Երեխաների ականջների բորբոքում

Օտիտը միջին ականջի բորբոքումն է: Առավել հաճախ հիվանդության պրոցեսը սկսվում է վիրուսային ինֆեկցիայից, որի դեպքում ախտահարվում են վերին շնչուղինները: Վիրուսը վնասում է բերանի խոռոչի, կոկորդի ու քթի լորձաթաղանթներն ու «ուղղի է հարթում» բակտերիաների համար, որոնք էլ և առաջացնում են ականջաբորբ: Խնդիրը հաճախ հանդիպում է երեխաների շրջանում, իսկ ինչո՞ւ. «Երեխաների օտիտով հիվանդացության գլխավոր պատճառը պայմանավորված է նրանց Եվստախյան փողի առանձնահատկությամբ: Այն գրեթե չի թեքվում, ունի մեծ տրամագիծ և ավելի կարճ է, քան չափահաս մարդկանց մոտ, որի պատճառով էլ քթըմպանի լորձը կարող է հեշտությամբ ընկնել միջին ականջի խոռոչ»,- MedMedi.am-ի հետ զրույում մանրամասնեց «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի Գլխի և պարանոցի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Արայիկ Ղարիբյանը:

Բժշկի խոսքով՝ որպես հետևանք՝ կարող է փոխվել միջին ականջի բարոֆունկցիան և հանգեցնել միջին ականջի բորբոքման: «Արտաքին օտիտները կարող են առաջանալ արտաքին լսողական անցուղու մաքրման կամ մազերի սանրման ժամանակ լսողական անցուղու կամ ականջի մաշկի վնասման պատճառով տարած ինֆեկցիայից, ինչպես նաև լողալուց հետո կամ լողանալիս դեպի արտաքին լսողական անցուղի ջրի ներթափանցումից»,-ընդգծեց Արայիկ Ղարիբյանն ու շարունակեց. «Միջին ականջի սուր բորբոքման հիմնական պատճառներ կարող են դառնալ քթըմպանի բորբոքային գործընթացները, քմային նշիկների հիպերտրոֆիան և քրոնիկ ադենոիդիտը, քթի և հարակից խոռոչների քրոնիկ պաթոլոգիան (սինուսիտ, ռինիտ),տեղային իմունիտետի թուլացումը զանազան հիվանդությունների ժամանակ(ռախիտ, քաշի դեֆիցիտ, անեմիա, էքսուդատիվ դիաթեզ, լեյկոզ, ՁԻԱՀ-ի, և այլն), հաճախակի կրկնվող ալերգիան, տրավմայի պատճառով դեպի ականջի խոռոչ ինֆեկցիայի ներթափանցումը»: Ներքին օտիտն, ըստ ԼՕՌ մասնագետի, զարգանում է որպես բարդություն միջին ականջի սուր կամ քրոնիկ բորբոքման, որն արդյունք է վնասվածքների կամ ընդհանուր վարակիչ հիվանդության. Վերջինի դեպքում հարուցիչը ներթափանցում է ներքին ականջ արյան կամ ուղեղի թաղանթների միջոցով(օրինակ մենինգիտի ժամանակ): «Հիվանդության ամենատարածված հետևանքներից մեկը հանդիսանում է լսողության վատացումը։ Հետևաբար գանգատների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել համապատասխան մասնագետի»,- խորհուրդ տվեց Արայիկ Ղարիբյանն ու հավելեց. «Տնային բուժումները պետք է սահմանափակվեն միայն ցավի մեղմացմաբ: Եթե երեխայի ջերմությունը բարձր է, կարելի է ջերմիջեցնող միջոց տալ: Շատ ծնողեր 2 լուրջ սխալներ են կատարում՝ դնում են տաք կոմպրես ու երեխային պառկեցնում են քնելու: Բարձր ջերմության դեպքում տաքացնող կոմպրեսները կարող են երեխայի վիճակը միայն բարդացնել, իսկ երեխային հորիզոնական դիրքով պառկեցնելը ցավը ավելի է ուժեղացնում»:



Հիվանդություն - Ախտորոշում - Բուժում