Վնասվածքը խորացել էր, քանի որ ժամանակին չէին հայտնաբերել
14 տարեկան տղայի ծնողները դիմել են Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք՝ նշելով, որ երեխան գանգատվում է ծնկան հոդում այտուցվածությունից, ցավերից, շարժումների սահմանափակումից և հաճախակի կրկնվող ծնկան բլոկից: Կլինիկական սոնոգրաֆիկ և ՄՌՏ հետազոտության արդյունքում երեխայի մոտ հայտնաբերվել է դրսային մահիկի բարդ կոմպլեքսային վնասվածք(դրսային մահիկի հետին եղջյուրի հորիզոնական պատռվածք և դրսային մահիկի երկայնակի պատռվածք: Ինչպես երևում է տեսանյութում, այդ պատռվածքները 3 ամսվա մեջ խորացել են և բերել են աճառային շերտի վնասման, իսկ մահիկի երկայնակի պատռված հատվածը ազատ շարժվում է հոդում, արդյունքում տեղաշարժվել է ու հանգեցրել ծնկան հոդի կրկնվող բլոկերի:
Մանկական Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում կատարվել է բարձր տեխնոլոգիական արթրոսկոպիկ քիչ ինվազիվ միջամտություն, որի արդյունքում երկայնակի վնասված հատվածը հեռացվել է, ու հետին եղջյուրը կարվել է:
Ի դեպ, երեխան վնասվածք էր ստացել 3 ամիս առատ: Ծնողները դիմել էին մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղ վնասվածք չէին ախտորոշել ու իրականացվել էր ծնկան հոդի հեմատոմայի անշարժացում, պունկցիա, ներհոդային ներարկումներ և ռեաբիլիտացիա, որը հանգեցրել էր վնասվածքի խորացման: Եթե այս երեխայի վնասվածքը ճիշտ ախտորոշվեր ժամանակին, կատարվեր համապատասխան բուժում, մահիկի երկայնակի հատվածը ոչ թե ստիպված կլինեինք հեռացնել, այլ ուղղակի կկարեինք, իսկ վնասված մահիկն իր հերթին չէր վնասի աճառային շերտը:
Արդյունքում ունենք երեխա արթրոզի նախանշաններով, որը կարիք ունի երկարատև բուժման:
Ստիպված եմ կրկին արձանագրել, որ շատ կարևոր է, որպեսզի երեխաների մոտ նման վնասվածքների ախտորոշումը դրվի համապատասխան նեղ մասնագիտացում ունեցող մանկական վնասվածքաբան-օրթոպեդի կողմից:
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Արա Այվազյան