ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲՈՒԺԵԼՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է. ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆ
Երբ փոքրիկը
հիվանդանում է կամ ընկնում և լուրջ տրավմա է ստանում, դա շատ ավելի մեծ սթրես է ծնողների
համար, քան հենց երեխայի: Այդ պատճառով մանկական բժիշկը պետք է կարողանա. նախ՝ հանգստացնել
երեխային և շեղել նրան ցավի մասին մտքից, երկրորդ՝ համոզել ծնողներին, որ իրենց բալիկը
հուսալի ձեռքերում է, և խուճապի մեջ ընկնելու կարիք չկա:
Հենց այդպիսի
ունակություններով օժտված բժշկի և կենսուրախ մարդու՝ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի
գիտական կենտրոնի Մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, օրթոպեդ-վնասվածքաբան, բժշկական գիտությունների
դոկտոր Արա Աշոտի Այվազյանի հետ է մեր այսօրվա զրույցը:
-Պարոն Այվազյան, թերևս սկսենք ձեզ մոտ իրականացվող բուժումների
թվարկումից:
- Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կենտրոնում զբաղվում ենք մանկական օրթոպեդիային և վնասվածքաբանությանը վերաբերող ցանկացած խնդրով. ծուռվզություն, ծուռթաթություն և ծուռձեռություն, սինդակտիլիա և պոլիդակտիլիա, վերջույթների դեֆորմացիաներ, վերին և ստորին վերջույթների հոդերի շարժման սահմանափակում, ազդրի բնածին հոդախախտ, ցանկացած ձևի կոտրվածքներ, հենաշարժիչ համակարգի բարորակ ուռուցքներ և ուռուցքանման հիվանդություններ, այլ բնածին և ձեռքբերովի արատներ, ինչպես նաև մանկական ուղեղային կաթված (ДЦП):