«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Վիլեն Մանուկյանի հետ մեր հարցազրույցը վեր է հանում մեր երկրում նույնիսկ նվազեցումից հետո ստենտավորման գների դեռ շատ բարձր լինելու պատճառը, սրտաբանության ոլորտում նույնիսկ մեր հարևաններից Հայաստանի հետ մնալը, մեր երկրում բժշկի անպաշտպան լինելու պատճառները, ոլորտի հետ կապված բազմաթիվ մտահոգիչ և ուշագրավ մանրամասներ:
-Ըստ ձեզ, Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար, ի՞նչ է դրա համար անհրաժեշտ, և որքանո՞վ է դա իրատեսական մեր երկրի համար: Հատկապես ո՞ր ուղղությամբ աշխատանք կա անելու:
– Ասել, որ Հայաստանում այսօր առողջապահության համակարգը կամ որևէ այլ համակարգ իդեալական վիճակում է, միամտություն կլինի: Հսկայական անելիքներ կան բոլոր ուղղություններով, այդպիսի ուղղություն չկա, որտեղ ամեն ինչ ապահովված է: Եթե սրտաբանության ոլորտում մենք 90-ական թվականներին առաջին գծի վրա էինք բոլոր առումներով, ապա այժմ մեր հարևաններն էլ են մեզանից առաջ անցել, մենք այսօր Վրաստանի ետևից ենք վազում ստենտավորման գների առումով, որը ես խայտառակություն եմ համարում մեր համար: Փառք Աստծո, որ վերջին շրջանում ստենտավորման արժեքը Հայաստանում մի քիչ էժանացավ: Սակայն, սա բժշկական հարց չէ, բժիշկներին տրվող հարց չէ, այլ բիզնես, որը բժիշկների հետ ընդհանրապես կապ չունի: Բժիշկն իր գործն է անում, նրա համար ի՞նչ տարբերություն` ինչ գնի ստենտ է դնում, ինքն իր դրած ստենտի, աշխատանքի որակի մասին անհանգստացող մարդ է: Ստենտների գները, որոնք ձեռք են բերվում կենտրոնացված կերպով, խայտառակություն են. թե ինչ մեխանիզմով, չգիտեմ, բայց 200 դոլարանոց ապրանքը, վերջիվերջո, դառնում է 2000 դոլար, կլինիկաներն այդ գնով են ձեռք բերում: Ծայրաստիճան անբավարար եղանակով է այդ ամենը կատարվում: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն ինչ-որ գնումների մեխանիզմով, ինչ-որ կենտրոնացված ճանապարհով ստենտները ձեռք է բերում այնպիսի խայտառակ գներով, այնքան թանկ են նստում դրանք հիվանդանոցի վրա, որ հասկանալի է դառնում` ստենտներն այդ գնով չպետք է վաճառվեն: Եթե այդ ապրանքի միջազգային գինը 200 դոլար է, ինչո՞ւ պետք է բազմապատիկ ավելի բարձր գնով վաճառվեն: Ինձ մտահոգում է, որ հիվանդները, որոնք կարիք ունեն բուժական միջամտության, չեն կարողանում այն ստանալ, որովհետև ստենտավորման արժեքի նվազեցումից հետո էլ այդ ծառայությունից օգտվելը դեռ շատ թանկ է: Այսօր դրա պատճառով մենք որակ ենք կորցնում:
Խնդիրն այն է, որ հսկայական արժեքի գործողություն է կատարվում, տվյալ գործողության համար բժշկի աշխատանքի վարձատրությունը ստենտավորման համար գանձվող այդ հսկայական գումարի չնչին մասն է կազմում (վիրավորական կերպով ցածր է, խայտառակություն), հիվանդանոցը ստենտավորման բարձր գնից շատ քիչ է օգտվում, հիվանդանոցի օգուտը չնչին է: Այսինքն` հիվանդանոցը ստենտավորման համար գանձվող գումարից ներդրումներ կատարելու և իր զարգացման նպատակով գումար չի կարողանում հատկացնել, բժիշկն իր զարգացման համար գումար չի ստանում, մինչդեռ ստենտավորման համար գանձվող այդ հսկայական գումարի առյուծի բաժինն իբրև ստենտի արժեք, որի իրական գինն այնքան բարձր չէ, որքանով մեզ է հասնում, ստանում են կողմնակի մարդիկ:
Ամփոփելով պատասխանս՝ ասեմ, որ Հայաստանում, կարծում եմ, ապահովված չեն բավարար պայմաններ որակյալ բժշկության համար: Բավարար պայմաններ ապահովված են այն երկրներում, որտեղ բժշկական տուրիզմ գոյություն ունի: Ինչ-որ միջինասիական մի պետության կամ աֆրիկյան որոշ պետությունների հետ եթե մեզ համեմատենք, բավարար պայմաններ ապահովված են, սակայն եթե Հայաստանը համեմատենք Եվրոպայի, Իսրայելի, ԱՄՆ-ի հետ, որակյալ բժշկության համար անհրաժեշտ պայմանները շատ անբավարար եմ գնահատում:
– Դուք, որպես մասնագետ, ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում, ե՞րբ և ինչո՞ւ է բժիշկն անպաշտպան:
– Որպես մասնագետ՝ ծայրաստիճան անպաշտպան եմ զգում. բժշկին կարող են հավասարեցնել հողին… Բժիշկն ինչպե՞ս կարող է պաշտպանվել, երբ այնքան սուբյեկտիվ հարցեր կան: Այդ ամենից պաշտպանվելու համար չափանիշներ են պետք բոլոր տեսակի գործողությունների, միջամտությունների համար: Աշխարհում կան եվրոպական, ամերիկյան ուղեցույցներ, որոնք կետ առ կետ ցուցում են՝ ինչպես վարվել, երբ անել այս կամ այն գործողությունը կամ չանել, և այլն: Դրանք պրակտիկայում բազմիցս ստուգված, հաստատված են, կազմված են մասնագետների, ոչ թե բյուրոկրատների կողմից: Եթե բժշկի գործողությունները կետ առ կետ համապատասխանում են այդ ուղեցույցներում գրվածին, բժիշկը կատարել է այսօր բժշկագիտությանը հայտնի բոլոր անհրաժեշտ քայլերը, սակայն դրանից հետո արդյունքը, ինչ-ինչ պատճառով, բացասական է եղել, ապա բժիշկը մեղավոր չէ, այդպիսի դեպքերում Եվրոպայում և Ամերիկայում բժշկին չեն դատում, ընդհանրապես չեն մեղադրում:
Հայաստանում հիվանդն էլ է անպաշտպան: Այսօր մեր երկրում կարո՞ղ ես ռիսկ անել դիմել իրավապահ մարմիններին կամ դատարան մտնել, եթե հիվանդի հետ որևէ բան է պատահել: Ո՛չ: Ամբողջ քննությունը կախված կլինի նրանից, թե հիվանդն ով է կամ ով է եղել: Եթե նա պատահական մեկը չէ, ինչպես ասում են, շարքային մի քաղաքացի, ապա բժշկին ցանկացած դեպքում` սխալ թույլ տված լինի էլ, թույլ տված չլինի էլ, կդատեն, և հակառակը, եթե խոսքը շարքային քաղաքացու մասին է, ապա որոշ բժիշկներ լուրջ սխալ թույլ տալու դեպքում էլ կարող է չդատվեն:
Այդ ուղեցույցները Հայաստանում դեռ հաստատված չեն: Դրա համար հատուկ կառույց կա: Մենք Առողջապահության ազգային ինստիտուտ ունենք, այդ ինստիտուտը նախորդ տասնամյակներին տվյալ խնդիրն արդեն պետք է լուծած լիներ, այդ մարդկանց աշխատավարձ են տալիս նաև դրա համար: Ընդ որում, խնդիրը միայն սրտաբանությանը չի վերաբերում, այլ նաև բժշկության մյուս բնագավառներին, որոնց առնչվող ուղեցույցները նույնպես հաստատված չեն: Բժիշկն ինչպե՞ս կարող է պաշտպանված լինել, երբ 100 տոկոսով կախված է իր դիմացինի սուբյեկտիվ գնահատականներից: Ոչ մի բան չկա, որ ասես` ահա հաստատված այս տասը կետը, տասն էլ արել եմ ժամանակի մեջ, այսօր հաստատված գիտական պարամետրերով արել եմ ամեն ինչ, իմ նյութատեխնիկական հնարավորությունները սրանք են եղել, իսկ եթե դրանք բավարար չեն եղել, չլիցենզավորեիք այդ հիվանդանոցը, եթե այն չի կարող անել այն, ինչ այդ թղթի վրա գրել եք, լիցենզիան ինչո՞ւ եք տվել… Լիցենզիան տվել են, հիվանդանոցն ապահովված չէ նյութատեխնիկական համապատասխան միջոցներով, ինչը հսկայական գործոն է, սակայն երբ խնդիր է առաջանում, բժշկին տանում, նստացնում են, ասում են բժիշկը շան որդի է, մարդուն սպանեց: Ինչո՞ւ… Ինչո՞ւ է սպանել, մարդն իր գործն է արել:
Սրտաբանության մեջ հաճախ են լինում իրավիճակներ, օրինակ, սուր ինֆարկտը, որոնք լուծում չունեն: Եթե հիվանդին ժամանակին ու ճիշտ օգնություն ցուցաբերվի, բավական ցածր կլինի մահացությունը, բայց նույնիսկ այդ պարագայում միջինը մոտ 30 տոկոսի մահացություն է առաջանում սրտի սուր ինֆարկտի դեպքում, ամեն երրորդը մահանում է: Երբ գործ ունես այդպիսի հիվանդության հետ, կարո՞ղ ես բոլորին բավարարել, կարո՞ղ ես բոլորի համար լավը լինել, չարժանանալ հիվանդատերերի թեկուզ մի մասի, մեղմ ասած, դժգոհությանը, մեղադրանքին: Այս ամենը կախված է նրանից, թե դիմացինդ ինչ դաստիարակություն, մակարդակ, հասկացողություն ունի, բժիշկը կարող է շփվել ում հետ ասես, հանդիպել ինչ վերաբերմունքի ասես, ես ինչ ասես տեսել եմ` հիասքանչ օրինակներից սկսած, մինչև վատը…
Այլ խնդիր է, որ հիվանդը մահացել է բժշկի տգիտության պատճառով, մեկ այլ բան է, երբ հիվանդը մահացել է հիվանդության շատ ծանր լինելու, ժամանակին բժշկին չդիմելու կամ ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորություն չլինելու պատճառով, և բոլորովին ուրիշ բան է, երբ նյութատեխնիկական ապահովվածությունն այնքան վատ է, որ բժիշկը թեև շատ լավ մասնագետ լինելով, շատ բան չի կարող անել: Այդպիսի վիրահատարաններ, հիվանդանոցներ կա՞ն Հայաստանում: Իհարկե՛ կան: Այնպիսի ծիծաղելի վիրահատարաններ կան, որտեղ հիվանդի վիճակի հսկման որևէ տեսակի սարքավորում գոյություն չունի: Ենթադրենք, հիվանդը մահացել է, վիրաբույժն արյան գույնից նոր զգում է, որ հիվանդի մոտ ինչ-որ բան այն չէ: Եթե բժիշկը հսկող ոչ մի սարք չունի կամ ունի այնքան պարզունակ սարք` առաջվա այն օսցիլոգրաֆները, ի՞նչ պահանջել նրանից… Այդպիսի վիճակ կար աշխարհում անցյալ դարի կեսերից դեռ առաջ:
Մի քանի օր առաջ մի տեղ աչքովս ընկավ, որ առողջապահության նախարարությունն այսօր փորձում է լուծել այդպիսի հաստատված ստանդարտներ, ուղեցույցներ ունենալու խնդիրը: Այդ խնդրի լուծումն այսօր կենսական անհրաժեշտություն է նաև այլ առումով, այժմ ապահովագրական գործակալությունները սկսել են բժշկին հետևել` ինչպես ես վարվել, ես ձեզ փող եմ տալիս, գումար եմ կորցնում… Դրա համար էլ ներկայիս նախարարն այդ ճյուղի մարդ լինելով հանդերձ, ինձ թվում է, այսօր այդ հարցն արդեն բարձրացնում է: Բժշկության որակի ստուգումներով ապահովագրական գործակալությունները պետք է զբաղվեն, դա նրանց կարևորագույն գործառույթներից մեկն է, նրանք պետք է պարզեն, թե հիվանդանոցն իր տված գումարներն ինչ է անում, ինչպիսի սերվիս է ապահովում և այլն: Այս աշխատանքները դեռ նոր են սկսվել, սաղմնային վիճակում են:
– Պետպատվերի շրջանակներում կատարվող վճարումները նպաստո՞ւմ են բուժման որակի բարձրացմանը կամ ժամանակակից բուժում ապահովելուն:
– Ոչ, մեր տնտեսությունն այժմ այն վիճակում չէ, որ կարողանա նպաստել, այսօր պետպատվերը կարող է թույլ տալ, որ որոշակի կատեգորիաների հիվանդներ չմահանան, եղած պետպատվերի առկայությունը զարգացման հարց չի լուծում: Մինչդեռ, պետպատվերը, կարծում եմ, պետք է այն մակարդակի վրա լինի, որպեսզի կարողանա նաև հիվանդանոցին զարգանալու հնարավորություն տալ, այսինքն` կարողանա աշխատավարձ վճարելուց բացի զարգացման համար ներդրումներ կատարել: Պետպատվերն այսօր մի կերպ, ինքնարժեքից մի քիչ բարձր վճարում է, բայց այդ պարագայում զարգացումն ո՞ւր մնաց…
Ժամանակակից բուժում ասվածը շատ հարաբերական ու ծավալուն հարց է: Պետպատվերը հնարավորություն տալիս է, որ նվազագույն մակարդակով կամ նվազագույնից մի քիչ բարձր մակարդակով բուժօգնություն ապահովվի, բայց ժամանակակից մակարդակի բուժում ապահովել հնարավոր չէ, եվրոպականի հետ նույնիսկ պետք չէ համեմատել, մենք այնքա՜ն հեռու ենք… Մակարդակի առումով մեզ այսօր համեմատում ենք կողքի երկրների հետ, դժբախտաբար այնտեղ ենք ասել, որ իրենց հետ ենք համեմատում, իսկ ո՞ւր էինք 90-ականներին, հիմա ուր ենք, այն ժամանակ նրանցից շատ առաջ էինք:
– Բժիշկների վարձատրությունը Հայաստանում բավարա՞ր է արժանավայել կյանք վարելու համար:
– Բժիշկների վարձատրությունը Հայաստանում խայտառակ վիճակում է, դժբախտաբար այն բոլշևիկյան վերաբերմունքն է` հայտնի խորհրդային իշխանության սկզբնավորման ժամանակներից, որ լավ բժիշկն իրեն կկերակրի, հիմքում դրված է այդ սկզբունքը: Մինչդեռ, Հիպոկրատն այլ բան է ասել` բժիշկը չպետք է մտածի իր ուտելիքի մասին: Իսկ սրանք վերափոխել են` լավ բժիշկն իրեն կկերակրի: Կկերակրի` նշանակում է ի՞նչ` կաշա՞ռք վերցնի, ի՞նչ անի, ինչպե՞ս ապրի… Եթե բժշկի ստացած աշխատավարձը ծիծաղելի է, և եթե բժիշկն այդ մեխանիզմով աշխատի բացեիբաց, անպայման կդատվի: Հոնորարների համակարգ գոյություն չունի, նորմալ աշխատավարձեր գոյություն չունեն: Բժիշկը պետք է հիվանդով զբաղվի, չմտածի փողի մասին, օրինակ, այն մասին, թե գիշերն ինչպե՞ս է երթուղայինով տուն գնալու…
– Եթե արտերկրի որևէ կլինիկայից ձեզ աշխատանքի առաջարկ անեն, կլքե՞ք հայրենիքը:
– Ինձ առաջարկ արել են, մի անգամ չեն արել, ես հնարավորություն ունեցել եմ դրսում աշխատելու, բայց չէ, ես չեմ կարող առանց Հայաստանի:
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն բժիշկներին, որոնք լքում են հայրենիքը:
– Չեմ մեղադրում, ամեն մեկն իր պատճառներն ունի, ամեն մեկն իր սուբյեկտիվ գնահատականներն ունի: Եթե մարդն իր տեսակով կոսմոպոլիտ է, եթե նրա համար Երևանի Աբովյան փողոցն ու Բևերլի Հիլզը նույն բանն են, հանգիստ կարող է թողնել գնալ, հոգեբանական խնդիր չի ունենա, սակայն եթե առանց Աբովյան փողոցի չի կարող ապրել, ապա այդ բժիշկն ինչպե՞ս կարող է դրսում աշխատել: Առիթ ունեցել եմ դրսում սովորելու, աշխատելու, 7 տարի Մոսկվայում եմ սովորել, Հարավսլավիայում եմ աշխատել մոտ 2 տարի, երկու տեղից էլ առաջարկ ունեցել եմ մնալու, բայց դրսում երկու շաբաթից հիվանդանում եմ առանց Հայաստանի, դրանով արդեն այդ հարցի վերջակետը դրվում է:
– Դուք կգերադասեք աշխատել մասնավո՞ր, թե պետական հիվանդանոցում:
– Ինձ համար մեկ է՝ որտեղ կաշխատեմ: Ես կերազեի աշխատել որևէ տեղ, որտեղ ինձանից պահանջվածը միայն բժշկությունը կլիներ, և ես չէի մտածի` այս ապրանքն ինչպես առան, այս ապրանքը ժամկետի մեջ է, ժամկետի մեջ չէ, որակով է, անորակ է… Դա իմ գործը չէ, ես բժիշկ եմ ընդամենը:
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան