Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները  պարբերաբար կրկնվում  են,  սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների առաջին փուլն է համարվում:


Առաջին գանգատը հոդացավն է, որոշ դեպքերում այտուցը եւ շարժումների սահմանափակումը ինչպես ծայրամասային հոդերում, այնպես էլ ողնաշարում:  Հոդի ձևախախտումը և հաշմանդամության զարգացումը կարելի է կանխել, եթե բուժումը սկսվի հիվանդության զարգացման վաղ շրջանում: Այս տեսակետն է միշտ պնդում բժիշկ-ռևմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վալենտինա Վարդանյանը և հիվանդների հետ շփումներում, և դասավանդելիս: Նա դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թերապիայի բաժանմունքի ռևմատոլոգն է, ունի պացիենտների կայուն հոսք:


«Եթե հոդերը ժամանակին չբուժվեն, ամեն սրացման հետ կախտահարվեն նոր հոդեր ու կառաջանան անդառնալի փոփոխություններ, որոնք բուժել մենք անկարող կլինենք ու կզարգանա հաշմանդամություն: Ռեւմատոլոգիական հիվանդություններից շատերը համակարգային հիվանդություններ են, և դրանք անտեսելու դեպքում  կարող է զարգանալ ներքին օրգանների, օրինակ, երիկամների, սրտի, ուղեղի, թոքերի  ախտահարում: Կարող են առաջանալ նաև կյանքի հետ անհամատեղելի խնդիրներ»,- այս կարգի խնդիրներ ունեցողներին հուշում է մասնագետ Վալենտինա Վարդանյանը:



Հիվանդություն - Ախտորոշում - Բուժում