Ի՞նչ հետևանքների կհանգեցնի ստենտավորման գների նվազումը

Հայաստանում սրտաբաններն անհանգիստ են: ԱՆ որոշումը՝ նվազեցնել ստենտավորման գները, հանգեցնելու են Հայաստանում սրտաբանության ոլորտում լուրջ խնդիրների: Մեր զրույցը «ՔանԿոր» ԲԿ տնօրեն, Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի սրտաբանության ասոցիացիաների անդամ, Հայաստանի միջամտային սրտաբանության և միջամտային ճառագայթաբանության ասոցիացիայի նախագահ Շահեն Խաչատրյանի հետ:

Պարոն Խաչատրյան, ըստ Ձեզ՝ Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար: Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ, և որքանո՞վ է դա իրատեսական մեր երկրի համար: Հատկապես ո՞ր ուղղությամբ աշխատանք կա անելու:

- Հարցին պատասխանեմ հարցով, ըստ Ձեզ՝  Հայաստանում  արդյունաբերության համար կա՞ն հեռանկարներ: Բոլորիս ցանկությունն է զարգացնել և՛ արդյունաբերությունը, և՛ առողջապահությունը, և՛ բժշկությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ հայտարարությունն ու ցանկությունը սուրճի բաժակ նայելու պես մի բան են: Որպեսզի հավատանք բժշկության զարգացման գաղափարին, նախևառաջ պետք հասկանանք, թե  ինչ  խոչընդոտներ կան:

Կոնկրետ սրտաբանության օրինակով ասեմ: Մութ ու ցուրտ, հետերկրաշարժյան, պատերազմական  տարիներին Հայաստանը համարձակություն ունեցավ համախմբել իր փայլուն ուղեղները և ստեղծել  սրտաբանություն, որը լիդեր էր մինչև 2000-ակաների սկիզբը, որից հետո այն սկսեց հետընթաց ապրել: Իրավիճակը ողբերգական է, չխաբվեք այն հանգամանքին, որ այսօր 14-15 կլինիկա է գործում: Իրականում մենք ունենք մասնագետների պակաս, երիտասարդներին չի հետաքրքրում այս բնագավառը: Սրտաբանները գործ ունեն հիվանդների հետ, որոնք գտնվում են կյանքի և մահու խաչմերուկում: Գիշեր-ցերեկ պետք է աշխատեն, իսկ այդ պարագայում կդառնան մասնագետներ, որոնք, ունենալով ծանրաբեռնված աշխատանք, կվարձատրվեն ավելի քիչ, քան քիթ-կոկորդ բուժող բժիշկը, ակնաբույժը, պլաստիկ վիրաբույժը:  Բժշկությունը թանկ հաճույք է, էժան բժշկությունը՝ անորակ է: Այսօր բժիշկները դարձել են  ազգի թշնամի, ոչ ոք չի ցանկանում բժիշկ դառնալ:

2-րդ խնդիրը նյութատեխնիկական բազան է: Օրինակ՝ որովայնը վիրահատող բժշկին հարկավոր է լավ դանակ, ասեղնաբռնիչ,  վիրահատական սեղան, և նա իր գործը հիանալի կկատարի, բայց սրտի վիրաբույժը չի կարող առանց թանկարժեք տեխնոլոգիաների և նյութերի կատարել սրտի վիրահատություն: Սրտի մեկ վիրահատության ժամանակ  կիրառվում են 200-300 մեկանգամյա օգտագործվող գործիքներ և միջոցներ: Դրա համար ներդրումներ են հարկավոր: Այսօր մի շարք կլինիկաներ հագեցվել են ժամանակակից սարքավորումներով, բայց մյուս խնդիրը՝  մասնագետների պակասը, դեռևս մնում է չլուծված:

Դուք ՝որպես մասնագետ, Ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում:  Ե՞րբ և ինչո՞ւ է բժիշկն անպաշտպան:

- Բժիշկը ոչ մի կերպ պաշտպանված չէ: Հակառակը, բժիշկն իր կրծքով  պաշտպանում է այն համակարգը, որն իրեն ոչնչացնում է: Առողջապահության նախարարները միշտ ընդունել են պահային որոշումներ՝ ձեռնտու քաղաքական լիդերներին: Այսինքն՝ նախարարությունը եղել է քաղաքական դաշտ: Արդյունքում մենք երբեք չենք ունեցել   ռազմավարություն: 25 տարեկան անկախ պետությունում երբեք չեն եղել առողջապահությանը  վերաբերող  օրենքներ: Այն, ինչ ունենք, ժառանգել ենք Խորհրդային  Միությունից: Ու երբ Խորհրդային միության մոդելը հզոր երկրից վերցնում և ներդնում ես այս փոքր երկրում, որտեղ գործում են գայլային, օրենքներ, ոլորտը դառնում է անպաշտպան, չի կարողանում իր գործառույթները լիարժեք կատարել: Խորհրդային Միության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ուներ ստանալ անվճար բուժօգնություն: Սրտի նոպայով հիվանդը գալիս էր հիվանդանոց այն համոզմունքով,  որ իրեն պարտավոր են բուժել, այլ հարց է՝ կլինիկան կարող էր դա անել, թե ոչ: Պետությունն ասում էր՝ ես քեզ ձրի բուժում եմ:  Լավ դեղորայք չէր առաջարկում, տալիս էր վատը, բայց գոնե տալիս էր: Հիմա այդ նույն քաղաքացին իներցիայով մտածում է, որն ինքն այս երկրի քաղաքացին է, եթե  հիվանդանում է, ուրեմն պետությունն ինչ-որ կերպ պարտավոր է օգնել: Բայց պարզվում ՝ ինքն արտոնություններ, իրավունք  չունի պահանջներ ներկայացնելու: Իրականում ոչ մի հիվանդանոց պարտավորված չէ մարդուն բուժել, եթե նա չի վճարում, որքան էլ,  որ հիվանդները ցիտեն Հիպոկրատի երդումը, որովհետև այդ նույն պետությունը յուրաքանչյուր հիվանդի համար հարկ է գանձում հիվանդանոցից: Հիվանդանոցը կարող է հրաժարվել ձեզ բուժել, եթե դուք վճարունակ չեք, իսկ դա արդեն մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Սուր դեպքերում, կյանքին վտանգ սպառնացող իրադրություններում և այլն,  պետությունը ցուցաբերում է որոշակի աջակացություն: Բայց դա շատ հարաբերական է ասված, դե արի ու տես «կյանքին վտանգ է սպառնում, թե ոչ»: Իհարկե, ավտովթարից հետո, երբ անձը արնահոսում է, նրան ցուցաբերում են անվճար բուժօգնություն: Բայց, օրինակ, երբ որովայնը ցավում է, և դա որևէ ձևով հիմք չի տալիս ենթադրելու, որ պատճառը  կույր աղու որդանման ելունի թափածակումն է,  կարող են ասել ՝ դու չես մտնում պետպատվերի մեջ, գնա՛ հետազոտվի՛ր: Պետությանն էլ  մեղադրել չես կարող:

Ստացվում է՝  ո՛չ հիվանդն  է  պաշտպանված, ո՛չ բժիշկը: Չկա նաև բուժման պաշտպանություն: Միևնույն հիվանդության համար տարբեր հիվանդանոցներում կարող են տարբեր բուժում առաջարկել: Օրինակ՝ Մարտունու հիվանդանոցում սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ հիվանդին կարող են ցավազրկող առաջարկել, բայց պարզվում է՝ Երևանի որևէ պրոֆեսիոնալ կլինիկայում կիրառում են բոլորովին ուրիշ  և ավելի արդյունավետ բուժման մեթոդներ: Բայց դրա համար դու չես կարող մեղադրել բժշկին: Օրենսդրորեն պետք է հստակ չափորոշիչներ սահմանել, որ տվյալ պաթոլոգիան բուժելու համար անհրաժեշտ է այսպիսի բուժում: Այսինքն՝ բուժման մեթոդների վերաբերյալ պետք է լինեն պետական օրենքներ :

Բժիշկների վարձատրությունը Հայաստանում բավարա՞ր է արժանավայել կյանք վարելու համար:

- Ոչ իհարկե:  Սրտի վիրահատությունների ժամանակ մենք աշխատում ենք թանկարժեք նյութերով, որոնք հիմնականում նախատեսված են մեկանգամյա օգտագործման համար: Դրանք ձեռքենք բերվում եվրոպական և ամերիկյան ընկերություններից: Սրտի վիրահատության համար թե՛ Հայաստանում, թե՛ Բեռլինում նույն ռեսուրսն է ծախսվում, բայց արի ու տես՝ այնտեղ նույն վիրահատության համար հիվանդից գանձում են 25-30 000 եվրո, իսկ Հայաստանում՝ առավելագույնը 5000 դոլար: Ո՞րն է տարբերությունը. մենք բժշկին, քույրին ենք  քիչ վճարում: Այստեղ մասնագետը դասվում է երկրորդական պլան: Մի օր բժիշկը հոգնում է այդ վիճակից և նախընտրում է մեկնել այնտեղ, որտեղ իրեն մի քանի անգամ ավելի շատ են վարձատրում:

Եթե արտերկրի կլինիկայից Ձեզ աշխատանքի առաջարկ անեին, կլքեի՞ք հայրենիքը:

- Այդպիսի հնարավորություն ունեցել եմ դեռ 1995 թվականին: Ես 2 տարի աշխատել եմ Ֆրանսիայում, հետո վերադարձել եմ, որովհետև  սիրում եմ իմ երկիրը, և հետո՝ երբեք չեմ մտածել, որ բժիշկը մի օր կարող  է համարվել «ոչ պետքական»: Այսօր ոչ թե հիվանդն է հպարտանում, որ բուժվել է այսինչ բժշկի մոտ, այլ բժիշկը, որ նախընտրել են իրեն: Հայաստանում բժիշկը վերածվել է մեծապատիվ մուրացկանի: Նա ո՞նց կարող է պատիվ ունենալ, երբ հիվանդը դիմում է իրեն, իսկ նա պատասխանում է՝ պիտի վճարես, նոր բուժեմ: Այդպիսի իրավիճակում հիվանդը  բժշկի մեջ  տեսնում է վաշխառուի, առևտրականի: Բայց նա մեղք չունի, որ չի կարողանում օգնել հիվանդին, օգնելու համար պետք է նյութածախս կատարի, իսկ այդ գումարը կամ հիվանդը պետք է հատկացնի, կամ պետությունը: Իսկ պետական աջակցությունը խիստ սահամափակ է, ոչ բոլորին հասանելի:

Ինչպե՞ս լուծել խնդիրը:

- Պետության կողմից հատկացված վճարումները պետք է այնպես բաշխել, որ ազգաբնակչության 99 %-ն օգտվի:  Չի կարելի առավելություն տալ ազգաբնակչության մի մասին, իսկ մյուս մասին գցել ծայրահեղ վիճակի մեջ:  Բայց արդյո՞ք մեր պետբուջեն հնարավորություն է տալիս բոլորին ընդգրկել պետպատվերի ծրագրում և իրականացնել ժամանակակից բուժում: Իհարկե ոչ: Կարծում եմ՝ սկզբնական շրջանում կարելի է պետական միջոցները ներառել պետական մասնակցության անվան տակ, այսինքն՝ վիրահատությունն արժե 100 ռուբլի, 40-ը վճարում է պետությունը, 60-ը՝ հիվանդը: Հավասարություն կլինի, և մարդկանց շրջանում ըմբոստություն չի առաջանա:

Առաջարկում եմ՝ բժշկական ապահովագրությունը երկրում դարձնել պարտադիր, այնպես, ինչպես արեցինք ավտոտրանսպորտի դեպքում: Իսկ պետական մասնակցությունը ներառել պետական ապահովագրության մեջ, այսինքն՝ եթե հիվանդը տարեկան պետք է վճարի 100 000 դրամ, 40 0000-ը կվճարի պետությունը:

Անհրաժեշտ է բժշկության վերաբերյալ օրենքներ ընդունել: Որպես կանոն, պետական օրգանները լիցենզավորում են այն բժշկին, ում իրավունք են տալիս կատարել սրտի վիրահատություն: Մինչև հիմա Հայաստանում  չկա ինտերվենցիոնալ սրտաբանություն մասնագիտությունը: Ո՛չ բժշկական համալսարանում կա նման ամբիոն, ո՛չ էլ վերապատրաստումներ են նախատեսված: Այսօր ով ուզի, կարող է դառնալ սրտաբան: Երկրորդ խնդիրը. լիցենզավորումը պետք է լինի հստակ մասնագետների կողմից, որից հետո որևէ հիվանդ չի կարող վատաբանել, թե այսինչ բժիշկ էր, մարդասպան էր: Պետք է լինի պետական կառույց, որտեղ մարդիկ կներկայացնեն իրենց բողոքը՝ պարզելու արդյոք կար բժշկի մեղավորությունն իրենց հարազատի մահվան մեջ: Կառույցը գաղտնի կերպով կուսումնասիրի դեպքը և կտա իր եզրակացությունը: Այդպիսով, մարդիկ իրավունք չեն ունենա լրատվամիջոցներով առանց հիմնավոր պատճառների վարկաբեկել բժիշկներին:

Պետպատվերի շրջանակում կատարվող վճարումները նպաստո՞ւմ են բուժման որակի բարձրացմանը կամ ժամանակակից բուժում ապահովելուն:

- Կարելի է մատների վրա հաշվել այն մարդկանց, ովքեր գալիս են վճարովի բուժօգնություն ստանալու: Վերջին 2-3 տարիների ընթացքում խիստ նվազել է ազգաբնակչության վճարունակությունը: Հիմնականում դիմում են պետպատվերով հիվանդները: Իսկ պետպատվերի շրջանակում կատարվող  վճարումները  չեն բավականացնում ցուցաբերել բարձրակարգ բուժօգնություն: Մեղադրե՞լ պետությանը՝ ոչ: Ի՞նչ անել:  Նախարարությունում նստած բյուրոկրատները մտածում են՝ այդքան գումար ունենք, պետք է դրանով բավարարվենք, որովհետև այդպես է ցանկանում մեր երկրի ղեկավարությունը, ուստի կանգնում են փակուղու առաջ: Քիչ գումարով չես կարող վարձատրել բարձրակարգ բժիշկներին, գնել ժամանակակից սարքավորումներ: Բայց մյուս կողմից չես կարող պետությանը դեմ դուրս գալ, որովհետև 10 հիվանդից 9-ը պետպատվերից օգտվողներ են: Ստացվում է՝  մենք համակերպվում ենք մի վիճակի հետ, որը հանգեցնում է բժշկության կործանմանը: Վերջին 2- 3 տարվա ընթացքում Հայաստանից միայն  300-400 անէսթեզիոլոգ է հեռացել: Բժիշկը թանկ մատերիալ է և՛ ԱՄՆ-ի, և՛Գերմանիայի, և՛ Ֆրանսիայի, և՛ Ռուսաստանի համար: Իսկ Հայաստանում նրան չեն գնահատում:

Պետությունը պետպատվերի շրջանակում կատարվող վճարումները բաժանում է մի քանի հիվանդանոցների միջև: Ստացվում է՝ պետությունը ոչ թե պայքարում է մոնոպոլ ծառայությունների դեմ, այլ աշխատում է դրանց օգտին:  Բայց  արդյո՞ք պետպատվերը պետք է  հիվանդանոցներին տրվի:  Ոչ,  դա պետք է քաղաքացուն հատկացվի, նա ինքը  պետք է որոշի՝ որտեղ դիմել:

Դուք կգերադասեի՞ք աշխատել պետական հիվանդանոցում:

_ Ես համարվում եմ Հայաստանի ինտերվենցիոնալ սրտաբանության հիմնադիրը: Ամեն ինչ սկսել եմ 0-ից: Երբ ես զբաղվում էի ինտերվենցիոնալ սրտաբանությամբ, նույնիսկ հարևան երկրներում  չկար այդ մասնագիտությունը: Ես եղել եմ Նորք-Մարաշ ԲԿ հիմնադիրներից մեկը: Հետո որոշել եմ առանձնանալ, ստեղծել եմ Զեյթունի սիրտ-անոթ բժշկական կենտրոնը, որը գործել է 7 տարի: Այնուհետև, մտածելով, որ այս մասնագիտությունն ինչ-որ առումով կայացել է, հիմնադրել եմ «ՔանԿոր» ԲԿ-ն:  Ցանկանում էի ապահովել արժանաատիվ բուժման մակարդակ:

Սրտի վիրաբուժության և ստենտավորման առնչվող պետության  վերջին որոշումները նպաստելո՞ւ են  բնագավառի զարգացմանն ու բուժման որակի բարելավմանը, թե՞ ճիշտ հակառակ արդյունքն են տալու:

- Այս որոշումները հանգեցնելու են Հայաստանում սրտաբանության ոչնչացմանը: Աստիճանաբար հիվանդանոցները ձեռք են բերելու էժան և վատ որակի ստենտներ, որոնք կունենան բացասական արդյունք: Բժիշկները, որոնք կատարում են ստենտավորում, քիչ վարձատրության պայմաններում կհրաժարվեն աշխատել, ուստի կարտագաղթեն:

Աշխարհի 170 երկրում ստենտավորան արժեքը բավականին թանկ է: Վերջին 1 տարվա ընթացքում լուրեր պտտվեցին, թե մեր հարևան երկրում ստենտներն էժանացել են: Դա նույնն է, եթե ասեն՝ Վրաստանում շաքարավազն արժե 50 դրամ: Հարց է առաջանում. եթե աշխարհում շաքարավազի գինը 350 դրամ է, ինչո՞ւ է այդ երկրում այդքան էժան, կասկածներ են առաջանում: Բայց ստենտների դեպքում առաջացավ ֆուրոր, սկսվեց «ուխտագնացություն» դեպի Վրաստան:

Այսօր է Հայաստանում չհիմնավորված էժան ստենտավորումը: Դա կարելի է հասկանալ պարզ տրամաբանությամբ: Ստենտները արտադրվում են Եվրոպայում եւ դրանց գինը ինքնին շատ բարձր է, այդ պատճառով էլ արտերկրում  ստենտավորումը 15-25 եվրո արժե: Մեզ նախարարությունից որոշակի գումար են տրամադրում եւ ասում՝ սրտի ստենտավորումը պետք է կատարել՝ տեղավորվելով այդ գումարի մեջ: Դա ինչպե՞ս է հնարավոր դառնում: Մի քանի տարբերակ կա.  կամ բժշկի աշխատավարձ պետք է չտալ, կամ պետք է առնել շուկայի ամենաէժան եւ անորակ ստենտները, կամ պետք է խուսափել  հարկային դաշտից, կամ էլ պետք է կամավոր սկզբունքով  ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Մենք՝ ես եւ «Քանկոր»  բժշկական կենտրոնում աշխատող բժիշկները, ընտրել ենք վերջին տարբերակը: Ինչպե՞ս են վարվում մյուս բժշկական կենտրոնները ես չէ, որ պետք է պարզեմ:  

Որ օրը մենք կարողացանք առողջապահությունը հասանելի դարձնել բնակչությանը, իսկ բժշկին հեռու պահել փողոցային ճղճիմ խոսակցություններից, մենք կունենանք զարգացում: Մեր ազգը խելոք ազգ է, ով էլ արտագաղթել է, տեղը կլրացվի երիտասարդ կադրերով: Անպայման հարկավոր է փրկել բժշկությունը: Դա ստրատեգիական կարևորության հարց է:



Առողջապահական համակարգ