«Մի՛ վնասիր» կամ «primum nоn nocere» (բառացի՝ «առաջին հերթին՝ մի՛ վնասիր»):
Բժշկական էթիկայի հնագույն սկզբունք, որը վերագրվում է Հիպոկրատին, չնայած բառացի Հիպոկրատի երդումն այն չի էլ պարունակում։ Այս սկզբունքն է դարեր ի վեր եղել հիվանդ - բժիշկ փոխհարաբերությունների, վստահության ու առողջության հիմնային գրավականը։
Զրույցս մի մարդու հետ է, ով հենց առաջին հայացքով, բառով ու շարժումով կարողացավ ստեղծել վստահություն իր և իր կատարած աշխատանքի նկատմամբ, հավատի ու լավատեսության հսկայական պաշարով բարդագույն թեմայի շուրջ տվեց ամենադրական և օբյեկտիվ տեղեկություններ, տրամադրվածություն, լիցքեր…
«Մասնագիտություն ընտրելիս կարևոր չափանիշ էր բարդ ու պատասխանատու բանով զբաղվելը, ինչը միևնույն ժամանակ կլիներ հնարավորինս նուրբ։ Ես անոթային վիրաբույժ եմ, իսկ անոթային վիրաբուժության մեջ ամեն ինչ ծայրահեղ է…»,- ասում է Տիգրան Քամալյանը։
Անոթային վիրաբույժը զբաղվում է անոթային համակարգի պրակտիկորեն բոլոր հատվածների խնդիրներով բացառությամբ սրտի և ուղեղի անոթների։
Արյունատար անոթներ. չափազանց բարդ համակարգ է, որն ապահովում է օրգանիզմի կենսական գործառույթները, իսկ երակներն ու զարկերակները մազանոթներին արյուն մատակարարող հիմնական կառուցվածքներն են, որոնք էլ արյունը հասցնում են բոլոր օրգաններին ու հյուսվածքներին։ Այս ամենն ապահովում է յուրաքանչյուր բջջին անհրաժեշտ սնունդը։
Զարկերակային համակարգի ամենաչնչին խանգարումն էլ անգամ հանգեցնում է տեղային արյան անբավարարության, ինչը ծայրահեղ բացասական ազդեցություն է ունենում օրգանների, հյուսվածքների և ամբողջական օրգան-համակարգերի գործունեության վրա։ Անոթները ենթարկվում են տարաբնույթ հիվանդությունների և կարող են վնասվել։ Անոթների փականների ու պատերի դեգրադացիան և վնասվածքները, անոթային լուսանցքի նեղացումը, աթերոսկլերոտիկ թիթեղիկների զարգացումն ու թրոմբային գոյացությունների առաջացումը հանգեցնում են արյան հոսքի դանդաղեցման, երակների պատերի բորբոքման և պաթոլոգիկ լայնացման։
Անոթային խնդիրներով զբաղվող գիտությունը՝ ի տարբերություն բժշկության մյուս դրսևորումների, որպես առանձին գործող գիտություն, համեմատաբար երիտասարդ է։ Ունի մոտ 100-150 տարվա պատմություն։
Սիրտ-անոթային հիվանդությունները համարվում են ժամանակակից մարդու ամենատարածված խնդիրը՝ ԱՀԿ-ի տվյալներով։
Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-իբժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքը բժիշկ Տիգրան Քամալյանի գլխավորությամբ զբաղվում է անոթային հիվանդությունների ողջ հնարավոր սպեկտրով։ Ժամանակակից մեթոդներն ու տեխնոլոգիաները չեն շրջանցել կենտրոնը։
«Հետխորհրդային տարիներին ողջ ԽՍՀՄ-ում կար Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոն, որը տեղակայված էր Մոսկվայում։ Այն ուներ միայն մի քանի մասնաճյուղ, որոնցից մեկը Ալ. Միքայելյանի ջանքերով դարձավ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը։ Ունեցել ենք հզոր դիրք, մասնագետներ, ովքեր հեղինակել են անոթային վիրաբուժության շատ մոտեցումներ, ուղեցույցներ, որոնք ուղարկվում էին Մոսկվա՝ առողջապահության նախարարություն, այնտեղից էլ հաստատվում, ուղարկվում էին խորհրդային միության այլ երկրներ ու տարածվում»։
Ըստ բժիշկ Քամալյանի՝ ԽՍՀՄ-ի փլուզումը, երկրաշարժը, պատերազմը չէին կարող լինել անհետևանք։ Ամեն ինչ քանդվեց ու սկսեց կառուցվել նորից, սակայն մնացին ավանդույթներ, որոնք հին հիմքի վրա նորն ու ավելի լավը դառնալու պատճառ եղան։ Այսօր անոթային վիրաբուժությունը Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ում
զարգանում է համաշխարհային տենդենցներին զուգահեռ՝ աշխատելով անտեսել առաջ եկող բոլոր տեխնիկական խնդիրները։ «Կա ֆինանսավորման խնդիր՝ նոր սարքերի, նոր պրեպարատների ձեռքբերման, վերապատրաստումներին, կոնֆերանսներին մասնակցելու համար։ Նորն իմանալը, նորը վերցնելն ու զարգացնելը չափազանց կարևոր են, քանի որ մենք ունենք համաշխարհային բժշկությանը նոր տեմպերով հասնելու խնդիր և հնարավորություն»։
Սրանք ուղղակի խոսքեր չեն. առաջին անգամ 2006 թվականին Հայաստանում կատարվեց վիրահատական միջամտություն լազերային սարքի միջոցով Վլ. Ավագյանի բժշկական կենտրոնում։ Սարքի հենց առաջին կիրառումից այն դարձավ ոչ թե բուն վիրահատական գործիք, այլ նոր մոտեցմամբ միջոց վիրահատական ընթացքն ավելի թեթևացնելու ու վիրահատության ընթացքում անհամեմատ ավելի քիչ տրավմատիկ վնասվածքներ հարուցելու, ինչպես նաև առավելագույն կոսմետիկ արդյունք ապահովելու համար։
Այստեղ կատարվում են վերջութային պերիֆերիկ զարկերակների ստենտավորումներ, ինչը պրակտիկորեն միայն կենտրոնի մենաշնորհն է, նաև՝ այսպես կոչված, հիբրիդ զարկերակային վիրահատություններ, երբ անոթի մի հատվածում արվում է բաց, իսկ մյուսում փակ՝ էնդովասկուլյար ներանոթային միջամտություն։ Դա բավական բարդ է. արտերկրում նմանօրինակ վիրահատությունը կատարվում է երկու և ավելի փուլերով, առանձին մասնագետների կողմից, իսկ այստեղ վիրահատությունը կատարվում է մեկ փուլով և ընդհանուր անուն կրող՝ անոթային վիրաբույժի կողմից։
«Սրտանոթային և առհասարակ՝ առողջական բոլոր խնդիրներն ու հիվանդությունները բացասական զարգացում են ապրում գիտատեխնիկական դարաշրջանի ակտիվ զարգացմանը զուգահեռ։ Սա ուղիղ հետևանք է մարդու առօրեայում ամենապրիմիտիվ փոփոխությունների ՝ նստակյաց կյանքը, գրասենյակային աշխատանքներ, հաճախ թռիչքներ ինքնաթիռով, իբրև թե գեղեցիկ, նորաձև, բայց օրգանիզմի վրա սխալ անդրադարձ ունեցող, ճնշող հագուստ… սրանք բարենպաստ պայմաններ են ստեղծում, օրինակ, վարիկոզի առաջացման համար»,- ասում է բժիշկը։
Ըստ նրա՝ երակային համակարգում ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է քրոնիկ երակային անբավարարությունը իր տարատեսակներով։ Դրանց ամենահաճախ հանդիպող սուր վիճակ են թրոմբոֆլեբիտները։
Զարկերակային համակարգի հերթապահ հիվանդություններից է աթերոսկլերոզը, ինչի հետևանքով առավելապես ախտահարվում են ստորին վերջույթները։
Խնդիրն արտահայտվում է սկսած ուղղակի ցավից քայլելու ընթացքում, մինչև օրինակ ամպուտացման ենթակա փտախտ։
Անոթային հիվանդություններն ու խնդիրները շատ են, իսկ համախտանիշները՝ նման ու հաճախ՝ ակնառու։
Վարիկոզ լայնացած տեսանելի հանգույցներ, այտուցներ, անբնական հոգնածություն հատկապես օրվա երկրորդ կեսին, տրոֆիկ փոփոխություններ՝ մաշկի գունափոխում, առանց պատճառի առաջացող վերքեր, մաշկի դյուրագրգիռություն… սրանք այն զարթուցիչներն են, որոնք պիտի պատճառ լինեն անոթաբանին այցելելու։
«Որպես կանոն՝ ավելի ճիշտ է բժշկի օգնությանը դիմել ամենաաննշան ու փոքր երակների ու մազանոթների ակնառու խնդիրների դեպքում։ Այսպես անհամեմատ մեծանում է բուժման հավանականությունը առանց վիրահատական որևէ միջամտության»,- կարծում է Տիգրան Քամալյանը։
Պրակտիկորեն անհնար է կյանքի ընթացքում երբեք չդիմել անոթաբանին։ Չդիմել նշանակում է աչքաթող անել սեփական կյանքն ու առողջությունը։ Ըստ անոթաբանի՝ թիրախային հիմնական խմբում են քառասունն անց տարիքում գտնվողներն, ու հատկապես այս փուլից սկսած ցանկալի է մասնագետին այցելել գոնե տարին մեկ անգամ։
Սրտանոթային բոլոր խնդիրների դեպքում հիմնական պատճառները գրեթե նույնն են՝ պասիվ ապրելակերպ, ավելորդ քաշ, վատ սովորություններ՝ ծխել, խմել, խոլեստերինի մակարդակի բարձր ցուցանիշներ, սխալ հագուստ, ինչպես նաև սխալ նստելու, պառկելու դիրքը, սեղմող-կտրող հագուստը, բարձր և կամ լրիվ տափակ կրունկները, սթրեսներ, դիաբետ…
«Հայաստանում մենթալիտետի ու սոցիալական վիճակի հետևանքով մարդիկ սովորել են բժշկի դիմել այն ժամանակ, երբ մասնագետի արսենալն արդեն կարող է չբավարարել ու իր ուզածի չափ օգնելու հնարավորություն այլևս չկա։ Կան խնդիրներ, որոնց համար անգամ կարևոր ու հաշված են ժամերը, ու եթե հիվանդը դիմեր մեկ-երկու փուլ ավել շուտ՝ միանշանակ խնդիրը բժշկի համար կլիներ ավելի պրակտիկ լուծման ենթակա։
Սրա դեմ փորձում ենք պայքարել պոլիկլինիկաներում, բուժաշխատողների ու տեղամասային բժիշկների ագիտացմամբ՝ նմանօրինակ խնդիրներ ունեցող հիվանդների հայտնաբերման ու մեզ մոտ ուղղորդման միտումով։ Շատ ավելի դրական կլիներ իրավիճակը, եթե այս խնդրով ինտենսիվ զբաղվեին զանգվածային լրատվամիջոցները, քանի որ ինտերնետի դարաշրջանում դրանց ազդեցությունը բավական ծանրակշիռ է» ,-զրույցն ամփոփեց բժիշկ Քամալյանը։
"Առողջապահական համակարգ" մասնագիտական պարբերական
2018-05-27
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան