Շաքարային դիաբետ, միզուղիների հիվանդությունները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայումս մոլորակի վրա կա մոտ 422 միլիոն շաքարային դիաբետով հիվանդ և նրանց թիվը աստիճանաբար աճում է։

Շաքարային դիաբետը բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի գրեթե բոլոր համակարգերի վրա, այդ թվում միզասեռական համակարգի: Մի կողմից՝ ածխաջրերի նյութափոխանակության դեկոմպենսացիայի պատճառով շաքարային դիաբետով հիվանդների մոտ զարգանում է նեյրոպաթիա,վասկուլոպաթիա, ինչը հանգեցնում է հիմնականում ֆունկցիոնալ խանգարումների,մյուս կողմից՝ շաքարային դիաբետը պատճառ է հանդիսանում միզասեռական համակարգի ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությունների զարգացմանը:

Անատոմիական առանձնահատկություններից ելնելով շաքարային դիաբետի ազդեցությունը կանանց և տղամարդկանց միզուղիների վրա տարբեր է,սակայն անկախ սեռից այդ խնդիրները կարող են կտրուկ ազդել կյանքի որակի վրա:

Շաքարային դիաբետի հետևանքով միզասեռական համակարգի կողմից առաջացած բարդություններն են՝

  1. միզապարկի դիսֆունկցիա
  2. միզուղիների ինֆեկցիաներ
  3. սեռական դիսֆունկցիա
  4. երիկամային հիվանդություններ

Ուսումնասիրությունները ցույց են տվել,որ շաքարային դիաբետով հիվանդների կեսից ավելին ունենում է միզապարկի դիսֆունկցիա, որն իր հերթին ունենում է տարբեր դրսևորումներ` հիպերակտիվ միզապարկ, որի ժամանակ միզապարկի մկանները սկսում են ակամա կծկվել նույնիսկ այն ժամանակ, երբ մեզի պարունակությունը միզապարկում աննշան է: Սա հանգեցնում է միզարձակության վերահսկողության կորստի և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ:

Պոլիուրիա, որը օրական մեզի քանակի զգալի ավելացումն է (ավելի քան 3լ): Գիշերային հաճախամիզություն միզուղիների ինֆեկցիաները շաքարային դիաբետ ունեցողների մոտ ունենում են բարդ ընթացք և հաճախակի սրացումներ։ Հարուցիչը, որն առաջացնում է միզուղիների բորբոքում, որպես կանոն ունենում է բարձր կայունություն հակաբիոտիկների նկատմամբ:

Հիմնական ռիսկի գործոններից է՝

  • տարիքը,
  • մետաբոլիկ փոփոխությունները,
  • շաքարային դիաբետի հետևանքով առաջացած այլ բարդությունները։

Շաքարային դիաբետի ֆոնին առաջացած ինֆեկցիոն-բորբոքային հիվանդություններն են՝ պիելոնեֆրիտը,ցիստիտը, պրոստատիտը և բալանոպոստիտը։


Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետի տիպիկ նեյրոգեն և անոթային բարդություններերից է էրեկտիլ դիսֆունկցիան։ Հաստատվել է, որ էրեկտիլ դիսֆունկցիան շաքարային դիաբետի ամենահաճախ հանդիպող ուրոլոգիական բարդություններից է։ Այն հանդիպում է շաքարային դիաբետ ունեցող տղամարդկանց 50-60%-ի մոտ։

Էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառագիտությունը բազմագործոն է`

  • էնդոկրին համակարգի խանգարումներ,
  • անոթային խանգարումներ,
  • շաքարային դիաբետի դեկոմպենսացիա,
  • նեյրոպաթիա,
  • փսիխոգեն գործոններ։

Դիաբետիկ նեֆրոպաթիա քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների մեծ մասի մոտ հայտնաբերվում է շաքարային դիաբետ: Շաքարային դիաբետ ունեցող ամեն 4-րդ հիվանդի մոտ զարգանում է երիկամային անբավարարություն, որը կոչվում է դիաբետիկ նեֆրոպաթիա: Դիաբետիկ նեֆրոպաթիայի դեպքում առաջանում է երիկամի ֆունկցիոնալ մասնիկների (նեֆրոն) վնասում:

Երիկամներում առկա են միլլիոնից ավել նեֆրոններ, որտեղ առկա են արյունատար անոթներ, որոնք կոչվում են գլոմերուլներ: Գլոմերուլների միջով անցնում է արյունը և ֆիլտրացիայի ենթարկվում, որից հետո արդեն ֆիլտրված արյունը անցնում է արյան հուն, իսկ վնասակար նյութերը մեզի միջոցով դուրս են բերվում:

Այն դեպքում, երբ նեֆրոնները վնասված են լինում շաքարային դիաբետի հետևանքով, այդ վնասակար նյութերը դուրս չեն բերվում երիկամներով և կուտակվում են օրգանիզմում: Քրոնիկ Երիկամային անբավարարության սկզբնական փուլերում հիվանդների գանգատները նշանակալի չեն լինում և միայն այն դեպքերում, երբ առկա է լինում արտահայտված ազոտեմիա հիվանդների մոտ գանգատները դառնում են զգալի և տեսանելի:



Առողջապահական համակարգ