Լաբորատոր հնարավորությունները մեծանում են

Հաճախական սթրեսները, աղտոտված էկոլոգիան, սննդի և հանգստի ռեժիմի խախտումները և բացասական այլ ազդակներ նպաստում են տարբեր հիվանդությունների ռիսկի գործոնների զարգացմանը: Այդ ռիսկի գործոնները վերհանելը և հիվանդությունների զարգացումը կանխարգելը ժամանակակից բժշկության մեջ ձեռք են բերել առաջնային նշանակություն, և հենց այստեղ է, որ առավել կարևորվում են լաբորատոր-գործիքային ճշգրիտ հետազոտությունները: Ի՞նչ պահանջներ են ներկայացվում ժամանակակից լաբորատոր-գործիքային ախտորոշման կենտրոններին, ի՞նչ չափանիշների դրանք պետք է համապատասխանեն, որակի վերահսկման ի՞նչ մեխանիզմներ կիրառեն, որպեսզի պրակտիկ առողջապահությանը տրամադրած նրանց կարևոր ինֆորմացիան լինի օբյեկտիվ և ճշգրիտ. պատասխանները՝ «Էկոսենս» ախտորոշման կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն Ինեսսա Նազարյանի հետ հարցազրույցում:
-«Էկոսենսը» կայուն բարձր վարկանիշ ունեցող ախտորոշման կենտրոն է, որն աշխատում է մեծ ծավալով: Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
-Մեր հաջողության գաղտնիքը քրտնաջան աշխատանքն է. մենք աշխատում ենք և´ որակի մշտական կատարելագործման ուղղությամբ, զբաղվում և´ նորարար ախտորոշիչ տեխնոլոգիաների ներդրմամբ, և´ մասնագետների որակավորման շարունակական բարձրացմամբ: Այդ քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր մենք ունենք գերժամանակակից, ամբողջովին ավտոմատացված ախտորոշման կենտրոններ, որոնք զինված է լավագույն արտադրողների վերջին սերնդի սարքավորումներով: Բոլոր այն հետազոտությունները, որոնք կատարվում են զարգացած երկրներում գործող բարձրակարգ ախտորոշիչ կենտրոններում, նույն բարձր մակարդակով ու որակով իրականացվում են «Էկոսենսում»: Հետազոտությունների անցկացման ավտոմատացված ռեժիմը բացառում է սխալի հավանականությունը, նաև ապահովում դրանց գաղտնիությունն ու անանունությունը: «Էկոսենսը» միակն է Հայստանում, որ ներդրել է լաբորատոր տեղեկատվական համակարգ: Պացիենտին ընդունարանում գրանցելիս տրվում է ծածկանուն և գաղտնաբար: Հենց այդ ծածկանունով էլ նրա հետազոտության նմուշները ներմուծվում են համակարգ: Սարքավորումները, որոնք ապահովված են շտրիխ կոդերը կարդացող սարքեր, հետազոտության պատասխանը նույն ծածկանունով ուղարկում են համակարգիչ: Պատասխանները տրամադրվում են մեր կայքի (www.ecosense.am) «Արդյունքներ» բաժնում, որտեղ պացիենտը մուտք է գործում նույն ծածկանունով ու իր գաղտնաբառով և տեսնում է միայն իր պատասխանը:
-Ի՞նչ առանձնահատուկ հետազոտություններ են իրականացվում «Էկոսենս» լաբորատորիաներում:
-Բացի ստանդարտ կլինիկական , կենսաքիմիական, իմունոլոգիական, մանրէաբանական, հորմոնալ հետազոտությունների, հղիության սքրինինգի, մենք իրականացնում ենք նաև ինքնատիպ ՊՇՌ (Պոլիմերազ շղթայական ռեակցիա) մեթոդով հետազոտությունները: Այն գենետիկ մակարդակում կատարվող հետազոտություն է և համարվում է աշխարհում ընդունված,, ոսկե,, ստանդարտ՝ ցանկացած տեսակի վարակ բարձր ճշգրտությամբ ախտորոշելու, տարբեր հիվանդությունների հանդեպ նախատրամադրվածությունը որոշելու համար: Այս հետազոտության նշանակությունը մեծ է հատկապես մանկաբարձության և ուռուցքաբանության համար: Մանկաբարձության մեջ այն կարևորվում է տրոմբոֆիլիաների ախտորոշման դեպքում: Մեր լաբորատորիան միակն է Հայաստանում, որ գենետիկ մակարդակում ի հայտ է բերում տրոմբոֆիլիաների հանդեպ նախատրամադրվածությունը: Ուռուցքաբանության մեջ ՊՇՌ մեթոդով ախտորոշումը կարևորվում է կրծքագեղձի քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածությունը հայտնաբերելու հնարավորությամբ: Սխալմունքի հավանականությունը ՊՇՌ ախտորոշման դեպքում գրեթե զրոյի է հավասարվում:
Մեզ մոտ կատարվում են նաև մեծ ծավալով զանազան ալերգենների նկատմամբ հետազոտությունները:
Ինչ վերաբերում է գործիքային հետազոտություններին, ապա դրանք հիմնականում իրականացվում են Կոմիտասի 37/1 հասցեում գտնվող մեր ախտորոշման կենտրոնում: Այստեղ վերջին սերնդի սարքավորումներից կառանձնացնեմ երկուսը, որոնք դարձյալ միակն են Հայաստանում: Մեկը Philips ապրանքանիշի ուլտրաձայնային հետազոտությունների սարքն է: Այն հնարավորություն է տալիս կատարել ներքին օրգանների ուլտրաձայնային զննումներ, էխոկարդիոգրաֆիկ, դոպլեր, դուպլեքս հետազոտություններ: Մյուսը լյարդի շարժական ֆիբրոսքանն է: Մինչև հիմա լյարդի ֆիբրոզի ախտորոշումը կատարվում էր ինվազիվ միջամտությամբ. լյարդից մի քանի կտոր էր նմուշառվում: Մեր ներկայացրած ֆիբրոսքաների շնորհիվ լյարդի ֆիբրոզի աստիճանն այսօր կարելի է պարզել ուլտրաձայնային հետազոտությամբ 10-15 րոպեի ընթացքում` հետազոտելով լյարդի ավելի մեծ ծավալ, քան նախկինում: Այն հեպատոլոգներին և գաստրոէնտերոլոգներին ճշգրիտ ախտորոշում տրամադրող համար կարևորագույն հետազոտությունն է: Քանի որ այս սարքավորումները շարժական են, ծանր հիվանդների և շարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց հետազոտությունները կարող ենք իրականացնել տանը կամ այն բժշկական կենտրոնում, որտեղ նրանք բուժվում են:
Ի դեպ, մենք առաջին լաբորատորիան ենք, որը ներդրել են «Check-up» ծրագիրը: Այն բարձր արդյունավետությամբ գործում է աշխարհի բոլոր առաջատար երկրներում: «Check-up»-ը պացիենտի համալիր ախտորոշիչ հետազոտություն է, որն իրականացվում է տարին մեկ անգամ և գնահատում է նրա ներկա առողջական վիճակն ու ռիսկերը, խնդիրներ հայտնաբերելու դեպքում ուղղորդում համապատասխան մասնագետի մոտ` այդպիսով կանխելով հնարավոր հիվանդությունների առաջացումը: Սա կանխարգելիչ ապահովագրական բժշկությանն ուղղված պրակտիկ մեծ նշանակություն ունեցող քայլն է մեր երկրում:
-«Էկոսենսը» ախտորոշիչ լաբորատոր բարձրակարգ ծառայություններ է ներդրել նաև Հայաստանի մարզերում: Որտե՞ղ և ի՞նչ ծավալներով են գործում Ձեր մարզային մասնաճյուղերը:
-Լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների այն ամբողջ ծավալը, որ «Էկոսենսը» իրականացնում է Երևանում, հասանելի է նաև Կապան, Վանաձոր, Գյումրի և Ստեփանակերտ քաղաքների բնակչությանը: Մինչ այդ մեր մարզաբնակ պացիենտները ստիպված էին հասարակ հետազոտության համար հասնել Երևան: Հատկապես հղի կանանց դեպքում դա շատ ռիսկային էր: Այժմ արդեն նույն բարձր մակարդակի ախտորոշիչ ծառայությունները մատուցվում են տեղում: Մեր մարզային կենտրոնները ապահովում են անալիզների նմուշառման ու տեղափոխման պահանջվող պայմանները: Նմուշները տեղափոխվում են Երևան, հետազոտությունները կատարվում են այստեղի լաբորատորիաներում, և նույն օրը կամ առավելագույնը հաջորդ օրը պացիենտը ստանում է իր պատասխանը հետադարձ on-line կապով:
-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Արցախում դիագնոստիկ հետազոտությունների զարգացման ուղղությամբ:
-Մեր գործունեության այս ուղղությունը կարևորում եմ առավել, քանի որ, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրը պետք է իր լուման ներդնի Արցախի զարգացման գործում: Մենք այնտեղ հիմնեցինք ախտորոշիչ լաբորատորիա, կազմակերպեցինք բժշկական կոնֆերանս: Մեր այս նախաձեռնությունը արժանացավ տեղի բժիշկների բազմաթիվ շնորհակալական արձագանքներին:
-Հետազոտությունների որակի վերահսկման ի՞նչ մեխանիզմներ են գործում «Էկոսենսում»:
-«Էկոսենս» ախտորոշման կենտրոնները ունեն որակի վերահսկման մի քանի մակարդակ: Առաջինը որակի ամենօրյա ներքին խիստ հսկողությունն է, որը, ճիշտ է, ծախսատար է, բայց որակի պահպանման ամենավստահելի եղանակն է: Երկրորդը արտաքին ամենամսյա վերահսկումն է, որն իրականացվում է Մեծ Բրիտանիայի ռեֆերենս-լաբորատորիայում Randox ծրագրի շրջանակներում: Ամիսը մեկ անգամ մեր հետազոտությունների արդյունքների նմուշները ուղարկվում են Լոնդոն, և ստացած պատասխանները համեմատում ենք մեր արդյունքների հետ: Բացի այդ ունենք նաև հետազոտող սարքավորումների ամենամյա հսկողություն: Արտադրող ընկերությունների հետ կնքած պայմանագրի համաձայն ամեն տարի սարքավորումները տեղում կամ իրենց գործարան ուղարկվելով անցնում են աշխատանքային վիճակի ստուգում: Այս վերահսկողության շնորհիվ մենք մեզ ավելի ապահով ենք զգում ու վստահ, որ մեր տված ախտորոշումները ճշգրիտ են:
-Չնայած որակի համար կատարվող մեծ ներդրումներին` Ձեր գնացուցակը չի տարբերվում միջին շուկայական գներից:
-Այո, մենք Հայաստանում ենք ապրում ու պարտավոր ենք պահպանել այդ միջին շուկայական գները, որոնք ձևավորվում են մեր երկրի սոցիալական վիճակի և որակի պահպանմանն ուղղված միջոցառումների հաշվարկով: Ասեմ ավելին` խուսափել է պետք այն ախտորոշիչ կենտրոններից, որոնք ավելի ցածր գներ են առաջարկում. դա միայն նշանակում է, որ նրանք տնտեսում են ծախսվող լաբորատոր նյութերի որակի հաշվին:
-Ասում են` դիագնոստիկան այնքան է զարգացել, որ առողջ մարդ չի մնացել. Ձեր կարծիքը:
-Ես առողջ մaրդ հասկացությանն եմ մի քիչ թերահավատորեն վերաբերվում: Եթե մենք ասում ենք առողջ մարդ, ուրեմն նկատի ունենք, որ նրա ոչ մի օրգան-համակարգում ոչ մի խնդիր չկա. կա՞ այդպիսի մեկը: Արտաքին բացասական ազդակները` անընդհատ սթրեսները, վատ էկոլոգիան, անառողջ սնունդը և այլն, այնքան շատ են, որ շատ դժվար է առողջ մնալը: Մեր խնդիրն է պահպանել այն առողջական վիճակը, որ ունենք հիմա. պարբերաբար հետազոտվել, գնահատել ռիսկերը, հիվանդությունները հայտնաբերել վաղ շրջաններում ու կանխել առաջնային փուլում: Դիագնոստիկայի «մեղքով» չէ, որ առողջ մարդ չի մնացել, պարզապես մեր ապրելակերպը մեզ չի թողնում` լիարժեք առողջ լինենք: Բայց եթե փորձենք առողջ ապրելակերպը որդեգրել որպես մեր կյանքի կանոն և ռազմավարություն, հրաժարվենք վատ սովորություններից (ծխախոտի, ալկոհոլի չարաշահում ) և տարին մեկ անգամ օրգանիզմի համալիր հետազոտություն անցնենք, կպահպանենք այն, ինչ ունենք և կկանխենք հավանական առողջական խնդիրները: