Y Logo
Ինչպիսի՞ն է միզապարկի քաղցկեղի բուժումը զարգացման տարբեր փուլերում

Ինչպիսի՞ն է միզապարկի քաղցկեղի բուժումը զարգացման տարբեր փուլերում

   Ներկայացնում է Արամյանց բժշկական կենտրոնի Ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, բ․գ․դ, պրոֆեսոր Ռուբեն Բորոյանը։

  Միզապարկի քաղցկեղը միզապարկի լորձաթաղանթի չարորակ ուռուցք է: Այն, ինչպես ցանկացած այլ չարորակ ուռուցք, բնութագրվում է բջիջների անվերահսկելի աճով և վերջիններիս մետաստազներ տալու ունակությամբ՝ տարածվելով դեպի այլ օրգաններ։

   Շատ հաճախ միզապարկի քաղցկեղի ախտանշանները կամ արտահայտված չեն լինում կամ մեղմ են արտահայտվում, սակայն ամենալուրջ ահազանգը, որի պարագայում պետք է շտապ դիմել բժշկի, արյունամիզությունն է։ Բոլոր քաղցկեղածին նյութերը, որոնք արտազատվում են մեզի միջոցով, ազդում են միզապարկի լորձաթաղանթի վրա։ Դրանց մեջ առաջին տեղում է ծխախոտը։

   Ռիսկի գործոններ են նաև արդյունաբերական ներկերի և տոքսիկ նյութերի տևական մասնագիտական առնչությունը, երկարատև չբուժված բորբոքումներն ու ինֆեկցիոն պրոցեսները։ Հենց այդ պատճառով էլ առողջությանը հետևելը շատ կարևոր է, եթե նշված ռիսկի գործոնների հետ առնչվում եք, կարևոր է ժամանակին դիմել բժշկի։ Միզապարկի լորձաթաղանթի բջիջը չարորականալուց հետո սկսում է անվերահսկելիորեն բազմանալ և սկսում է քաղցկեղի զարգացման առաջին փուլը:

  Հենց ուռուցքը թափանցում է օրգանի մկանային շերտ, սա արդեն երկրորդ փուլն է։ Երբ այն տարածվում է միզապարկից դուրս, սկսում է 3-րդ փուլը: Քաղցկեղը երբ սկսում է տարածվել այլ օրգանների վրա՝ սկսվում է քաղցկեղի չորրորդ փուլը:

   Միզապարկի քաղցկեղի երկրորդ և ավելի բարձր փուլերը կարող են բուժվել միայն միզապարկի հեռացման միջոցով: Ուստի շատ կարևոր է ժամանակին դիմել բժշկին, և հետազոտվել կանխարգելիչ նպատակներով, հատկապես որ ուռուցքի վաղաժամ հայտնաբերումը թույլ է տալիս բուժել քաղցկեղը առանց հեռացնելու միզապարկը։

  Միզապարկի քաղցկեղի բուժման շատ կարևոր բաղադրիչը քիմիաթերապիան է: Քաղցկեղի 3-րդ և 4-րդ փուլերի դեպքում աշխատում ենք քիմիաթերապիայի և ճառագայթային թերապևտների հետ՝ մշակելու բուժման ծրագիր, որը ներառում է նախավիրահատական քիմիաթերապիա, վիրաբուժություն և ռադիոթերապիա:

  Միզապարկի ուռուցքի դեպքում ցուցված է լինում ՏՈՒՌ վիրահատություն, որը էնդոսկոպիկ ներմիզուկային միջամտություն է և կատարվում է հատուկ գործիքի միջոցով, որը կոչվում է ռեզեկտոսկոպ: Այս վիրահատությունը երկակի նշանակություն ունի. եթե ուռուցքը առաջին փուլի է, ապա վիրահատությունը բուժիչ է. եթե երկրորդ և ավելի բարձր փուլում է ուռուցքը, ապա միջամտությունը ախտորոշիչ նպատակ ունի: Եթե հայտնաբերվում են քաղցկեղի երկրորդ և բարձր փուլեր, ապա, միզապարկի հեռացումը (ցիստէկտոմիա) պարտադիր է։ Այս վիրահատությունը, որպես կանոն, ուղեկցվում է ավշային հանգույցների հեռացմամբ, քանի որ քաղցկեղի առաջին մետաստազները տարածվում են ավշային հանգույցների վրա։

   Եղեք առողջ։


Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5