Հատուկ ուշադրություն հետվիրահատական խնամքին. Արամյանց բկ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հայկ Բալայան

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը հագեցած է ժամանակակից վիրաբուժական չափանիշներին համապատասխան գործիքակազմով, արդիականացված վիրահատարաններով ու հիվանդասենյակներով: Բաժանմունքն ունի 5 վիրահատական սրահ, որոնց գործիքային հագեցվածությունը թույլ է տալիս կատարել բազմաթիվ էնդոսկոպիկ ու լապարասկոպիկ միջամտություններ: Ըստ անհրաժեշտության վիրաբույժների պրոֆեսիոնալ պատրաստվածությունը և վիրահատարանների տեխնիկական վերազինվածությունը թույլ են տալիս կատարել նաև բաց վիրահատություններ: Բայց որքան կարևոր է ճիշտ կատարված վիրահատությունը, նույնքան կարևոր է այդ վիրահատությամբ ձեռք բերված արդյունքի պահպանումն ու ապաքինման ճիշտ պլանավորված ընթացքը:
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի առանձնահատկությունն այն է, որ այստեղ ապահովում են հետվիրահատական գրագետ խնամք: Այս բաժանմունքում պացիենտների հետվիրահատական ապաքինումն անցնում է վիրաբույժների անմիջական հսկողության ներքո: Բաժանմունքի ղեկավար Հայկ Զորիի Բալայանի սկզբունքն ու պահանջն է. պացիենտների համար ապահովել հետվիրահատական հատուկ խնամք ու հսկողություն: Բժիշկը պարտավոր է կատարել իր շրջայցերը, օգնող բժիշկները մանրազնին զեկուցեն հիվանդի վիճակի մասին, որքան էլ ծանրաբեռնված աշխատի բաժանմունքը, այստեղ անուշադրության չպիտի մատնվի ոչ մի հիվանդ.
«Այսօր շատ կլինիկաներում ռեժիմով կատարվում են վիրահատություններ, անգամ արտասահմանյան կլինիկաներում վիրահատությունից հետո պացիենտը իր վիրաբույժին չի տեսնում: Այնինչ բուժման կարևորագույն փուլը հետվիրահատականն է ու դրա գրագետ վարումը: Վիրաբույժի մեծածավալ ու լուրջ աշխատանքը կարող է զրոյանալ հետվիրահատական սխալ խնամքի արդյունքում»: