Որպես ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ՝ Լևոն Նիկիտայի Գրիգորյանը իրականացնում է պլանային և շտապ վիրահատություններ բազմաբնույթ վիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ: Այս անգամ Առողջապահական համակարգ /mednews.am/ մասնագիտական պարբերականը բժշկի հետ խոսել է հաստ և ուղիղ աղիների կամ կոլոռեկտալ քաղցկեղի մասին: Սրանք բավական հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներ են, որոնք անսպասելիորեն խուժում են ավելի ու ավելի շատ մարդկանց կյանք: Լևոն Գրիգորյանը բազմապրոֆիլ բժիշկ է, որն ընդհանուր վիրաբուժական գործունեությանը զուգահեռ մասնագիտացել է նաև օնկոկոլոպրոկտոլոգիայում և հատկապես կիրառում և Հայաստանում զարգացնում է այդ ուղղության քիչ ինվազիվ՝ լապարասկոպիկ մեթոդը: Բժշկի սկզբունքն է. «Լավագույնս կատարել աշխատանքը, որը հանձն ես առել կատարել»: Կոլոռեկտալ քաղցկեղը հաստ և ուղիղ աղիների քաղցկեղն է, որը մահացության առումով 3-րդն է քաղցկեղային հիվանդությունների շարքում: Ռիսկի խմբում են հիմնականում այն մարդիկ, որոնց ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է քաղցկեղի այս տեսակը, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն կոլոռեկտալ պոլիպներ և աղիների բորբոքային հիվանդություններ՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ կամ Կրոնի հիվանդություն:
Կոլոռեկտալ քաղցկեղը 90% դեպքերում զարգանում է 50 տարեկանից հետո: Այն զարգանում է դանդաղ, առանց գանգատների, ախտանշաններն ի հայտ են գալիս ուշ փուլերում: Կոլոռեկտալ քաղցկեղը դատավճիռ չէ և այն վաղ շրջանում ախտորոշման ու բուժման ճիշտ ռազմավարություն ընտրելու դեպքում այն հաջողությամբ կարելի է կանխարգելել ու բուժել, ասում է ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը. «Ցանկալի է, որ 45 տարեկանից սկսած ռիսկի խմբում գտնվող անձինք, անգամ գանգատների բացակայության պարագայում, պարտադիր անցնեն սքրինինգային հետազոտություն՝ կոլոնոսկոպիա, որը հնարավորություն է տալիս ժամանակին ճշգրիտ հայտնաբերել հաստ և ուղիղ աղիքների նախաքաղցկեղային հիվանդությունները, իրականացնել դրանց լիարժեք և հետևողական բուժում և դրանով կանխարգելել քաղցկեղի զարգացումը»: Կոլոնոսկոպիայից բացի, կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի համար կիրառվում են նաև այլ մեթոդներ՝ մասնավորապես կղանքային իմունոքիմիական թեստ, կղանքում թաքնված արյան հայտնաբերման բարձր զգայունության թեստ, կղանքի բազմաթիրախային ԴՆԹ թեստ, բայց ցավոք, մեր քաղաքացիներին դրանք դեռ հասանելի չեն: Համարելով կոլոնոսկոպիան կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի «ոսկե ստանդարտ», բժիշկը կոչ է անում թիրախային խմբին, առողջությունը վեր դասել ամեն ինչից և անցնել կոլոնոսկոպիա 45 տարեկանից սկսած, իսկ եթե առկա են գանգատներ, հետազոտությունը կարելի և պետք է իրականացնել ավելի վաղ տարիքում ըստ բժշկի ցուցումների։ Հաստ և ուղիղ աղիների քաղցկեղի վաղ ախտանշանները շատ են. բժիշկը ներկայացնում է դրանք կետերով.
• կղանքային զանգվածներին խառնված կամ դրանց քսվող արյունային արտադրություն, աղիների սովորական գործունեության խանգարումներ
• կղանքային մասսաների ձևի փոփոխություն՝ դրանք կարող են ունենալ սովորականից ավելի բարակ տեսք
• ընդհանուր աղեստամոքսային խանգարումներ՝ փքվածություն, կծկանքային երևույթներ, ցավ, սրտխառնոց, փորլուծություն, փորկապություն կամ
• ոչ լիարժեք դատարկվելու զգացողություն,
• մարմնի քաշի անկում առանց հստակ պատճառի,
• մշտական հոգնածության զգացողություն կամ հոգնածության զգացողության արագ զարգացում սովորական ծանրաբեռնվածության պայմաններում: «Եթե այս ախտանշանները շարունակվում են 2 շաբաթ և ավելի, այցելեք Ձեր բժշկին,- հորդորում է բժիշկ Լ. Գրիգորյանը: Չնայած այս ախտանիշները միանշանակ չեն վկայում մարդու մոտ կոլոռեկտալ քաղցկեղի առկայության մասին, բայց սրանց շարունակական բնույթը նորմալ չէ և պետք է և պահանջում է հետազոտության անցկացում, պատճառի հայտնաբերում և հիվանդության բուժում»:
Բժիշկ Գրիգորյանը կոլոռեկտալ քաղցկեղը, եթե դա թույլ է տալիս քաղցկեղի փուլն ու տեսակը, բուժում է և խորհուրդ է տալիս վիրահատել լապարասկոպիկ եղանակով. «Մեծ հաշվով, վիրահատական բուժումը ուղղված է չարորակ ուռուցքի և նրա տեղային տարածման ավազանի լիարժեք և ամբողջական հեռացմանը, աղեստամոքսային տրակտի ամբողջականության վերականգնմանը, իսկ մետաստատիկ ախտահարման առկայության դեպքում, հնարավորությունների առկայության պայմաններում, նաև այդ օջախի հեռացմանը։ Տարբերում ենք 2 տիպի վիրահատություններ՝ ավանդական և նվազ ինվազիվ կամ այսպես կոչված լապարասկոպիկ վիրահատություններ։
Այս երկու մեթոդը ցանկացած մեկի ձեռքում կիրառման պայմաններում պետք է իրականացվեն ինչպես արդեն նշեցի լիարժեք և ամբողջական ծավալով, իսկ եթե հիվանդությունը, հիվանդանոցի հագեցվածությունը, վիրաբույժի մասնագիտական ունակությունները թույլ են տալիս, այն իրականացնել հիվանդին ավելի քիչ տրավմա պատճառելով, այսինք կիրառել լապարասկոպիկ եղանակը։ Լապարասկոպիկ վիրահատությունները թույլ են տալիս ապահովել հետվիրահատական շրջանի առավել թեթև ընթացք ու հիվանդի արագ ապաքինում: Լապարասկոպիկ միջամտությունները այսօր զարգացած երկրներում դարձել են որպես «ոսկե ստանդարտ» և իմ ուսուցիչների զգալի մասը իրենց վիրահատությունների բացարձակ մեծամասնությունը արդեն վաղուց կատարում են հենց այդ եղանակով։ Վստահորեն կարելի է դիմել կոլոռեկտալ քաղցկեղի վիրահատության լապարասկոպիկ եղանակին, բայց միայն այն դեպքում, եթե մասնագետը ունի նեղ մասնագիտացում, փորձ, հմտություններ և կդրսևորի ճիշտ մոտեցում»:
Բժիշկ Գրիգորյանը ցավով արձանագրում է, որ մեր երկրում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրեր դեռ չեն իրականացվում։ Սքրինինգային ծրագրերի կիրառումը, ժամանակակից վիրաբուժական նորմերի, ինչպես նաև արդի տեխնոլոգիաների ներդրումները և մասնագետներ վերապատրաստումները թույլ կտան ապագայում կոլոռեկտալ քաղցկեղի (և ոչ միայն) բուժման մեջ ավելի լավ արդյունքներ գրանցել, կստեղծեն հնարավորություններ Հայաստանում բժշկական տուրիզմի խթանման և զարգացման համար, ասում է Լևոն Գրիգորյանը. «Բազմաթիվ վերապատրաստումները և վարպետության դասերը աշխարհահռչակ կոլոպրոկտոլոգների մոտ այսօր ինձ թույլ են տալիս կոլոռեկտալ քաղցկեղի լապարասկոպիկ վիրաբուժությունը մեծ հաջողությամբ կիրառել մեզ մոտ: Համարում եմ, որ անելիքներ դեռ շատ ունենք։ Ինքս ունեմ բազմաթիվ պլաններ, որոնք ուղղված են ինչպես իմ ինքնազարգացմանը, այնպես էլ Հայաստանում նորագույն մոտեցումների և տեխնոլոգիաների ներդրմանը։ Իհարկե, այս ճանապարհը անմնացորդ նվիրում է պահանջում, իհարկե, մեղմ ասած, այն հեշտ չէ, առկա են բազմաթիվ բնական և արհեստական խոչընդոտներ և դժվարություններ, բայց գլխավորը նպատակն է, ինչը վստահ կարող եմ ասել, որ միշտ արդարացնում է ծախսված միջոցները։
Մենք՝ վիրաբույժներս, մի քիչ տարօրինակ մարդիկ ենք և ամեն բանից զատ, երբ հերթական բարդ վիրահատությունից հետո տեսնում ենք հիվանդի ժպիտը, անկեղծ հայացքը և լսում սրտից բխող շնորհակալություն բառը, կարծես հօդս են ցնդում բոլոր անցած դժվարությունները, հոգնածությունը, մտածմունքները և ունենում ենք գերբավարարվածության զգացողություն, լիցքավորվում ահռելի էներգիայով, ինչը նոր բարձունքներ, ուղղություններ բացահայտելու ուժ և ձգտում է տալիս»,- եզրափակում է նա:
2022-06-14
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան