Որո՞նք են վարիկոզ հիվանդության բարդությունները. Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյան
Վարիկոզը ունի բավականին տիպիկ կլինիկական ընթացք և ախտանիշներ։ Գոյություն ունի միջազգային CEAP - դասակարգում, որտեղ՝ C - կլինիկա, E - էթիոլոգիա, A - անատոմիա և P - պաթոգենոզ, սակայն բժշկի առօրյա պրակտիկայում օգտագործվում է առավելապես C - կլինիկական բաղադրիչը։ Ըստ այս դասակարգման տարբերում են հիվանդության զարգացման 6 կլինիկական փուլ։ Դրանք են՝
1-ին փուլ (C1) - գանգատներին ավելանում են տարբեր տեղակայման մազանոթային ցանցեր, աստղիկներ, սարդեր, որոնք առավելապես էսթետիկ խնդիր են հանդիսանում
2-րդ փուլ (C2) - ի հայտ են գալիս ենթամաշկային երակների բավականին արտահայտված վարիկոզ հանգույցներ (3 մմ և ավելին)
3-րդ փուլ (C3) - զարգանում են այտուցներ, որոնք հատկապես նկատելի են դառնում օրվա երկրորդ կեսին, ինչը վկայում է զգալի երակային անբավարարության զարգացման մասին
4-րդ փուլ (C4) - երկարատև այտուցները և երակային հոսքի նշանակալի խանգարումը բերում են փափուկ հյուսվածքների սնուցման խանգարման, ինչը արտահայտվում է սրունքների ստորին հատվածներում, հատկապես կոճերի շրջանում, մաշկի գույնի մգացմամբ, պիգմենտավորմամբ, տարբեր տեսակի մաշկաբորբերի առաջացմամբ
5-րդ փուլ (C5) - լավացած խոցերի փուլն է, երբ մաշկի տրոֆիկ փոփոխությունները զոնայում եղել են խոցեր, որոնք այս կամ այն բուժման արդյունքում լավացել են վերածվելով սպիական հյուսվածքների
6-րդ փուլ (C6) - ակտիվ խոցերի փուլ, երբ առկա են բավականին ցավոտ, երկարատև չլավացող տրոֆիկ խոցեր՝ տարբեր չափերի և տեղակայման
Սովորաբար վարիկոզի C4-C6 փուլերը արդեն իսկ համարվում են բարդություններ, քանի առաջացած սնուցման խանգարումները հաճախ չեն վերականգնվում, բերում հաշմանդամության առաջացման, տուժում է պացիենտի սոցիալական ակտիվությունն ու աշխատունակությունը։
Իսկ վարիկոզի ամենավտանգավոր և սուր բարդությունը թրոմբոֆլեբիտի զարգացումն է, երբ վարիկոզ փոփոխված երակներում կարող են առաջանալ արյան մակարդուկներ՝ թրոմբներ, որն էլ իր հերթին կարող է բարդանալ թրոմբոէմբոլիայի առաջացմամբ, այսինքն թրոմբի մի մասնիկը կարող է պոկվել և արյան հոսքի հետ տեղափոխվել դեպի թոքային զարկերակի համակարգ։