Արթրոզ. ո՞րն է լավագույն բուժումը

60 տարեկանից բարձր մարդիկ հաճախ են բողոքում ծնկների շրջանում առաջացող սուր ցավերից, հոդերի ցավի և շարժունակության սահմանափակումներից: Սրանք լուրջ ախտանշաններ են մասնագետ-վնասվածքաբանի դիմելու համար: Հատկապես որ մասնագետները հավաստիացնում են՝ հիվանդության դեպքում վաղ ախտորոշումն ու ժամանակին արված բուժումը թույլ կտա խուսափել վիրահատական միջամտություններից:

«Արթմեդ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում մասնագետները ակտիվորեն իրականացնում են խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում, վերին և ստորին վերջույթների արթրոսկոպիկ վիրահատություններ, ոտնաթաթի մատների, դաստակի դեֆորմացիաների շտկումներ:

Բաժանմունքը հատկապես հայտնի է կոնքազդրային հոդի, ծնկան հոդի ու ուսահոդի էնդոպրոթեզավորումների իրականացմամբ: Նորագույն իմպլատների կիրառումն ու մասնագետների պրոֆեսիոնալիզմն ու փորձը հնարավորություն են տալիս լիովին վերականգնել պացիենտի վերջույթների շարժունակությունն ու նրանց լիարժեք ապրելու հնարավորություն տալ:

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ Էնդոպրոթեզավորումը, ի՞նչ վիրահատություն է այն և ի՞նչ բարդություններ կարող են լինել:

Այս հարցերի շուրջ զրուցել ենք «Արթմեդ» բժշկական կենտրոնի Օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանի հետ:


Մաշված հոդեր. մարդիկ այսպես են բնութագրում արթրոզ հիվանդությունը, երբ առկա է մաշվածություն ծնկան և կոնքազդրային հոդերում: Նշված հատվածներում առաջացող ճառագայթային ցավերին այլևս դիմանալ պետք չէ: Ժամանակակից բժշկությունը սրանց արդյունավետ լուծման տարբերակներ ունի արդեն:

Օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանն ասում է, որ ռենտգեն հետազոտության միջոցով հաստատվում է հիվանդությունն ու դրա բարդության աստիճանները: Արթմեդ բժշկական կենտրոնում վաղ փուլում դիմող պացիենտների բուժումը իրենք սկսում են կոնսերվատիվ մեթոդներից: Դրանք ներառում են աճառը վերականգնող հատուկ դեղորայք՝ խոնդրոպրոտեկտորներ կամ արհեստական սինովիալ հեղուկի ներարկումներ: Նմանատիպ բուժումը թույլ է տալիս դանդաղեցնել հոդի քայքայումը, հնարավորինս ուշ դիմել էնդոպրոթեզավորման: Իսկ եթե հիվանդությունը բարդացած փուլերում է, ապա ցուցումը վիրահատությունն է՝ էնդոպրոթեզավորումը, երբ մաշված հոդի փոխարեն տեղադրվում է արհեստական հոդ. «Մենք ծնկան և կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման մեծ փորձ ունենք: Վիրահատությունը տևում է 1 ժամ, սակայն վիրահատության հենց հաջորդ օրը պացիենտին կարողանում ենք կանգնեցնել վիրահատված ոտքի վրա: 3-5 օր հետո նրան արդեն տուն ենք ուղարկում։ Շուրջ 45 օր անց, ու անգամ ավելի շուտ դադարում է կիրառել քայլակ և վերադառնում է լիարժեք կյանքի՝ առանց ցավի ու անհարմարությունների», ասում է օրդոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանը:

Արթրոզ հիվանդությունը հատուկ է բարձր տարիքային խմբին՝ հիմնականում 60-ից բարձր տարիքի կանանց, որովհետև այդ ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում անատոմիական փոփոխություններ և ցանկացած տրավմատիկ ազդակ կարող է ազդոսկրի կոտրվածքի պատճառ դառնալ: Ամբողջ աշխարհում այս կոտրվածքների դեպքում ցուցված է վիրահատական բուժում, որը թույլ է տալիս հիվանդին հնարավորինս կարճ ժամկետներում ոտքի կանգնեցնել, խուսափելով անշարժության հետ կապված այնպիսի անցանկալի բարդություններից, ինչպիսիք են՝ թոքերում կանգային երևույթները, պառկելախոցերը և այլն։

Սակայն ինչպես բոլոր վիրահատությունները, այնպես էլ էնդոպրոթեզավորման դեպքում կան և ընդհանուր, և սպեցիֆիկ բարդություններ, ասում է Ռաֆայել Ավետիսյանը. «Կոնկրետ էնդոպրոթեզավորման դեպքում շատ ուշադիր ենք հոդախախտ երևույթին, որը մինչև վիրահատության գնալը հասցնում ենք նվազագույնի: Մեր բժշկական կենտրոնում կատարել ենք մեծ ծավալի նմանատիպ վիրահատություններ, և մինչև այսօր արտահայտված բարդություններ չունենք»:


«Արթմեդ» բժշկական կենտրոնում սովորաբար տոտալ էնդոպրոթեզավորման դիմում են հիվանդության այն փուլում, երբ մարդը շատ ուշ է դիմում մասնագետին, երբ հարևան-բարեկամների խորհուրդներով տնային պայմաններում զբաղվել է ինքնաբուժությամբ, երբ արդեն ցավի հետևանքով չի կարողանում քայլել, այլևս ցավազրկողները որևէ արդյունք չեն տալիս: Դրա համար Ռաֆայել Ավետիսյանը խորհուրդ է տալիս ծնկան և կոնքազդրի հատվածում ցավի առաջին իսկ նշանների դեպքում դիմել փորձառու մասնագետների: Հիվանդության տարբեր փուլերում ցուցումներն ու մոտեցումները տարբեր են: Նույնիսկ ճիշտ ժամանակին արված ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր է ամբողջությամբ խուսափել վիրահատությունից:



Հիվանդություն - Ախտորոշում - Բուժում