Հայաստանյան կլինիկան տարածաշրջանային կենտրոն

Բարձրահասակ մարդկանց կողքին անվստահության զգացում երբեմն կարող են ունենալ շատերը, բայց նրանց մի մասին այն ուղեկցում է ամբողջ կյանքում. միշտ նայել ներքևից վերև, անընդհատ շրջապատին ապացուցել, որ կարճ հասակը խոչընդոտ չի կարող լինել կարիերայում կամ անձնական կյանքում: Եվ բնությանը խաբելն ու մի քանի սանտիմետրով հասակ առնելը դառնում է նրանց կյանքի իմաստը:

Ի ուրախություն նման խնդիր ունեցող մարդկանց` կա հասակի սանտիմետրերն ավելացնելու փորձված  միջոց. Իլիզարովի մեթոդով վիրահատություն: Դրա շնորհիվ բժիշկները երկարացնում են ազդրերն ու սրունքները, հետևաբար ավելացնում նաև հասակը: Մեթոդի արդյունավետության և առանձնահատկությունների մասին մանրամասները՝ «Վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի» տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, վնասվածքաբան-օրթոպեդ Արշակ Միրզոյանի հետ հարցազրույցում: 

-Եվ այսպես՝ այն մարդիկ, ովքեր դժգոհ են իրենց ոտքերի ձևից կամ կարճ հասակից, կարո՞ղ են այցելել Ձեր կենտրոն և մեկընդմիշտ լուծել իրենց խնդիրը: 

-Այո,  մեր կենտրոն այցելում են նրանք, ում չի բավարարում իրենց ոտքերի ձևը, կամ ում կարճ հասակը դարձել է հոգեբանական ծանր ապրումների և ցածր ինքնագնահատականի պատճառ: Կենտրոնը հիմնադրվել է 2000թ., սակայն էսթետիկ ցուցումներով ոտքերի ձևի ուղղման և սրունքների երկարացման առաջին վիրահատությունը Իլիզարովի մեթոդով Հայաստանում կատարել ենք  1989թ.-ին: Մեթոդը իրենից ներկայացնում է մեխանիկական ազդեցությամբ ոսկրային և փափուկ հյուսվածքների աճ, որը շատ նման է բնական աճին: Մեթոդը ստեղծվել  և զարգացել է  Գավրիլ Իլիզարովի կողմից անցած դարի երկրորդ կեսին: Ինձ բախտ է վիճակվել աշխատել և սովորել  անմիջապես մեթոդի հիմնադիր, պրոֆեսոր Իլիզարովի ղեկավարությամբ Կուրգանում: Մեր որակավորման աստիճանը և հաջող վիրահատությունների բարձր տոկոսը  թույլ են տալիս մեզ ներկայացնել մեր փորձը տարբեր միջազգային գիտաժողովներում: Տարեցտարի ավելանում են մեր արտասահմանցի հիվանդների քանակն ու աշխարհագրությունը: Այսօր ենք հպարտությամբ կարող ենք նշել, որ  մեր կենտրոնում բուժում են ստացել այցելուներ աշխարհի 19 երկրներից, այդ թվում այնպիսի զարգացած երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա, եվրոպական մի շարք երկրներ: 

-Իսկ արտասահմանցի հիվանդներին ի՞նչն է բերում Հայաստան, ինչու՞ չեն վիրահատվում այլ կլինիկաներում:

-Մեր վերլուծություններով՝ նմանատիպ վիրահատությունների որակ-արժեք համադրության մեջ մենք մրցակից ենք այս ծառայությունները մատուցող առաջադեմ կլինիկաներին, և մեր նշաձողը բարձր որակն է, այլ ոչ թե ցածր գինը: Նաև պետք է նշեմ, որ նմանատիպ վիրահատությունների արժեքը զարգացած երկրներում զգալի բարձր է:

 

 -Որքա՞ն է տևում բուժումը, և արդյոք դրանից հետո Ձեր պացիենտները կարողանու՞մ են ակտիվ կենսակերպ վարել, սպորտով զբաղվել:  

- Պետք է նշեմ, որ նմանատիպ վիրահատություններն ու հետվիրահատական խնամքը խիստ կապված են վերջույթների երկարացման չափից և առանցքի ուղղման աստիճանից: Յուրաքանչյուր էտապը տևում է մոտ 2,5-5 ամիս: Բուժման ընթացքում պացիենտները գամված չեն լինում անկողնուն. նրանք քայլում են տանը, նաև կարող են դուրս գալ, մեքենա վարել: Բուժումից հետո կարող են վերադառնալ իրենց նախկին կենսակերպին ու նախասիրություններին, երկար քայլել, պարել, թեկուզ լեռ մագլցել կամ զբաղվել ցանկացած սպորտաձևով: Ասեմ ավելին` մի քանի տարի անց ռենտգեն հետազոտությունն անգամ ցույց չի տալիս, որ ոսկորը երկարացվել է: Այսօր Երևանի փողոցներում շատերն են զբոսնում երկարացրած ու շտկված ոտքերով: Իսկ մեր ռեկորդը եղել է մի երիտասարդի հասակը 16 սմ-ով ավելացնելը: 

-Իսկ ի՞նչ ներդրում կարող է ունենալ Ձեր կենտրոնը առողջապահական տուրիզմի զարգացման գործում: 

-2000 թ. առ այսօր Հայաստան մեր ծառայությունից օգտվելու են եկել ազգությամբ ոչ հայեր աշխարհի տարբեր երկրներից: Մանրամասն տեղեկատվություն նրանք ստանում են մեր կայքի (www.leglengthening.am) միջոցով, նաև երկարատև նամակագրական բանակցություններ ենք ունենում` ներկայացնելով վիրահատության ընթացքն ու մեթոդը: Ոտքերի ձևի շտկումը և հասակի ավելացումը պատասխանատու որոշում են: Բուժման  մեթոդը, երկարատևությունը և ռեաբիլիտացիան, արժեքը  և դրանց հասնելու ժամկետները և բոլոր մյուս հանգամանքները պացիենտը պետք է հաշվի առնի: Եվ քանի որ բուժման ու վերականգնման ընթացքը անկողնային ռեժիմ չի պահանջում, մեր օտարերկրացի պացիենտները հնարավորություն են ունենում ճանաչել ոչ միայն Երևանը, այլև լինել Հայաստանի շատ տեսարժան վայրերում, ճանաչել մեր մշակույթը ու նոր բացահայտումներ անել իրենց համար: Օրինակ` Քուեյթից մի պացիենտ ունեինք, ով երբեք բնական ձյուն չէր տեսել, ու Ծաղկաձոր այցելությունը անմոռանալի հետք թողեց նրա կյանքում: Չեմ կարող չնշել Թուրքիայից եկած մի երիտասարդ գեղեցկուհու, ում հասակը ավելացվեց 6 սմ-ով: Չեք կարող պատկերացնել, թե ինչ ջերմությամբ է նա  մինչ այսօր մեզ գրում և հիշում Հայաստանը: 

Շատերն են կրկին գալու ցանկություն հայտնում, որովհետև բուժման հետ մեկտեղ իրենց համար բացահայտում են նոր, հյուրընկալ երկիր՝ բարձր մարդկային արժեքներով ու մշակույթով:

-Փաստորեն Ձեր միջամտությամբ նաև հետաքրքիր փոփոխություններ են կատարվում մարդկանց կյանքում: 

-Շատ դեպքերում, որպես օրենք, մեր պացիենտների կյանքը բաժանվում է երկու մասի՝ մինչև վիրահատությունը և վիրահատությունից հետո: Բազմաթիվ են պատմությունները, որ մեր վիրահատական միջամտությունից հետո փոխվել են մարդկանց զգեստապահարանը, տան մթնոլորտը, բարձրացել ինքնագնահատականը, և ի վերջո մարդիկ գտել են իրենց երջանկությունը: Նախկին պացիենտների մեծ մասը պահպանում է կապը մեզ հետ, ուղարկում իրենց ընտանեկան լուսանկարները, շնորհակալությամբ կիսում մեզ հետ իրենց ձեռքբերումները: Իհարկե, մեզ համար շատ հաճելի է ստանալ նման գնահատականներ:

 

«Երևակ» ամսագիր



Հարցազրույց