Պետական ոլորտը բժիշկի համար վտանգավոր է ու սթրեսայինն
Պոլիկլինիկաներն ունևորների համար վճարովի դարձնելուց առաջ նախ պետք է կարողանալ իրարից իսկապես տարբերել իրական ունևորներին ու չունևորներին, բնակչության պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին անցում կատարելիս պետք է դրսևորել շատ գրագետ, խելացի մոտեցում, որպեսզի թույլ չտրվեն սողանցքեր, այդ լավ գործը չաղտոտվի, չկեղտոտվի. այս կարծքին է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և էնդոսկոպիկ ողնաշարաբանության բաժնի վարիչ, օրթոպեդ-ողնաշարաբան Յուրի Աբրահամյանը:
- Ըստ ձեզ, Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար:
- Մենք ունենք շատ լավ մասնագետներ, բավական աչքի ընկնող ու խելացի ենք: Մեզ խանգարողը հիմնականում ժամանակակից, գերժամանակակից տեխնիկայի անբավարարությունն է` կապված ֆինանսների սղության հետ:
- Որո՞նք են առաջնային խնդիրները, որոնց լուծումը հնարավորություն կտա ոլորտը զարգացման նոր մակարդակի բարձրացնել:
- Տասնչորս-տասնհինգ տարի է՝ այդ մասին միշտ ասել եմ: Հիմա էլ կարծում եմ, որ ամենակարևորն ամբողջ ազգաբնակչության պարտադիր բժշկական ապահովագրությունն է, ուղղակի այդ համակարգին անցում կատարելիս պետք է լինի շատ գրագետ, խելացի մոտեցում, որպեսզի թույլ չտրվեն սողանցքեր, այդ լավ գործը չաղտոտվի, չկեղտոտվի: Պետք է այնպես անել, որ չլինեն բուժհաստատությունների և ապահովագրական ընկերության գաղտնի համագործակցություն, պետք է այնպես կազմակերպել գործը, որ ԽԾԲ-ները դերակատարություն չունենան:
- Դուք մասնագիտական առումով պաշտպանված զգո՞ւմ եք ձեզ, ի՞նչ քայլեր են պետք բժշկի պաշտպանվածության ու հեղինակության բարձրացման համար:
- Հայաստանում «Առողջապահության մասին» օրենքը, ցավոք, այդպես էլ չընդունվեց, որը կարող էր կարևոր դեր ունենալ բժիշկների պաշտպանվածության հարցում: Ոչ մի բժիշկ մեր երկրում այսօր պաշտպանված չէ, շատ ավելի թույլ է պաշտպանված, քան խորհրդային տարիներին էր, քան ցանկացած երկրում: Այսօր ցանկացած մարդ, նույնիսկ առանց հիմնավորման, կարող է ցանկացած բժշկի դեմ բողոքել և անգամ դիմել դատարան: Չկան այն կազմակերպությունները, որոնք նման դեպքերում պետք է զորավիգ լինեին բժշկին, որոնց կարծիքը տվյալ խնդրում պետք է հզոր դեր ունենա: Չկա նաև բժիշկների ապահովագրություն, ինչպիսին կա, օրինակ, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում: Այնտեղ բժիշկներն ապահովագրված են: Ապահովագրական ընկերությունը բժշկին ապահովագրելիս, նրա բոլոր տվյալները հաշվի է առնում` և՛ մասնագիտական ունակությունները, և՛ ստաժը, և՛ աշխատանքային կենսագրությունը, ամեն ինչ, և ինքն ինչ-որ տեղ կարծես երաշխավոր է այդ բժշկի համար: Երբ որ բժիշկը խնդիր է ունենում, նա չի թողնում իր վիրահատությունները, գործերը և ընկնում դատարաններ, պատասխանում, պաշտպանվում կամ ապացուցում, որ ինքը բժշկական սխալ թույլ չի տվել: Այդ բոլորն անում է ապահովագրական ընկերությունն իր մասնագետներով, ինչի համար տարվա ընթացքում կամ պայմանագրի գործողության ընթացքում բավական մեծ գումար է վերցնում բժշկից: Եթե ինքը պարտվում է դատարանում, ինքն է վճարում, փոխհատուցում բոլոր վնասները, եթե դատարանում ինքն է հաղթում, բժշկի վճարած ապահովագրական գումարները մնում են իրեն:
Չի կարելի մի բժշկի, որը, ասենք, 1000 մարդու կյանք է փրկել, փնովել, պատժել, եթե մի հատ խնդիր է ունեցել, առավել ևս, եթե դա ինչ-որ կասկածելի խնդիր է: Դա պետք է լինի մասնագիտական լուրջ քննության առարկա, պետք է լինի նաև բժիշկների ապահովագրություն, որը կլուծի այն բոլոր խնդիրները, որոնք լուծելի են:
Ինչ վերաբերում է բժշկի հեղինակության բարձրացմանը, ինձ թվում է, բժշկի հեղինակությունը կախված է նրա աշխատանքային գործունեության արդյունքից: Եթե նա ունի, ասենք, 1000 բուժած հիվանդ, որոնք իրենց շնորհակալություն են հայտնել, հեղինակության համար դրանից բարձր բան էլ չկա: Եթե բժիշկը պարբերաբար պրոբլեմներ ունի, նա չի ունենա այդ հեղինակությունը:
- Հիմա տարբեր քննարկումներ են լինում պետպատվերի շուրջ: Ըստ ձեզ, ո՞րն է առավել արդյունավետ և արդարացի մեխանիզմը:
- Շատ մարդիկ մեղավոր չեն, որ իրենց իրավունք չի տրված ու չեն կարող ընդգրկվել պետպատվերի ցուցակներում ու գնալ, մատչելի գներով բուժվել, ուստի, կարծում եմ, պետպատվերին պետք է փոխարինելու գա բնակչության համընդհանուր ու պարտադիր բժշկական ապահովագրությունը: Կապված իր սոցիալական վիճակի կամ եկամտի հետ, մեկը կարող է վճարել ամսական 800 դրամ, մյուսը կարող է վճարել 8000 դրամ, իսկ օլիգարխին էլ պարտադրվի վճարել 800 000 դրամ: Միանշանակ պետք է լինի պարտադիր բժշկական ապահովագրական համակարգ, բայց դա պետք է լինի խելացի ձևով կազմակերպված: Անցած 25 տարիների ընթացքում նախորդ կառավարություններից ոչ մեկը չդրեց ու չլուծեց այդ հարցը, մինչդեռ դա պետք է արվեր ամենասկզբում:
- Վերջերս եղավ առաջարկ` պոլիկլինիկաները դարձնել վճարովի ունևորների համար: Ո՞րն է մեխանիզմը, և և դա ի՞նչ ազդեցություն կունենա առողջապահական համակարգի վրա:
- Ես առողջապահության կազմակերպիչ չեմ, մի քիչ դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, բայց այսօր Հայաստանում ունևորներին ու չունևորներին իրարից տարբերելը շատ դժվար է: Ով և ինչպես է գծելու ունևորի ու չունևորի սահմանը: Շատ մարդիկ այսօր սոցիալական նպաստ չեն ստանում, սոցիալական ապահովության «Փարոս» համակարգից չեն օգտվում, որովհետև ծայրաստիճան աղքատ չեն, ընչազուրկ չեն, որ օգտվեն, բայց նրանք էլ իրականում չունևոր են: Մինչդեռ, փոխարենը, ես երբեմն տեսնում եմ մարդկանց, ովքեր հսկայական տներ ունեն, այլ գույք ունեն և այլն, բայց «Փարոս»-ից են օգտվում: Այսինքն` նախ պետք է մտածել այդ սահմանը դնել, կարողանալ իրարից տարբերել ունևորներին ու չունևորներին, այդ հարցում արդարացի լինել, հետո նոր վճարովի դարձնել պոլիկլինիկաներն ունևորների համար:
- Հայաստանում արդեն գործում է բժիշկների կրեդիտավորման համակարգը: Ըստ ձեզ, ինչպիսի՞ն է դրա արդյունավետությունը:
- Ես դրան շատ կողմ եմ, ամբողջ Եվրոպայում այդպես է: Երբ որ ես արտերկրում այդ կոնգրեսներին էի մասնակցում, ամեն մի միջազգային կոնգրես ինձ հատուկ հավաստագրով տալիս էր համապատասխան կրեդիտներ:
- Կա՞ արդյոք առողջ մրցակցություն Հայաստանի առողջապահության ոլորտում: Շատ բժիշկներ բողոքում են մոնոպոլիաների առկայությունից:
- Մրցակցությունն այստեղ վատը չէ: Չեմ ասի, թե իդեալական է, բայց չեմ ասի նաև, թե շատ վատն է: Կարծում եմ, որ արտասահմանում էլ այդ առումով ինչ-որ մի փայլուն իրավիճակ չէ, համարյա նույն վիճակն է, ինչ այստեղ:
- Եթե ձեզ արտերկրից աշխատանքի առաջարկ ներկայացնեին, կլքեի՞ք հայրենիքը:
- Անկեղծ ասած, ինձ արտասահմանից ժամանակին առաջարկ եղել է, չեմ գնացել, ես իմ հայրենիքը շատ եմ սիրում:
- Ինչպե՞ս եք վերաբերվում բժիշկներին, որոնք լքում են հայրենիքը:
- Ինչ-որ տեղ իրենց չեմ մեղադրում, որովհետև, կարծում եմ, դրանում առաջին հերթին մեղավոր են հենց իշխանությունները: Ի՞նչ է նշանակում, օրինակ, պոլիկլինիկայի թերապևտին տալ ցածր աշխատավարձ, որը չի ծածկում անգամ նվազագույն զամբյուղը: Այդ մարդը, բոլոր դեպքերում, բժիշկ է, տարիներով տքնաջան սովորել է, մանրամասն ուսումնասիրել է բժշկությունը, որպեսզի նաև վատ չապրի, գոնե միջին որակով ապրի: Նա ստանում է շատ ցածր աշխատավարձ, մինչդեռ 8-րդ դասարանի կրթությամբ ինչ-որ մեկն այս երկրում միլիոնատեր է: Բնականաբար, այդ բժիշկը կգնա այս երկրից, որովհետև, ամեն դեպքում, բժիշկը ցանկացած երկրում համարվում է բարձր որակավորման մասնագետ: Միացյալ Նահանգներում գրեթե բոլոր բժիշկները միլիոնատերեր են: Մենք սովորել ենք խորհրդային տարիներից, որ բժիշկը պարտավոր է չքնի, այս չանի, այն չանի, իր կյանքն էլ տա, ամեն ինչն էլ տա, որովհետև ինքը բժիշկ է և Հիպոկրատի երդում է տվել: Նախ ասեմ, որ Հիպոկրատի երդման մեջ այդպիսի բան չկա, թե բժիշկը պետք է ամեն ինչ անի: Հիպոկրատը ժամանակին ասում էր, որ բժիշկը պետք է լավ ապրի, որովհետև նաև մեծ գործ է անում, մեծ աշխատանք է անում: Իսկ եթե արտասահմանում մարդուն ապահովում են այդ մեծ աշխատանքի դիմաց համապատասխան կամ բավարար վարձատրությամբ, իսկ այստեղ նվազագույնն անգամ չունի, ես ինչպե՞ս մեղադրեմ, թե ինչու ես գնում:
- Դուք կգերադասեիք աշխատել մասնավո՞ր, թե պետական հիվանդանոցում: Ինչո՞ւ…
- Միանշանակ մասնավոր: Այսօր, ցավոք, օրենքն այնպիսին է, որ հիվանդանոցների տնօրեններ նշանակում է ոչ թե առողջապահության նախարարությունը, այլ քաղաքապետարանը, և, բնականաբար, չի նշանակում մասնագետի: Հաշվի են առնվում բարեկամական, ընկերական, խնամիական կապերը, առավել ևս` կուսակցական պատկանելությունը, և ոչ թե նրա գիտելիքները, փորձը, կարողությունները: Անպայման հաշվի է առնվում նաև այն, թե հետո ինչ ակնկալիք իրենք կունենան դրանից: Այստեղից էլ՝ մնացած բոլոր հետևանքները… Դրա համար էլ պետական ոլորտը դառնում է խիստ վտանգավոր ու սթրեսային բժշկի համար: Անմեղ բժիշկն ամեն վայրկյան կարող է կանգնել մեծ պրոբլեմների առջև, ենթարկվել վարչական մեծ ճնշումների, եթե չաշխատեց վերևի մեթոդներով, վերևի թելադրած խաղի կանոններով, ինքն էլ կարող է չիմանալ, թե ուր փախչի: Ցավոք, այս իրավիճակը հանգեցնում է ժողովրդի մեջ այն կարծիքի ձևավորմանը, թե այ բժիշկները, գիտեք ինչ… Էլ չեն ասում, որ նրանք ինչ-որ տեղ ճնշումների տակ են:
- Ինչպե՞ս բարձրացնել բնակչության վստահությունը ոլորտի նկատմամբ:
- Կարծում եմ, այդ հարցը երևի նախ պետք էր տալ առողջապահության նախարարությանը… Այնուամենայնիվ, պատասխանեմ` լավ աշխատանքով, անընդհատ պետք է նորմալ աշխատել:
- Ունե՞ք որոշակի առաջարկներ, որոնք կուզեիք ներդրվեին առողջապահական համակարգում:
- Կարծում եմ, պետությունն ինչ-որ բաներ պետք է վերցնի իր վրա, պետք է փորձել մարզերում բժշկությունը հավասարեցնել մայրաքաղաքի բժշկության մակարդակին: Այսօր հանրապետության ամբողջ բժշկական էլիտան կուտակվել է Երևանում, մարզերի շատ բժշկական կենտրոններում բժշկական ծառայությունը շատ անգամ թույլ է Երևանի համեմատ, մինչդեռ պետությունն այնքան էլ հոգ չի տանում, որպեսզի մարզերի բուժկենտրոններն ապահովվեն ժամանակակից տեխնիկայով, համապատասխան կադրերով` բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու համար: