սարքավորումներով: Բայց կարևորը մեր ազգի միասնությունն ու մարտական ոգին էր, որ ծանր դժվարին պայմաններում մեզ տարավ հաղթանակի: Ու այդ ոգու շնորհիվ հաղթահարվեց նաև հոսպիտալի ծանր իրավիճակները:
Կենտրոնական հոսպիտալի պետն արձանագրում է` անցած 20 տարիների ընթացքում մեծ թռիչք է տեղի ունեցել, որովհետև նորաստեղծ բանակի ու նոր ձևավորվող զինվորական բժշկության կարգավիճակից այսօրվա վիճակին հասնելու համար բավականին լուրջ քայլեր էին պետք, լուրջ ներդրումներ: «Այսօր մեր կլինիկան նորագույն սարքավորումներով է համալրված, շատ պատրաստված մասնագետներով է հագեցած մեր աշխատակազմը: Մեր բժիշկ-սպաներն ամեն տարի, ՊՆ-ի կողմից հաստատված ծրագրով, աշխարհի առաջատար կլինիկաներում` Գերմանիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Ռուսաստանում, անցնում են վերապատրաստում: Այս պահի դրությամբ վերակենդանացման բաժնի բժիշկը եռամսյա վերապատրաստման նպատակով մեկնել է Գերմանիա: Անընդհատ տեխնիկապես վերազինվում ենք: Այսօր մասնավորապես ունենք համակարգչային տոմոգրաֆիա, որը ՀՀ շրջանակներում լավագույնն է: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը միշտ մտահոգված է ռազմական բժշկության խնդիրներով և ամեն ինչ անում է անընդհատ նորագույն սարքավորումներով վերազինելու համար»,-ասում է Արամ Ասատուրյանը:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բուժանձնակազմն այսօր ամբողջությամբ համալրված է զինվորական բժիշկներով, ովքեր ավարտել են ռազմաբժկության ֆակուլտետը: Կան նաև արցախյան պատերազմի բովով անցած մասնագետներ: Ռազմաբժշկության վարչության պետը` Կամավոր Խաչատրյանն, օրինակ, պատերազմի մասնակից բժիշկ է, առաջատար վիրաբույժ Վահան Գևորգյանը, կրծքային վիրաբուժության բաժնի պետ Գևորգ Ոսկանյանը` նույնպես: Էլի կան մասնագետներ, ովքեր պատերազմի դաշտում և՛ մարտիկ են եղել, և՛ բժիշկ:
Այս պահին հոսպիտալի մասնաշենքերից մեկը գտնվում է վերանորոգման մեջ: «Հիվանդասենյակների պայմանները նորմալ են, բայց մենք աշխատում ենք, որ դրանք լավագույնը լինեն: Ցավոք, մեր երկրի տնտեսական վիճակը թույլ չի տալիս արագ քայլեր անել, որովհետև այդ աշխատանքները լուրջ ֆինանսական ներդրումներ են պահանջում, չնայած որ կոսմետիկ վերանորոգումներ անընդհատ ենք ունենում»,-մտահոգված նշում է փոխգնդապետը:
Ի դեպ, հոսպիտալը նախատեսում է ունենալ նաև ուղղաթիռային թռիչքուղի: Ասատուրյանի խոսքերով` պլանում կա կառուցել մեկ մասնաշենք, իսկ այդ մասնաշենքի վրա ունենալ ուղղաթիռային կայանատեղի:
Անդրադառնալով վերջերս կազմավորված «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիային»` Արամ Ասատուրյանը, ով նաև այդ ասոցիացիայի խորհրդի անդամ է, նշեց, որ կառույցը շատ կարևոր առաքելություն ունի: «Այն նախ և առաջ կոչված է հասարակության և զինվորական կյանքի, ռազմաբժշկության մեջ կամուրջ դառնալու: Նաև կլինեն փորձի փոխանակում և համագործակցություն տարբեր երկրների ռազմական բժիշկների հետ»,-նշեց Ասատուրյանը:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետն ուրախությամբ ասում է, որ ռազմաբժշկության և ռազմական հոսպիտալների հզորացման վրա ուղղված է ոչ միայն Պաշտպանության, այլ նաև Առոջպահության նախարարության ջանքերը: Եթե ինչ-որ խնդրում համագործակցություն է պետք, զինվորական հոսպիտալին օգնում են քաղաքացիական հիվանդանոցներն ու բժիշկները: Իսկ հոսպիտալը սպասարկում է նաև քաղաքացիական բնակչության հոծ զանգվածի: