Արթմեդի Վնասվածքաբանների թիմը հաջողության նոր արդյունքներ գրանցեց

                   Վերջին ամիսը Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի համար բարդ էր և լարված: Մեկը մյուսի հետևից հիվանդանոց ընդունվեցին բարդ խնդիրներով հիվանդներ, որոնք կարիք ունեին կոնքազդրային հոդի ռևիզիոն էնդոպրոթեզավորման, քացախափոսի բարդ կոտրվածքներով հիվանդներ։

Սովորաբար նման հիվանդների առկայության դեպքում վիրահատական բուժումը բավականին բարդ է, պահանջում է մանրակրկիտ հաշվարկ, պրոֆեսիոնալ մոտեցում և հիվանդանոցի հատուկ հագեցվածություն։  

Բարդ դեպքերի և դրանց լուծումների մասին ենք զրուցել կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանի հետ:

Հիվանդանոց ընդունված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ բաժանմունքում տեղի ունեցան լուրջ և մանրակրկիտ քննարկումներ, կատարվեց նախապատրաստական և թիմային մեծ աշխատանք, որից հետո նոր որոշվեց վիրահատական բուժման տակտիկան: 

 Այս շրջանում վիրահատվեցին երեք պացիենտներ, որոց մոտ կոնքազդրային հոդի շրջանում տեղադրված էնդոպրոթեզները տեղաշարժվել էին և առաջացել էր անկայունություն։ Հիվանդները կարիք ունեին ռևիզիոն էնդոպրոթեզավորման։


 Առաջին հիվանդի մոտ տեղադրված էր ցեմենտային ֆիքսացիայով էնդոպրոթեզ, առաջացել էր ազդրոսկրի կոտրվածք էնդոպրոթեզի ոտիկի տեղաշարժով, տեղաշարժված էր նաև քացախափոսային կոմպոնենտը։ Հիվանդը գտնվում էր անկողնային վիճակում, չէր կարողանում տեղաշարժվել։ Կատարվեց էնդոպրոթեզի ռևիզիա, հեռացվեցին տեղաշարժված կոմպոնենտները և տեղադրվեց նոր էնդոպրոթեզ։



Երկրորդ հիվանդի մոտ առկա էր էնդոպրոթեզի քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժ։ Կատարված կոմպյուտերային տոմոգրաֆիայով նկատվում էր քացախափոսի հետին և կենտրոնական հատվածի մեծ դեֆեկտ, որը պատճառ էր հանդիսացել տեղաշարժի առաջացման համար։ Հաշվի առնելով այդ հանգամանքը կատարվեց քացախափոսի պլաստիկա հատուկ մետաղական կոնստրուկցիայով` burch schneider cage-ով, որի վրա նոր տեղադրվեց էնդոպրոթեզը։



Երրորդ հիվանդը առաջին անգամ վիրահատվել էր 19 տարի առաջ, կատարվել էր կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում։ 12 տարի առաջ կատարվել էր էնդոպրոթեզի ռևիզիա։ Ներկա պահին կատարված համակարգչային տոմոգրաֆիայով առկա էր քազախափոսային և ազդրային կոմպոնենտների տեղաշարժ, քացախափոսի ոսկրային դեֆեկտ։ Այս պարագայում անհրաժեշտ էր կատարել, և՛ քացախափոսային կոմպոնենտի փոխարինում, և՛ ազդրային կոմպոնենտի։ Հաշվի առնելով դեֆեկտի առկայությունը կրկին կատարվեց քացախափոսի պլաստիակա burch schneider cage-ով և ազդրային կոմպոնենտի փոխարինում wagner sl ռևիզիոն ոտիկով։


  Վիրահատվեցին նաև երկու հիվանդներ քացախափոսի բարդ կոտրվածքներով։ Երկու դեպքում էլ կատարվեց քացախափոսի օստեոսինթեզ ռեկոնստրուկցիոն մետաղական հարթակների կիրառումով։ Անհրաժեշտ է նշել, որ քացախափոսի վնասվածքների ժամանակ կատարվող վիրահատություննրը պահանջում են առանձնահատուկ մոտեցում, մանրակրկիտ պլանավորում և անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն, հակառակ պարագայում հաջողության հասնել հնարավոր չէ։  

 























Հիվանդություն - Ախտորոշում - Բուժում