Յուրաքանչյուր կին տարին ամենաքիչը մեկ անգամ պետք է այցելի գինեկոլոգին: Սա նվազագույն պարտադիր պայմանն է՝ կնոջ առողջությունը պահպանելու և հնարավոր բարդացումները կանխելու համար, հատկապես որ ժամանակակից ապրելակերպը ռիսկի բազմաթիվ գործոններ է ստեղծում կնոջ առողջության համար՝անդրադառնալով նաև անպտղության դեպքերի աճի վրա: Ամենաակտուալ գինեկոլոգիական հիվանդությունների ու տարածված խնդիրների շուրջ զրուցել ենք Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Շատվերյանի հետ:
-Որո՞նք են ամենատարածված գինեկոլոգիական խնդիրները Հայաստանում:
-Առհասարակ գինեկոլոգիական խնդիրների 60-70%-ը բաժին է ընկնում բորբոքային հիվանդություններին`կապված ժամանակակից կյանքի ռիթմի, էկոլոգիայի, սննդակարգի, օրգանիզմի դիմադրողականության անկման, միգրացիոն գործընթացների ակտիվացման և սեռավարակների տարածվածության հետ:
-Նշեք ախտանիշները, որոնք նկատելու պարագայում պետք է շտապ դիմել գինեկոլոգին:
-Եթե առկա է սեռական ուղիներից եկող առատ ու անսովոր արտադրություն, դիսկոմֆորտ, քոր, այրոց արտաքին սեռական օրգանների շրջանում, ցավեր ստորորովայնային և աճուկային շրջանում, ապա պետք է դիմել գինեկոլոգին: Կկատարվեն հետազոտություններ, կհայտնաբերվի բորբոքման պատճառը, որի հիման վրա էլ գինեկոլոգը կնշանակի համապատասխան բուժումը: Նշեմ, որ բժշկին չդիմելու դեպքում կամ ոչ լիարժեք բուժվելու դեպքում ի հայտ կգան լուրջ բարդացումներ, որոնք հետո ավելի բարդ ու երկարատև բուժում են պահանջելու: Այսինքն՝ սուր ընթացքի մեղմացումը դեռ վերջնական բուժում չէ, քանի որ հիվանդությունը կարող է ձեռք բերել խրոնիկական բնույթ, որն ավելի դժվար է ենթարկվում բուժման, այն դեպքում, երբ ժամանակին գինեկոլոգին դիմելով՝ կարելի է կարճ ժամկետներում ու, ամենակարևորը, լիարժեք բուժվել:
-Ի՞նչ բարդությունների մասին է խոսքը:
-Լիարժեք չբուժվելու դեպքում բորբոքային պրոցեսը ավելի է տարածվում, հանգեցնում արգանդի, արգանդափողերի, ձվարանների ախտահարման, երբեմն փոքր կոնքից պրոցեսը կարող է տարածվել նաև որովայնի խոռոչ՝բերելով լուրջ բարդություններ:Սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները կարող են ախտահարել նաև միզուղիները՝ համապատասխան հետևանքներով:
Բորբոքային հիվանդությունների հետևանք կարող են լինել նաև դաշտանային ցիկլի տարաբնույթ խանգարումները: Բուժման արդյունավետության համար շատ կարևոր է ոչ միայն ճիշտ կատարել բժշկի նշանակումները, այլև պահպանել անձնական ու սեռական հիգիենան:
Իսկ ակտուալ ու ամենավտանգավոր հետևանքը անպտղությունն է, ինչը լուրջ սոցիալական և դեմոգրաֆիկ հետևանքներ ունի:
-Բացի բորբոքային խնդիրներից ի՞նչն է նպաստում անպտղությանը:
Անպտղության պատճառներ են դաշտանային ցիկլի խանգարումները, հորմոնալ խանգարումները, սեռական օրգանների զարգացման արատները: Պետք է նշել սակայն, որ անպտղությունը որպես այդպիսին առանձին հիվանդություն չէ, այն միշտ հետևանք է, ընդ որում՝ ոչ միայն սեռական բնույթի խնդիրների: Շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի հիվանդությունները, անգամ որոշ նյարդային և ժառանգական հիվանդություններ ևս կարող են անպտղության պատճառ հանդիսանալ: Նման հիվանդների բուժման գործընթացում անհրաժեշտության դեպքում ներգրավում ենք նաև համապատասխան նեղ մասնագիտացումներ ունեցող մեր գործընկերներին:
-Հիմա շատ է խոսվում այն մասին, որ անպտղության դեպքերն աճում են, իսկ ինչպիսի՞ն է բուժմանարդյունավետությունը, արդյոք անպտղությունը դատավճի՞ռ է:
-Այո, աճի միտում իսկապես կա, սակայն դատավճիռ ասելը ավելի քան չափազանցված է: Ուղղակի մեծացել է բժշկական ու հատկապես գինեկոլոգիական միջամտության դերակատարությունը, որպեսզի կինը զգա մայրության բերկրանքը: Հպարտությամբ պետք է նշեմ, որ անպտղության բուժման հարցում հրաշալի արդյունքներ ունենք, ընդ որում կնոջ հետ կիսում ենք ոչ միայն հղիանալու ուրախությունը, այլև միասին ճանապարհ անցնում հղիության ողջ ընթացքում, վարում ծննդաբերությունը: Ինքս էլ մայրական շատ հաճելի ապրումներ եմ ունենում այդ երեխաների առաջին ճիչը լսելով ու ծնողների երջանկությունը տեսնելով: Ընդ որում, մեզ մոտ հաճախ գալիս են երկար տարիներ տարբեր պատճառներով երեխա չունեցող զույգեր ոչ միայն Հայաստանից, այլև Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Քանի որ անպտղությունը բազմապատճառ բնույթ ունի, հետևաբար այն հետազոտելիս առաջնորդվում ենք բոլոր պատճառների բացառման սկզբունքով:
Շատ եմ կարևորում այն, որ վերջին տարիներին առողջ սերունդ ունենալու հարցում իրենց մեծ դերակատարությունը սկսել են գիտակցել նաև տղամարդիկ և բավականին հեշտ համաձայնվում են հետազոտվել:
-Կանանց հետաքրքրող ամենատարածված հաջորդ հարցը դաշտանային ցիկլի խանգարումներն են: Ո՞րոնք են հիմնական պատճառները:
Դաշտանային ցիկլի խանգարումների պատճառը փոքր կոնքի խոռոչի օրգանների բորբոքումներն են, մյուս կարևոր խնդիրը հորմոնալ խանգարումներն են: Հորմոնալ խանգարումների պատճառ են ինչպես ձվարանների հետ կապված խնդիրները, այնպես է վահանաձև գեղձի նորմալ կենսագործունեության խախտումները: Ընդ որում, հորմոնալ խանգարումների է բերում ինչպես գեղձի կենսագործունեության գերֆունկցիան, այնպես էլ թերֆունկցիան: Դաշտանային շրջանի կարգավորման և կայունացման մեջ շատ կարևոր նշանակության ունի սեռահասունացման շրջանը: Սա շատ խոցելի շրջան է աղջկա համար, և բոլոր անբարենպաստ արտաքին գործոնները՝ երկարատև նյարդային սթրեսային վիճակները, ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, խրոնիկական բորբոքային օջախների առկայությունը/անգինա, փչացած ատամ և այլն/, թերսնուցումը, անբարենպաստ էկոլոգիան կարող են բերել դաշտանային ցիկլի հետ կապված պրոբլեմների:
-Հաճախ դաշտանային ցիկլի խանգարումների պատճառով արյունահոսություններ են լինում, արյունահոսությունները ինչ այլ պատճառներ կարող են ունենալ:
-Տարբեր տարիքային շրջաններում արգանդային արյունահոսությունների պատճառները տարբեր են, եթե սեռահասության շրջանում կապված են հորմոնալ խանգարումների, ապա ռեպրոդուկտիվ տարիքում(18-45) և կլիմակտերիկ շրջանում (45-բարձր) հիմնական պատճառներն են արգանդի միոման, արգանդի վզիկի քաղցկեղը, էնդոմետրիոզը, արգանդի լորձաթաղանթի հիպերպլաստիկ պրոցեսները/գերաճ, պոլիպոզ/: Չպետք է մոռանալ մի այնպիսի մի կարևոր պատճառի մասին, ինչպիսիք են հղիության շրջանի տարբեր տիպի բարդությունները: Հետևաբար սեռական ուղիներից ցանկացած արյունահոսության ժամանակ պարտադիր պետք է դիմել բժշկի, ճիշտ որոշել պատճառը, դադարեցնել արյունահոսությունը և կանխել հետագա բարդացումները:
-Ի՞նչն է ամենակարևորը գինեկոլոգի աշխատանքում:
– Մեր աշխատանքում վստահությունը շատ կարևոր է. երբ հիվանդը ճանաչում է բժշկին, նա նաև չի բարդույթավորվում տարբեր խնդիրներով դիմելիս: Ջերմ հարաբերությունների շնորհիվ նաև տեղյակ ես լինում ընտանիքի հոգեբանական, սոցիալական ու անգամ ժառանգական առանձնահատկություններին, ինչը հեշտացնում է բուժման ու հիվանդությունների կանխարգելման ընթացքը:
2018-05-14
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան