Մուրացան ՀՀ-ի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար, ԱՄՆ դեսպանատան բժիշկ Արմեն Փիրուզյանի հետ հանդիպեցինք իր հիմնադրած Փիրուզյան բժշկական կենտրոնի գրասենյակում։ Գրասենյակը փոքր է, կոկիկ կահավորմամբ, մեծ տեղ զբաղեցնող գրասեղանով և պատերին ժամանակակից արվեստի նմուշներով։ «Մեր սպասասրահի, միջանցքի պատերին էլ ամբողջությամբ նկարներ են փակցված,- ժպտալով նշում է Փիրուզյանը, - աննկարագրելի զգացումներ ես ունենում, երբ տեսնում ես, որ ծանր հիվանդությամբ մարդը եկել է և հիացած նայում է ինչ-որ գործի, ժպտում է, ծիծաղում է... Արվեստն առողջության համար կարևոր նախապայման է»։
Բժշկական կենտրոնը զբաղվում է սրտաբանական և թերապևտիկ հիվանդությունների ֆունկցիոնալ ախտորոշմամբ և բուժմամբ։ Ճիշտ է կենտրոնը՝ նորաստեղծ է. գործում է 2014 թվականից, բայց իր տեսակի մեջ յուրահատուկ է։ Փիրուզյանը անթաքույց հպարտությամբ պատմում է. «Մեր նպատակը հանգիստ, քաղաքակիրթ, փոքր կենտրոն ստեղծելն էր, որտեղ հիվանդը ժամերով չի կանգնի հերթերում, չի վազվզի մի տեղից մյուսը, ֆինանսական խնդիրների պատճառով չի դադարեցնի բուժումը։ Կենտրոնը որակյալ մասնագետների և տեխնիկական հագեցվածության շնորհիվ դիմողի վիճակին ճիշտ ախտորոշում է տալիս և հետագա բուժումը պատշաճ կազմակերպում»: Բժիշկ Փիրուզյանի խոսքով՝ կենտրոնն իր ազգանվամբ կոչելը չէ միայն, որ հաջողության հիմք դարձավ, այլ առաջին հերթին մարդիկ գալիս են կենտրոն, որովհետև անձնակազմի նվիրվածությունը, հետևողականությունն ու պրոֆեսիոնալիզմն են տեսնում:
Արմեն Փիրուզյանի հետ «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցեց բժշկական կենտրոնի աշխատանքների, Հայաստանում բժշկության զարգացման տենդենցների, սիրտ-անոթային հիվանդությունների մտահոգիչ աճի և բուժման արդյունավետ եղանակների շուրջ։
-Պարոն Փիրուզյան, պատկերացնենք՝ ես հիվանդ եմ, ունեմ բարձր ճնշում, դիմում եմ Փիրուզյան բժշկական կենտրոն։ Ինչպիսի՞ն է բուժման ընթացակարգն այստեղ։
-Ժամանակակից բժշկության մեջ հիվանդություն բուժելը շատ դեպքերում ամենաբարդ խնդիրը չէ։ Մեր կենտրոնի գլխավոր նպատակներից մեկը նախ հիվանդությունները ճիշտ ախտորոշելն է, իսկ դա ավելի բարդ է։ Ըստ իս՝ լավ բժշկի արվեստը հենց նրանում է, որ նա կարողանա յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում ցույց տալ ու ճշգրիտ ախտորոշի խնդիրը: Ես հաճախ եմ ասում, որ բժշկությունը բարդ փազլի պես է՝ օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված։ Պետք է հաշվի առնել հիվանդի առողջական վիճակի ողջ պատկերը՝ ճիշտ ախտորոշման համար։
Ի դեպ, մեր կենտրոնում և ախտորոշման և բուժման ողջ գործընթացը հիմնված է ժամանակակից արևմտյան, ապացուցողական բժշկության սկզբունքների վրա: Մեր կենտրոնում աշխատող սրտաբանները(Ավետիսյան Նունե, Արուս Ասլանյան) և բժիշկ-ռադիոլոգները (Խոնդկարյան Կարինե, Հովհաննիսյան Անուշ) լավագույն մասնագետներից են, ովքեր մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները եվրոպական ու ամերիկյան առաջատար բուժհաստատություններում:
-Ի՞նչ տեխնիկական հագեցվածություն ունի կենտրոնը:
-Կենտրոնում կատարվում են այն բոլոր հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են ամբուլատոր սրտաբանության համար: Կենտրոնում կան էխոսրտագրության և էլեկտրասրտագրության ժամանակակից և ֆունկցիոնալ սարքավորումներ, տրեդմիլ հետազոտություն՝ ֆիզիկական լարվածության ժամանակ իշեմիան գնահատելու համար, հոլտեր հետազոտություն՝ ռիթմի խանգարումների համար, դոպլեր և դուպլեքս հետազոտություններ՝ անոթներում արյան հոսքի արագությունը, անոթների պատերի վիճակը գնահատելու համար։
-Պացիենտի ախտորոշումն արդեն կա, ո՞րն է հաջորդ քայլը։
-Ախտորոշումից առաջ և հետո ամենակարևորը բժշկի և հիվանդի միջև փոխվստահության ձեռքբերումն է։ Հիվանդը պետք է հասկանա, որ ինքը ճիշտ և ապահով տեղում է, բարձրակարգ մասնագետների մոտ է, որպեսզի ստիպված չլինի ախտորոշման հաստատման համար մի քանի կենտրոնի ևս դիմել։ Թեև մենք ունենք մի սկզբունք՝ անպայման հիվանդին տալիս ենք իր բոլոր թղթերը, հիվանդության պատմությունը, որպեսզի նա ազատ լինի իր ընտրության մեջ՝ դիմելու այն կենտրոնին, որին ինքն է ցանկանում. թողնում ենք իր ազատ կամքին և հարմարությանը։
Ճիշտ ախտորոշելուց հետո մեր հաջորդ քայլը հիվանդին բուժում նշանակելն է, ինչի ընթացքում կարևոր է, որ նա հետևի բոլոր նշանակումներին, պարբերաբար գա կենտրոն՝ ստուգումների համար։ Չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել, դադարել խմել դեղերը։ Բացի այդ, չի կարելի առանց բժշկի նշանակման դեղատնից դեղեր գնել և սկսել օգտագործել։ Կապ չունի, թե այդ դեղն ինչպես է ազդել հարևանիդ, ընկերոջդ, ծանոթիդ վրա։ Յուրաքանչյուր մարդու հիվանդությունն ուրույն ընթացք է ունենում։
-Բժշկությունն այսօր թանկարժեք ծառայություն է, մատչելի ՞ են արդյոք Ձեր կենտրոնի ծառայությունները։
-Մեր կենտրոնում գները էապես չեն տարբերվում նմանատիպ այլ կլինիկաների գներից: Իսկ կենտրոնին կից գործում է «Մուրասանուս» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակներում սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցողները կարող են անվճար օգտվել մեր կենտրոնի բոլոր ծառայություններից: Այնպես որ, մենք տալիս ենք հնարավորություն յուրաքանչյուրին՝ գալ, ստուգվել, բուժվել, լինել մշտական հսկողության տակ: Հայաստանում դեռևս հիվանդությունների կանխարգելման մշակույթը ձևավորված չէ։ Պետությունը հսկայական գումարներ է ծախսում պետպատվերի շրջանակներում հիվանությունների բարդությունների բուժման ու վիրահատությունների վրա, այնինչ կարելի է ժամանակին ռիսկերը գնահատելով՝ կանխարգելել հիվանդության խորացումը։ Ու մենք նաև այս մշակույթը զարգացնելու խնդիրն ենք դրել: Կարևոր է, որ պացիենտը ոչ թե մեկ անգամ ստուգվի ու հաջորդ անգամ այցելի բժշկին միայն տարիներ անց, երբ լուրջ խնդիրներ կան, այլ եթե նա առողջական խնդիր ունի, լինի մշտական կապի մեջ իր բժշկի հետ, հետևի ցուցումներին ու ապրի լիարժեք կյանքով՝ խուսափելով բարդացումներից: Սա իհարկե նաև կօգնի խուսափել ֆինանսական մեծ ծախսերից:
-Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են։ Որո՞նք են հիմնական հիվանդությունները, դրանց պատճառները։ Եվ ինչպե՞ս կարելի է դրանք կանխել և բուժել։
-Նախ նշեմ, որ շատ կարևոր է սիրտ-անոթային ռիսկը ստուգել յուրաքանչյուր հիվանդության պարագայում: Եվ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր մարդ գոնե 5 տարին մեկ պետք է անպայման այցելի սրտաբանին: Գաղտնիք չեմ ասի, որ սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը ամենաբարձրն է: Հայաստանում մեծ տարածում ունեն հատկապես սրտի իշեմիկ հիվանդությունը, հիպերտոնիկ հիվանդությունը, սրտային անբավարարությունը, ռիթմի խանգարումները։ Հիվանդության ռիսկերը լինում են երկու տեսակի՝ ռիսկեր, որոնց վրա մենք կարող ենք ազդել, և որոնց վրա չենք կարող։ Մարդու սեռի, ժառանգականության վրա բժիշկն ազդել չի կարող։ Սակայն ավելորդ քաշի, խոլեստերինի մակարդակի, շաքարային դիաբետի, ծխելու վրա բժիշկն ազդել կարող է։ Պետք է խոսել հիվանդի հետ: Կարևոր է, որ նա գիտակցի՝ եթե օրական երկու տուփի փոխարեն կես տուփ ծխախոտ է ծխում, գուցե խուսափի ուռուցքային հիվանդություն ունենալուց, բայց սիրտ-անոթային հիվանդությունների համար ծխախոտի քանակը, խեժի խտությունը էական նշանակություն չունեն. յուրաքանչյուր գլանակ վտանգավոր է: Պետք է մեկընդմիշտ հրաժարվել, քան թե տարիներ անց լուծել բարդացած խնդիրները։
Մենք մտահոգիչ վիճակագրություն ունենք, ըստ որի՝ Հայաստանում հիպերտոնիկ հիվանդությամբ ախտորոշվածների միայն 9%-ի զարկերակային ճնշումն է գտնվում ադեկվատ հսկողության ներքո։ Պետք է գիտակցել, որ սիրտ-անոթային հիվանդությունները կուրսային ռեժիմով չեն բուժվում։ Բժշկի նշանակած դեղերը պետք է ընդունել հետևողականորեն, տևական ու շատ դեպքերում նույնիսկ մշտական։
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Ձեր աշխատանքին:
-Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում։ Ինձ համար բժշկությունից գեղեցիկ արվեստ չկա։ Եվ պարզ ճշմարտություն է, որ աշխատանքը պետք է հաճույքով անես, պետք է հաճույք ստանաս քո դրած ճիշտ ախտորոշումից, բուժվող հիվանդի լավ արդյունքներից, նրա նախկին և ներկա լաբորատոր տվյալների տարբերությունից։ Հենց այդ պատճառով էլ մեր կենտրոնը բիզնես ուղղվածություն չունի. մեր նպատակը չէ շատ հիվանդներ ունենալը, մեր նպատակն է շատ հիվանդություններ բուժելը։Պետք է ուրախանաս, երբ տարեց մարդիկ կենտրոնից դուրս գալով՝ ապրելու նոր հույս են ձեռք բերում, երբ մարդկանց կենսակերպի վրա դրական ներազդեցություն ես ունենում, երբ մարդու մեջ մարդու առողջ, գեղեցիկ և լավ տեսակն ես սիրում ու քաջալերում։
Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան