Սկէնար. Բուժման անսահմանափակ հնարավորություն
Մարդկային օրգանիզմը, չնայած արտաքին միջավայրի վնասակար ազդեցությանը և ժամանակակից կենսակերպին, ունի ինքնապաշտպանության և ինքնակարգավորման մեծ հնարավորություններ: Ցավոք, բժշկությունը հաճախ պայքարում է հիվանդության ախտանիշերի դեմ` առանց օգտագործելու օրգանիզմի այդ պոտենցիալը: Հենց այդ պոտենցիալի արթնացմանն է ուղղված էներգաինֆորմացիոն ազդեցության վրա հիմնված ՍԿԷՆԱՐ թերապիան:
Բժշկական այս նոր տեխնոլոգիայի առանձնահատկությունները «Երևակի» ընթերցողին է ներկայացնում «Դիամեդ» բժշկական կենտրոնի ռեֆլեքսոթերապևտ, Մոսկվայի միջազգային ՍԿԷՆԱՐ ակադեմիայի ներկայացուցիչ Կարինե Ծատրյանը:
-Ի՞նչ է ՍԿԷՆԱՐ-ը:
-ՍԿԷՆԱՐ թերապիան բժշկական նոր տեխնոլոգիա է, որն սկիզբ է առել Խորհրդային Միությունում: Առաջին անգամ կիրառվել է 1986 թ. և նախատեսված է եղել տիեզերագնացների առողջությունը վերականգնելու և պահպանելու համար: ՍԿԷՆԱՐ-ը հապավում է, նշանակում է ինքնաղեկավարվող էլեկտրանեյրոադապտացիոն կարգավորիչ: Նախապես ստեղծվել է սարքը, հետո տվյալների ու տեսական ընդհանրացումների կուտակման արդյունքում` տեխնոլոգիան, որը արտաքին ազդեցությամբ էլեկտրաիմպուլսային, իսկ բուժման մեխանիզմով ռեֆլեքսոթերապևտիկ մեթոդ է: Սարքը արտոնագրվել է Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում: Աշխարհում 100000-ավոր բժիշկներ են կիրառում ՍԿԷՆԱՐ մեթոդը РЕСТА և բուժական ОЛМ ծածկոցի համատեղմամբ: ՍԿԷՆԱՐ թերապիայի ընթացքում մարդու օրգանիզմի և սարքի փոխազդեցությամբ կատարվում է օրգանիզմի ռեզերվների ակտիվացում և նյարդային, ոսկրամկանային, շնչառական, սրտանոթային, մարսողական, միզասեռական համակարգերի ամենատարբեր հիվանդությունների բուժում: Այն բարելավում է նաև գենետիկ, անբուժելի հիվանդություններով տառապողների կյանքի որակը: ՍԿԷՆԱՐ թերապիան միջանկյալ օղակ է գիտական և ավանդական բժշկության միջև:
-Որո՞նք են ՍԿԷՆԱՐ թերապիայի մեթոդոլոգիական առանձնահատկությունները:
-Նախ ՍԿԷՆԱՐ մասնագետը առանձին պաթոլոգիայով չի զբաղվում, նա բուժում է ամբողջ օրգանիզմը: Գլխավոր ուշադրություն սկէնարիստը դարձնում է հիմնական բողոքին: Ընտրվում է փոքրագույն կետն ու, բարելավելով նրանից եկող ազդակները, բարելավվում է ընդհանուր օրգանիզմի ֆունկցիան: Բուժման ընթացքում հնարավոր է ի հայտ գան մինչ այդ հիվանդին անհայտ նոր խնդիրներ, որոնք ևս բուժվում են, քանի որ ՍԿԷՆԱՐ-թերապիան, ինչպես արդեն ասվեց, ուղղված է օրգանիզմի ամբողջական բուժմանն ու վերականգնմանը: Սա ինֆորմացիոն բժշկություն է, ուղեղային կենտրոններ ինֆորմացիա է հղվում, որոնք էլ սկսում են ինքնակարգավորման ու ինքնաբուժման պրոցեսը: ՍԿԷՆԱՐ-ի մյուս առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս մեթոդների, քիմիական, մեխանիկական կամ դեղորայքային ներգործություն օրգանիզմի վրա չի լինում, նաև հակաալերգիկ է, ցավազրկող, հակաբորբոքային:
-Ի՞նչ հակացուցումներ ունի ՍԿԷՆԱՐ-ը:
-ՍԿԷՆԱՐ-ը կարելի է ասել բացառիկ է նրանով, որ հակացուցումներ չունի. միայն կիրառելի չէ, եթե հիվանդը կարդիոստիմուլյատոր է կրում: Չկա տարիքային սահմանափակում. կիրառվում է անգամ նորածինների համար, անվտանգ է հղիների համար: Անգամ եթե հիվանդը զուգահեռ դեղորայքային այլ բուժում է անցնում, վերացնում է այդ դեղերի բացասական ազդեցությունները:
-Ինչպե՞ս է ազդում սարքը և ընթանում բուժումը:
-ՍԿԷՆԱՐ-ը կարգավորում է օրգանիզմի ֆունկցիան` մաշկին հաղորդելով էլեկտրոնային ազդակներ, որոնք նման են մարդու նյարդային համակարգի ազդակներին: Սարքը հետևում է ազդակների հանդեպ օրգանիզմի ռեակցիային, գրանցում և դրանք այնպես փոխում, որ առաջացնի ավելի ակտիվ ռեակցիա և հասնի մաքսիմալ բուժական արդյունքի: Յուրաքանչյուր նոր ազդակ տարբերվում է նախորդից, և դա նպաստում է օրգանիզմի ինտենսիվ վերականգնմանը: ՍԿԷՆԱՐ թերապիայի գլխավոր առավելությունն այն է, որ միանգամայն անվտանգ է օրգանիզմի համար, չի վնասում, կարգավորվում է օրգանիզմի խանգարված ֆունկցիան, նյութափոխանակությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը, լավացնում ինքնազգացողությունը: Այն էֆֆեկտիվ է ազդում անգամ առողջ մարդկանց վրա` սթրեսներն ու հոգնածությունը հաղթահարելու համար: ՍԿԷՆԱՐ կարող են ընդունել ուսանողները, մարզիկները` քննաշրջաններից, մրցումներից առաջ և հետո: ՍԿԷՆԱՐ մարզիկների համար կարելի է կիրառել երկու ուղղությամբ. մարզումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, երկրորդը` վնասվածքներն արագ վերականգնելու համար: Ակնհայտ է, որ այն մարզիկները, որոնք ՍԿԷՆԱՐ թերապիա են անցնում ավելի արագ են վերականգնվում վնասվածք ունենալու դեպքում: Ի դեպ, այն կարելի է կիրառել ոչ միայն ֆիզիկական սպորտաձևերում, այլև շախմատում:
-Իսկ կարելի՞ է ասել, որ ցանկացած ոք, ով ձեռք բերի ՍԿԷՆԱՐ սարք, կարող է բուժել կամ ինքնաբուժությամբ զբաղվել:
- Իհարկե ոչ: Ինչպես սարքի համահեղինակ Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռևենկոն է ասում. «Յուրաքանչյուր ՍԿԷՆԱՐ պրոցեդուրա մի վիրահատություն է»: Ու հենց այդ լրջությամբ պետք է մոտենալ յուրաքանչյուր անհատական բուժման կուրսի: Բուժում է ոչ թե ապարատը, այլ մեթոդը, որին պետք է ճիշտ տիրապետել: Պետք է ստեղծվի սկէնարիստ -ՍԿԷՆԱՐ-հիվանդ եռանկյունին, եռանկյունի, որի բոլոր կողմերը փոխգործակցում են: Այս եռանկյունին պետք է պահպանվի բուժման ամբողջ ընթացքում: ՍԿԷՆԱՐ թերապիան օգնում է, որ օրգանիզմն ինքը իրեն բուժի: Այսինքն՝ ՍԿԷՆԱՐ-ը և սկէնարիստը միայն ուղղորդող են այդ պրոցեսում: Մարդու օրգանիզմը անգամ հիվանդ ժամանակ չափազանց խելացի ինքնակարգավորվող համակարգ է: Ցանկացած փոփոխությունն անմիջապես ուղեկցվում է այն հաղթահարելու օրգանիզմի փորձով: ՍԿԷՆԱՐ-ն ակտիվացնում է այդ ինքնակարգավորման փորձը:
Երևակ