Վահանաձև գեղձ. ամենաշատ անհանգստացնող հարցերը
Վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում, ավելին՝ մեր երկիրը այդ հիվանդությունների էնդեմիկ գոտի է:
Հայաստանի հատկապես մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Սա լուրջ խնդիր է, ու մեր մասնագետները բավական լուրջ ու հսկայական աշխատանք են կատարում՝ այս հիվանդությունների բուժումը արդյունավետ դարձնելու, համաշխարհային նորագույն մեթոդներն ու պրակտիկան այստեղ կիրառելու, արդյունքում՝ այդ ոլորտը բարձր մակարդակի վրա պահելու համար:
Վերջերս ընդհանուր և էնդոկրին վիրաբույժ, բ.գ.թ. Արմեն Մարտիրոսի Վարժապետյանն իր գործընկերների և ուսանողների սեղանին դրեց հայերեն լեզվով մասնագիտական գրականություն՝ համակողմանի մի գիրք՝ «Վահանաձև գեղձի հանգույցները» վերնագրով: Գիրքը հաստատվել է Կրթության և գիտության նախարարության կողմից՝ որպես ուսումնական ձեռնարկ բժշկական կրթական հաստատությունների բարձր կուրսերի ուսանողների, օրդինատորների, ինտերնատուրայում սովորողների համար: Սա կարևոր է նաև պրակտիկ բժիշկների համար. նախ մայրենի լեզվով գրականությունը հազվադեպ երևույթ է մեզ համար, բացի այդ՝ հեղինակը մանրամասն ներկայացրել է վահանաձև գեղձի, դրա ախտորոշման ու բուժման հարցերը, նաև՝ էնդոկրին վիրաբուժությանն առնչվող համաշխարհային առանցքային կենտրոնների մշակած սկզբունքները, որոնցից շատերը դեռ մեր երկրում լիարժեք ներդրված չեն, ուստի այս հարցերի վերաբերյալ գրականությունը կարող է շատ օգտակար լինել մասնագիտական շրջանակներում: Գիրքը նաև շատ հիվանդների հարցերի պատասխաններն ունի:
Արմեն Վարժապետյանը ղեկավարում է «Աստղիկ» բկ էնդոկրին վիրաբուժական ծառայությունը: Հիվանդանոցի տեխնիկական մեծ հագեցվածության ու պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ՝ կենտրոնի այս ծառայությունը հայտնի է բարդ, անգամ եզակի վիրահատություններով: Հայաստանի բնակչության մեծ մասին հուզող վահանաձև գեղձի հիվանդությունների ու դրանց բուժման ժամանակակից մեթոդների մասին պատմում է բժիշկը:
Յոդի պակաս, բարձր ճառագայթում. հիվանդացության թիվը աճում է
Հայաստանը գտնվում է բարձրադիր աշխարհագրական գոտում, ուստի մեր երկրի հողն ու ջուրը չեն հարստանում յոդով: Իսկ մարդու օրգանիզմը մոտ 25 մգ յոդ է պարունակում, որի մեծ մասը վահանաձև գեղձի մեջ է: Վերջինս կարգավորում է նյութափոխանակությունը, ուստի յոդի անբավարարությունը շատ լուրջ խնդիր է օրգանիզմի համար և հանգեցնում է մի շարք հիվանդությունների: Դրա համար շատ կարևոր է օրգանիզմում յոդի պակասը լրացնել սննդամթերքի միջոցով:
Մեր երկրում վահանաձև գեղձի հիվանդությունների առաջացման պատճառներից են նաև իմուն համակարգի խնդիրները, երբ մեր օրգանիզմը սկսում է արտադրել հակամարմիններ սեփական վահանաձև գեղձի նկատմամբ, ինչի արդյունքում տեղի է ունենում բորբոքային պրոցես. գեղձը սկսում է ախտահարվել:
Ճառագայթման բարձր աստիճան. սա Հայաստանում չարորակ ուռուցքների առաջացման հիմնական պատճառներից մեկն է: Եվ բավականին երիտասարդացել է վահանագեղձի՝ չարորակ ուռուցքներով ախտահարումը: Պետք է իմանալ նաև, որ նոր տեխնոլոգիաների՝ հեռախոսների, հեռուստացույցների, համակարգիչների ճառագայթումը նույնպես նպաստում է ուռուցքների գոյացմանն ու շատացմանը: Վահանաձև գեղձի բջիջները շատ զգայուն են ճառագայթների հանդեպ և, ի տարբերություն մյուս օրգանների, շատ արագ կարող են ձևափոխվել ու վերածվել ուռուցքային բջիջների:
Ճանաչել ախտանիշները, անգամ եթե գանգատ չկա
Երբ յոդի պակասից առաջանում է գեղձի թերֆունկցիա, գեղձն իր ծավալով մեծանում է և առաջացնում սուբյեկտիվ խեղդոցի զգացում՝ հատկապես նյարդային, լարված վիճակում: Ծավալի մեծացման պատճառով վահանաձև գեղձը սեղմում է շնչափողը և հարակից խոշոր անոթները՝ առաջացնելով գլխապտույտ, գլխացավ, սուր, նոպայաձև կամ խեղդող հազ: Եթե ծավալային փոփոխությունից բացի փոխվում է նաև գեղձի աշխատանքը, ապա հիվանդն ունենում է սրտխփոց, թուլություն, դյուրագրգռվածություն, ինչպես նաև ակնային խնդիրներ՝ ցավեր աչքերում, վատ տեսողություն: Լինում են դեպքեր, երբ ուռուցքը չափերով փոքր է, և հիվանդը որևէ գանգատ չի ունենում: Սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս վաղ շրջանում հայտնաբերել այդ հանգույցները:
Էնդոկրին վիրաբուժությունն ու նրա տարածված հիվանդությունները
Վահանաձև գեղձի հանգուցային ախտահարումները ամենաշատ հանդիպող էնդոկրին խնդիրներից են: Մեր երկրի բնակչության շուրջ կեսը տառապում է վահանաձև գեղձի այս կամ այն հիվանդությամբ: Իհարկե բոլորը դեպքերը չեն, որ վիրահատության ու անգամ բուժման կարիք ունեն: Այնուամենայնիվ, վահանաձև գեղձի հանգույցային գոյացությունների 1-5%-ը չարորակ են, հետևաբար վահանաձև գեղձի հանգույցներ ունեցող պացիենտները պետք է գտնվեն բժշկական հատուկ հսկողության ներքո:
Բավականին տարածված են նաև հարվահանաձև գեղձի հիվանդությունները: Հարվահանաձև գեղձերը՝ թվով 4-ը, գտվում են վահանաձև գեղձի հետին մակերեսին, բլթերի բևեռների մոտ: Այս օրգանները արտադրում են պարատհորմոն, որը կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունը օրգանիզմում: Հարվահանաձև գեղձերի գերֆունկցիայի ժամանակ արյան մեջ բարձրանում է պարատհորմոնի մակարդակը, ինչը կարող է հանդիսանալ աղեստամոքսային, սիրտ-անոթային, նյարդային համակարգների տարբեր խանգարումների պատճառ. Առաջանում են մկանային և ոսկրային ցավեր, նկատվում են խոցային հիվանդության և ենթաստամոքսային գեղձի բորբոքման սրացումներ:
Հարվահանաձև գեղձերի թերֆունկցիայի հիմնական պատճառը նրանց վնասումը կամ հեռացումը վահանաձև գեղձերի վրա վիրահատություն կատարելիս: Արտահայտվում է արյան մեջ կալցիումի քանակի նվազումով: Երբեմն կարող են առաջանալ ջղաձգումներ և ցնցումներ:
Էնդոկրին վիրաբուժության արդիական խնդիրներից է մակերիկամների մի շարք հիվանդությունների բուժումը: Մակերիկամները զույգ օրգաններ են, որոնք գտնվում են երիկամների վերին բևեռների մոտ և արտադրում են նյութափոխանակության համար մի շարք կարևորագույն հորմոններ՝ կատեխոլամիններ (ադրենալին և նորադրենալին), ստերոիդային հորմոններ: Մակերիկամներում կարող են զարգանալ հորմոնային ակտիվ ուռուցքներ, որոնց ժամանակ արյան մեջ կտրուկ և անկառավարելի բարձրանում են նշված կենսաբանորեն ակտիվ նյութերի քանակը: Դա էլ հանգեցնում է նյութափոխանակության, սիրտ-անոթային և այլ համակարգերի տարբեր խանգարումներին: Խնդրի արդյունավետ լուծման համար վերջերս մեր կենտրոնում ներդրեցինք նոր մեթոդ՝ մակերիկամի հեռացումը էնդոսկոպիկ եղանակով՝ հետորովայնամզային հատվածից: Հորոմալ ակտիվ ուռուցքների պարագայում կատարվող բարդ միջամտություն է, սակայն պրոֆեսիոնալ թիմով անելու պարագայում հրաշալի արդյունքներ ես ստանում:
Անհրաժեշտ և ցուցված վիրահատություններ
-Վերջնական ախտորոշման համար կատարվում է պունկցիոն բիոպսիա, որի հիման վրա որոշվում է ուռուցքների բուժման ռազմավարությունը: Ուռուցքներն ի սկզբանե լինում են կամ բարորակ, կամ չարորակ: Վահանագեղձի բարորակ ուռուցքները չարորակ դառնալու հատկություն չունեն, հետևապես բուժման հետագա ընթացքը կախված է բիոպսիայի արդյունքից:
Բարորակ ուռուցքների վիրահատությունները ցուցված են հետևյալ դեպքերում: Առաջին՝ երբ առկա է հարևան օրգանի ճնշման երևույթ: Վիրահատության դիմելը որոշվում է բժիշկ-պացիենտ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան են ուռուցքները անհանգստացնում հիվանդին, որքան է վատթարացել հիվանդի կյանքի որակը: Երկրորդը պարանոցի էսթետիկ տեսքի վերականգման նպատակով կատարվող վիրահատությունն է: Եվ երրորդը՝ երբ հանգույցը հորմոնակտիվ է:
Միջազգային վիճակագրության համաձայն՝ վահանաձև գեղձի հանգույցներ ունեցող 100 հիվանդից 1-5-ի մոտ հայնաբերվում է չարորակ ուռուցք: Չարորակ ուռուցքները ունենում են մասնագիտացված, դիֆերենցված ձևեր, երբ ուռուցքային բջիջները «հիշում են», թե որ բջիջներից են սկիզբ առել: Դիֆերենցված՝ պապիլյար և ֆուլիկուլյար ձևերի բուժման արդյունավետությունը հասնում է 95-100%-ի: Բարեբախտաբար, քիչ են չդիֆերենցված ձևերը, որոնք կոչվում են անապլաստիկ: Դրանք քաղցկեղի ամենասարսափելի տեսակն են. արագ աճ են արձանագրում և անբուժելի են: Փորձը ցույց է տալիս, որ հիվանդության ախտորոշումից հետո առնվազն 6 ամսվա ընթացքում արձանագրվում է մահ:
Վահանաձև գեղձի հիվանդություններից է մեդուլյար քաղցկեղը, որն առաջանում է հատուկ C բջիջներից: C բջիջները համարվում են «ոչ տեղացի բջիջներ» վահանաձև գեղձում: Դրանք արտադրում են ոչ թե վահանագեղձի հորմոններ, այլ կալցիոտոնին, որն իջեցնում է կալցիի քանակն արյան մեջ: C բջիջները բնութագրվում են արագ մետաստազավորմամբ, և նույնիսկ ռադիոյոդը անօգուտ է բուժման տեսանկյունից: Եթե ախտորոշումը հաստատվում է, ապա հեռացվում են և՛ վահանաձև գեղձը, և՛ լիմֆատիկ հանգույցները, որպեսզի հետագայում բացառվի հիվանդության կրկնվելու հավանականությունը: Մեդուլյար քաղցկեղի բուժման արդյունավետությունը շուրջ 75-85 % է:
Բուժման նորագույն մեթոդներ. առաջարկում է բ.գ.թ., դոցենտ Արմեն Վարժապետյանի ղեկավարած ծառայությունը
Մեր՝ «Աստղիկ» բկ Էնդոկրին վիրաբուժության ծառայության հիմնական գործունեությունն է վահանաձև, հարվահանաձև գեղձերի և մակերիկամների հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժումը: Այն իրականացնում ենք նորագույն եղանակների, նվազ ինվազիվ մեթոդների և սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցրել ենք վիրահատական տրավմայի աստիճանը և կրճատել ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները:
Ախտորոշման ժամանակակից մեթոդները զգալիորեն բարելավվել են, և այսօր դրանց շնորհիվ մենք հնարավորություն ունենք ավելի վաղ հայտնաբերել ուռուցքներն ու վահանաձև գեղձի այլ հիվանդությունները։ Մեր ծառայությունն ուղղորդվում է միջազգային առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկյան թիրեոդոլոգիական ասոցիացիայի, Եվրոպական թիրեոդոլոգիական ասոցիացիայի, որի անդամն եմ նաև ես, ինչպես նաև ռուսական էնդոկրին վիրաբուժների ասոցիացիայի ուղեցույցներով:
Ի դեպ վահանաձև գեղձի վիրահատությունների պարագայում ապահովում ենք շատ լավ կոսմետիկ արդյունք: Մաշկի վրա տեղադրվում է կոսմետիկ կար կամ էլ վերքի եզրերը սոսնձում ենք հատուկ կոսմետիկ սոսնձով։ Ու վիրահատությունից հետո հեռավոր ժամկետում մնում է ընդամենը շատ քիչ նկատելի, բարակ ու ոչ երկար սպի, շատ փոքր սպի է մնում նաև երբ իրականացնում ենք վիրահատությունը պարանոցային հատվածից էնդոսկոպիկ մեթոդով, իսկ թևատակային հատվածով մուտք գործելու դեպքում առհասարակ պարանոցի վրա սպի չի մնում:
Այս ամենի հետ մեկտեղ ապահովում ենք հիվանդների հետվիրահատական ապաքինման շատ կարճ շրջան՝ շնորհիվ որակյալ բուժօգնության, բարձրորակ դեղորայքի, արդյունավետ մեթոդների, գերժամանակակից սարքավորումների: