Y Logo
Գրիգորի Գրիգորյան. Պետությունը ԲԿ-ներին չպետք է դնի բիզնեսի մսաղացի տակ

Գրիգորի Գրիգորյան. Պետությունը ԲԿ-ներին չպետք է դնի բիզնեսի մսաղացի տակ

Առողջապահական ոլորտը մեզանում բավականին զգայուն է. հակասական է բժշկի և բժշկության նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Գաղտնիք չէ, որ մարդու առողջությունն այսօր հաճախ է դառնում բիզնես սակարկությունների առարկա` ոլորտի ապաշնորհ կազմակերպիչների կողմից: Միանշանակ է, որ համակարգն ունի այնպիսի խնդիրներ, որոնց լուծման մեխանիզմներն ու հնարավորությունները պետության գործառույթների սահմաններում են, որոնք, սակայն, տևական ժամանակ մնում են անկատար: Այս և հարակից այլ թեմաների շուրջ «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը  զրուցել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Գրիգորի Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, ո՞րն է պետության թիվ մեկ գործառույթն առողջապահության ոլորտում:

-Շատ գլոբալ հարց եք ուղղում ինձ: Կփորձեմ նույն կերպ պատասխանել... Անհրաժեշտ է ներդնել այնպիսի համակարգ, որը կհավաստի պետության պարտավորությունը իր քաղաքացիների առողջության պահպանման ու բուժսպասարկման կազմակերպման հարցում: Պետությունն իր առողջապահական համակարգին պետք է վերաբերվի իբրև հանրային արժեքի և պահի իր անմիջական հոգածության տակ: Առողջապահության ոլորտի զարգացումը պետք է ընկալվի իբրև պետության գերակա շահ: Միևնույն ժամանակ պետք է վեր հանել  Հայաստանի առողջապահության ոլորտում գերակա ճյուղերը ու ջերմոցային պայմաններ ապահովել դրանց կայացման համար:

-Ասում են, որ ուժեղ առողջապահական համակարգ կարող է լինել միայն հարուստ երկրներում, իսկ մեր պետությունը շատ խոցելի է այս առումով:

-Դա կեղծ արդարացում է, այդպիսի մտածողությամբ մարդիկ իրավունք չունեն զբաղվելու ոլորտի զարգացմամբ: Պետությունը պետք է շատ զգույշ, խնամքով ու խելամիտ տնօրինի առողջապահության ոլորտի եղած հատկացումները: Ճիշտ տնտեսվարման պարագայում ոլորտի զարգացման համար կստեղծվեն իրական նախադրյալներ: Կայացած ու կանգուն առողջապահական համակարգ կարելի է ունենալ առաջինը` սրտացավությամբ ու տիրոջ զգացողությամբ, երկրորդը` իրական ծրագրերով ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ:

-Գաղտնիք չէ, որ մենաշնորհը խեղդում է Հայաստանը գրեթե բոլոր ասպեկտներում, ամեն բան վերածվում է առևտրային հարաբերությունների, այդ թվում, ցավոք, նաև բժշկական ոլորտը: Ո՞րն է Ձեր մոտեցումն ու առաջարկը:

-Չի կարելի բիզնես անել մարդու հիվանդության հաշվին: Մեր գործը առաքելություն է, պարտավորություն, և պետությունը մեզ չպետք է դնի «բիզնեսի մսաղացի տակ»: Իսպառ պետք է բացառվի բուժհաստատությունների նկատմամբ պետության դրսևորած խտրական վերաբերմունքը` անկախ որևէ շարժառիթից: Բուժհաստատությունները մեր համակարգի ծիլերն են, և պետք է յուրաքանչյուրին վերաբերվել  հատուկ ջերմությամբ ու սիրով: Չի կարելի թույլ տալ օլիգարխիկ բարքերի թափանցումը առողջապահություն: Պակաս չարագործություն չեն համակարգի հանդեպ նաև դեմպինգային դրսևորումները:  Այսօրվա կորուստը վաղը վերականգնել արդեն չի լինի: Ուստի պետք է ստեղծել այնպիսի վերահսկողական գործիքներ, որտեղ նաև բժիշկները ներգրավված չեն լինի զանազան մեքենայությունների մեջ, չեն մասնակցի  դեղագործական կամ դիագնոստիկ ընկերությունների կողմից առաջարկվող սպառողական խաղերին: Չեն արատավորի բժշկի բարձր անունն ու հեղինակությունը, հետևաբար` բարձր կպահեն մեր երկրի առողջապահական համակարգի իմիջը: Տեսեք, հանրությունը կանխակալ վերաբերմունք ունի առողջապհական ոլորտի նկատմամբ ընդհանրապես, բուժհաստատությունների և՛ մասնագիտական, և՛ բարոյական նկարագիրը վարկաբեկված է մեծ մասամբ արհեստականորեն: Ուրեմն ի՞նչ պետք է անել. առաջին հերթին ներդնել այնպիսի համակարգ, որը կերաշխավորի բժիշկների կիրթ և պատասխանատու լինելը: Հիվանդների հանդեպ հոգատարությունը կդրվի ոչ միայն բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների առանցքում, այլև ողջ համակարգի: Ինչ խոսք, բուժսպասարկումը ենթադրում է կոմերցիոն դրսևորում, բայց հակացուցված է այն  առաքելությունից վերածել էժան առևտրի:  Պետք է փրկել բժշկի պատիվը և նրան չվերածել կոմերսանտի: Խնդիրը, հավատացեք, ոչ այնքան բժիշկն է, որքան համակարգը, որ բժիշկներին խաղի կանոններ է թելադրել: Հավատացնում եմ, որ մեր երկրի իրական բժշկական համայնքը չկամությամբ է հայտնվել այս առևտրային խաղի կանոններում: Բժիշկը կոչում է:

-Պարոն Գրիգորյան, Դուք բազմափորձ բժիշկ եք և առողջապահական ոլորտի նույնքան փորձառու կազմակերպիչ, ինչպես ասում են` ներսի մարդ եք: Ցանկացած բնագավառում մասնագետն ունենում է ինչպես մեծ հաջողություններ, այնպես էլ ձախողումներ, որոնցով չափվում է վերջինիս որակը: Բժշկի պարագայում արդյոք ճիշտ է տվյալ բժշկին որակավորում տալ մահացությունների թվով:

-Այո՛, ես «միջի մարդ» եմ և ոլորտի լավն ու վատը գիտեմ գերազանց: Հենց դա է ինձ իրավունք վերապահում միանշանակ կարծիքներ հայտնելու: Ուստի, պատասխանատու կերպով ասում եմ, որ չի կարելի բժշկի որակը չափել մահացությունների թվով: Կտրականապես թյուր ու սխալ մոտեցում է դա: Սակայն չի էլ կարելի երեկվա անփորձ ուսանողին միանգամից բազմեցնել բժշկի պատվավոր աթոռին: Պետք է ներդնել «բժշկի օգնականի» ինստիտուտը` որպես սերնդափոխության ու փորձի փոխանակման կարևոր օղակ: Բուժանձնակազմի վերապատրաստման ու կատարելագործման խնդիրները պետք է դրված լինեն առողջապահական համակարգի ամենօրյա օրակարգում: Պետք է ներդնել բժիշկների աշխատանքի որակն ու գործունեությունը չափող իրական համակարգեր: Ասեմ ավելին` հատուկ հոգածություն պետք է զգան հենց բժիշկները: Առողջապահական համակարգում ամենաանպաշտպան շերտը հենց նրանք են: Նրանք են իրենց ամենօրյա աշխատանքում կրում հասարակության դժգոհությունը համակարգից: Պետք է ստեղծել նրանց իրավունքները երաշխավորող և պաշտպանող  ծառայություններ: Մեր գիտակցության մեջ պետք է ամրագրված լինի,  որ հիվանդանոցը շենք կամ պատեր չեն: Բուժհաստատությունը նույնիսկ սարքավորումները չեն, որոնց առկայությունը, ինչ խոսք, ժամանակի պահանջ է: Մեր բուժհաստատությունները, ավելին`մեր առողջապահական համակարգը, առաջին հերթին մեր բուժանձնակազմերն են` սկսած հենց տեխնիկական աշխատողներից մինչև  բուժքույրեր ու բժիշկներ: Ավելի հեռուն գնալով` ես պնդում եմ, որ հատուկ կարգավիճակ պետք է տրվի մեր առաջատար, հեղինակավոր բժիշկներին: Ոչ ավել, ոչ պակաս` նրանք ազգային արժեք են: Ինքներդ նայեք, թե վերջին շրջանում ինչպիսի բարձրակարգ բժիշկների արտահոսք ենք ունեցել: Ուղղակի արյունահոսել ենք: Սա պարզապես աղետ է մեր առողջապահական համակարգի համար: Ինչպե՞ս է, որ օտար երկրների կլինիկաներում նրանք արժանավայել և մասնագիտական բարձր որակի ու պատասխանատու ծառայություններ են մատուցում: Հետևապես, մեզանում արհեստականորեն չի կայացվում ոլորտը: Մինչդեռ իրական ծրագրեր են պետք… իրական…

-Ի՞նչ եք կարծում, բժշկության ոլորտը պետք է պետության մենաշնորհը լինի, թե՞ այստեղ անելիք կամ օգտակար ներդումներ կարող է ունենալ նաև մասնավոր հատվածը: Այս համատեքստում խոսենք նաև դեղորայքի շուկայի մասին` որպես ոլորտի ածանցյալ, բայց և անբաժանելի մաս:

-Պետությունը մեր ոլորտում պետք է դոմինանտ լինի, բայց ոչ մենաշնորհյալ: Իհարկե, մասնավոր սեկտորը ևս պետք է ակտիվորեն մասնակցի ոլորտում ընթացող գործընթացներին. աշխարհում սա ընդունված և լիարժեքորեն արդարացված մոտեցում է, եթե պետությունը սահմանում է խաղի հավասարակշիռ և անկողմնակալ կանոններ: Ցանկացած ոլորտում մասնավոր ներդրողը, եթե վաշխառու չէ, եթե ազնիվ է, իր բիզնես հետաքրքրություններից զատ, պետք է հոգատար, սրտացավ վերաբերմունք դրսևորի այն հատվածի նկատմամբ, որին թիրախավորել է իր բիզնես պլանում: Մեր ոլորտում առավել ևս մարդը և նրա առողջությունը ոչ թե պետք է հանդիսանա մասնավոր բիզնեսը զարգացնելու նպատակ, այլ մասնավոր բիզնեսը պետք է լինի միջոց` մարդուն առողջ ու երջանիկ դարձնելու համար: Հենց այստեղ է, որ խախտվում են բժշկի ու առհասարակ բժշկության առաքելության և բիզնեսի սահմանները, որոնք սերտաճում են իրար մեջ և փակուղու առաջ կանգնեցնում հասարակությանն ու ոլորտը: Այսուհանդերձ, երկրորդ կարծիք չկա, որ պետք է երաշխավորված լինեն նաև մասնավոր բուժհաստատությունների իրավունքները: Բարձրացնելով նրանց վերահսկողության մակարդակը` պետք է խրախուսել նաև նրանց ջանքերով ու միջոցներով նորարար տեխնոլոգիաների ներդրումները: Ինչ վերաբերում է դեղորայքի շուկային, այստեղ ևս իրական վերահսկողություն է պետք: Խնդիրը միայն դեղորայքի գները չեն, որոնք հիմնականում անտրամաբանական բարձր են: Սակայն պետք էլ չէ դեղագործական ընկերություններին վերաբերվել որպես «յուղոտ» հարկատուների, այլ ընդհակառակը` անհրաժեշտ է նվազեցնել հարկերն ու տուրքերը, բայց հարկադրել, որ գները իջեցվեն գրեթե ինքնարժեքին մոտ: Շատ կարևորում եմ դեղատներին տրվող աշխատանքային թույլտվության վերահսկողությունը: Պետք է հատուկ ուսումնասիրության առարկա դարձնել դեղորայքի պահպանման հնարավորություններն ու ստանդարտները: Ես ուզում եմ այս ամբողջ զրույցի համատեքստում մի շատ կարևոր բան շեշտել. վստահաբար պետք է ներդնել պարտադիր պետական առողջապահական ապահովագրության ինստիտուտը: Այս պրակտիկան պետք է ընդօրինակել: Սա կլինի մեր ոլորտի փրկօղակներից մեկը, գուցեև` գլխավորը: Բայց այստեղ ևս պետք է լինել շատ զգույշ և խուսափել հնարավոր չարաշահումներից:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5