Ի՞նչ անել շոգից պաշտպանվելու համար
Արամյանց բժշկական կենտրոնի Թերապիայի բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Կռնատյանը պատմում՝ ինչ անել շոգի ժամանակ առողջական խնդիրներից խուսափելու համար։
Եթե օդի ջերմաստիճանը 38 աստիճանից ցածր է, օրգանիզմը պայքարում է գերտաքացման դեմ՝ մեծացնելով ենթամաշկային արյան հոսքը, ինչը թույլ է տալիս մարմնին ավելի ակտիվ ջերմություն տալ և արդյունավետ սառեցնել: Բայց երբ ջերմությունն ուժեղանում է, և արտաքին ջերմաստիճանը բարձրանում է ներքինից, օրգանիզմն անցնում է «ռեսուրսների խնայողությանը»՝ խթանելով արյան հոսքի կենտրոնացման մեխանիզմը։ Սա լրջորեն մեծացնում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը՝ հարուցելով արյան ճնշման տատանումներ, սրտխփոց, օդի պակասի զգացում, կրծքավանդակում սեղմվածություն, հեղձուկի նոպաներ, որոնք ուղեկցվում են կրծքավանդակի սուր ցավով։ Այն վատթարացնում է մի շարք քրոնիկական հիվանդությունների ընթացքը, ինչպիսիք են ՍԻՀ-ը, զարկերակային հիպերթենզիան, շաքարային դիաբետը, քրոնիկական սրտային անբավարարությունը, թոքերի քրոնիկ հիվանդությունները, թոք-սրտային անբավարարությունը, երիկամային քրոնիկ հիվանդությունը, ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը, ավշային կանգը՝ լիմֆոստազը, ինչպես նաև հոգեկան տարբեր տիպի խանգարումները:
Ծայրահեղ շոգին մարդիկ կարող են զգալ արևահարություն, ջերմային հյուծում կամ նույնիսկ ջերմային սպազմ: Անմիջապես բուժօգնություն չստանալու դեպքում արևային հարվածը կարող է մշտական վնաս հասցնել կենսական օրգաններին՝ բերելով նույնիսկ մահվան:
Շոգ եղանակը կարող է ազդել ոչ միայն հիվանդների, այլև բոլորի վրա, այդ թվում՝ երիտասարդների ու առողջ մարդկանց:
Ռիսկի գոտում են այն մարդիկ, ովքեր ունեն 65 և ավելի տարիք, ունեն ավելորդ քաշ; նրանք, ովքեր աշխատում են դրսում և ովքեր կարիք ունեն բացօթյա սպորտով զբաղվելու, նրանք, ովքեր ընդունում են հակաալերգիկ, հակահիպերթենզիվ, հակացնցումային դեղամիջոցներ, հակադեպրեսանտներ, հաշմանդամություն ունեցող անձինք, հղի կանայք և կերակրող մայրերը; նորածինները և փոքր երեխաները, ինչպես նաև ավելի զով երկրներից ժամանողները:
Որպեսզի խուսափեք արևահարությունից՝ խմեք որքան հնարավոր է շատ ջուր, նույնիսկ եթե ծարավ չեք։ Առողջ մարդուն բավական է օրական մոտ 2-2,5 լիտր մաքուր ջուր օգտագործել շոգին հեղուկի կորուստը փոխհատուցելու համար։ Այնուամենայնիվ, մյուս կողմից արժե հաշվի առնել նաև այն փաստը, որ սառեցված ջուրն անոթասեղմիչ է, և դրանով իսկ խաթարում է մարսողությունը: Մարմնի <<ուշադրությունն այսպիսով շեղվում է մարսողությունից>>, քանի որ այն փորձում է կարգավորել մեր մարմնի ջերմաստիճանը և ջրի ջերմաստիճանը, ուստի այն իրականում կարող է հանգեցնել ջրի կորստին՝ և այսպիսով նպաստել մարմնի ջրազրկմանը: Ուստի դրանից խուսափելու համար արժե խմել սովորական ջուր, բայց ոչ շատ սառը:
Բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես օրվա կեսին։ Իսկ եթե մարդն աշխատում է փողոցում, ապա պարբերաբար անհրաժեշտ է ընդմիջել և 10-15 րոպե հանգստանալ զով սենյակում։
Երբ դրսում եք, կրեք գլխարկ, կիրառեք արևապաշտպան քսուք և ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հնարավորության դեպքում չեղարկել կամ հետաձգել շրջագայությունները: Առավոտյան ժամը 11-ից մինչև 16-ը, երբ արևի ճառագայթներն ամենահզորն են, խորհուրդ է տրվում երկար ժամանակ դուրս չգալ և արևի տակ չգտնվել։ Հագեք բաց, բաց գույնի հագուստ՝ պատրաստված բնական մանրաթելերից, ինչպիսիք են բամբակը: Ձեր սննդակարգում ներառեք թեթև և բանջարեղենային ուտեստներ, դրանք կերեք ամբողջ օրվա ընթացքում՝ փոքր չափաբաժիններով։ Համոզվեք, որ սառնարանային կարիք ունեցող սննդամթերքը պատշաճ կերպով է պահվում:Խուսափեք ճարպային և կծու սննդից, աշխատեք չափից շատ չուտել: Մի մոռացեք, որ քաղցր գազավորված ըմպելիքները և հյութերը չեն օգնում հաղթահարել ծարավը, այլ միայն ավելացնում են այն։ Հետևաբար, ծայրահեղ շոգին ավելի լավ է խմել սովորական չգազավորված հանքային ջուր:
Մի մոռացեք, որ երեխայի մարմինը տաքանում է 3-5 անգամ ավելի արագ, քան մեծահասակի մարմինը: Ոչ մի դեպքում չի կարելի երեխային թողնել մեքենայի մեջ։ Մեքենայում ջերմաստիճանը տաքանում է ընդամենը 10 րոպեում 20 աստիճանով, իսկ մեկ ժամում՝ 40 աստիճանով։ Անգամ պատուհանները մի փոքր բաց թողնելով՝ չես կանխի ջերմաստիճանի բարձրացմանը՝ վտանգավոր մակարդակի:Հետևելով տարրական նմանօրինակ խորհուրդներին՝ կկանխեք արևահարությունը և շոգ եղանակին՝ մի շարք հիվավնդությունների ընթացքի վատթարացումը: