Y Logo
Վաստակած վստահությունը` տարիների արդյունք

Վաստակած վստահությունը` տարիների արդյունք

Մանկաբարձգինեկոլոգի մասնագիտությունը մի կարևոր առանձնահատկություն ունի, որով այն տարբերվում է մյուս բժշկական մասնագիտություններից: Կինը շարունակաբար շփվում է գինեկոլոգի հետ և պրոֆիլակտիկ, և բուժման նպատակներով կյանքի տարբեր էտապներում՝ սեռական հասունացման շրջանից մինչև ծերություն: Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգը ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասի գիտե ավելին, քան անգամ շատ հարազատ մարդիկ: Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Շատվերյանը պատմում է, որ ոչ միայն առանձին հիվանդների, այլև ընտանիքների ու գերդաստանների հետ կապը արդեն տասնամյակների պատմություն ունի: 25 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժշկուհու պրակտիկայում քիչ չեն նաև դեպքերը, որ ծննդաբերել են կանայք, ովքեր իր օգնությամբ են լույս աշխարհ եկել:


–   Բժիշկի նկատմամբ վստահությունը մի օրում չի ստեղծվում: Ի՞նչ ճանապարհ եք անցել դրան հասնելու համար:
 
–   Բնականաբար: Դրա համար տարիների աշխատանք է պետք: Գործունեությունս սկսել եմ Երևանի թիվ 8 պոլիկլինիկայից, սակայն կարճ ժամանակ անց՝ 1992թ-ից տեղափոխվել եմ Շիրակի մարզի Անիի շրջան, որտեղ աշխատել եմ Շիրակի մարզի Աղին բժշկական կենտրոնում որպես մանկաբարձգինեկոլոգ, իսկ 1995թ-ից որպես հիվանդանոցի տնօրեն: Ցուրտ ու մութ տարիներն էին, պատերազմ էր, չկային բուժօգնության համար անգամ նվազագույն պայմաններ, շատ դեպքերում անգամ վառելիք չկար, որ հղի կնոջը հասցնեին ծննդատուն, ու պատահել է՝ ստիպված եմ եղել ծնունդներ ընդունել ոչ հիվանդանոցային պայմաններում: Սակայն դժվարությունը միայն դրանում չէր: Մեր հիվանդանոցը սպասարկում էր շրջակա մի շարք գյուղերի, իսկ շրջանում մաս-նագետները շատ քիչ էին: Այդ իսկ պատճառով գինեկոլոգիական միջամտություններից  զատ ստիպված էի նաև այլ նեղ մասնագիտական հարցերով օգնել մարդկանց, քանի որ այլ տարբերակ պարզապես չկար: Ճիշտ է, երիտասարդ էի, փորձառությունս մեծ չէր, սակայն մեծ էնտուզիազմով ու պատասխանատվությամբ էի մոտենում աշխատանքիս: Այդ շրջանը շատ մեծ դերակատարություն ունեցավ որպես մասնագետ կայանալուս հարցում: 1997թ. վերջին տեղափոխվեցի Երևան ու մինչ օրս աշխատում եմ ՔանաքեռԶեյթուն բժշկական կենտրոնում: Մեր աշխատանքում վստահությունը շատ կարևոր է. երբ հիվանդը ճանաչում է բժշկին, նա նաև չի բարդույթավորվում տարբեր խնդիրներով դիմելիս: Ջերմ հարաբերությունների շնորհիվ նաև տեղյակ ես լինում ընտանիքի հոգեբանական, սոցիալական ու անգամ ժառանգական առանձնահատկություններին, ինչը հեշտացնում է բուժման ու հիվանդությունների կանխարգելման ընթացքը:
 
–   Ի դեպ, բարդույթավորվելու մասին: Հայաստանում սովորաբար դիմել են բժշկին, երբ դանակը հասել է ոսկորին: Փոփոխություններ չե՞ք նկատում:
 
–   Իրականում այդ խնդիրը կա, բայց ի ուրախություն մեզ, որոշակի խմբերի շրջանում կան դրական տեղաշարժեր: Կանայք ավելի շատ են սկսել հետևել իրենց առողջությանը, ավելի տեղեկացված են ու սկսել են հիվանդությունների ու խնդիրների ի հայտ գալու ավելի վաղ շրջանում դիմել բժշկին:
 
–   Իսկ առհասարակ ի՞նչ հաճախականությամբ պետք է կինը այցելի բժշկին պրոֆիլակտիկ նպատակներով:
 
–   Ցանկալի է, որ անպայման յուրաքանչյուր կին տարին մեկ անգամ այցելի գինեկոլոգին, հատկապես արգանդի վզիկի քաղցկեղի ու կրծքագեղձի հիվանդությունների կանխարգելման կամ վաղ հայտնաբերման համար, քանի որ, օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս կանխել ու լիովին բուժել այն: Իհարկե  բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժումն էլ կարող է կանխել շատ բարդություններ, այդ թվում՝ անպտղությունը: Իսկ խնդիրներ ունենալու դեպքում էլ չի կարելի դրանք փորձել ինքնուրույն լուծել կամ ականջ դնել հարևանբարեկամների ոչ մասնագիտական կարծիքներին: Անգամ ինտերնետով բժշկին հարց տալու տարբերակը ես չեմ ընդունում, քանի որ միայն հիվանդի գանգատները բավարար չեն ճիշտ ախտորոշման համար: Կարևոր է, որ բժիշկը տեղում զննի հիվանդին: Ընդ որում, գինեկոլոգիական պրոֆիլակտիկ զննումները բավականին մատչելի են հասարակության գրեթե բոլոր խավերի համար, հատկապես որ պետությունն ինքն էլ աջակցում է դրան տարբեր ծրագրերով:
 
–   Հիմա շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում մեծացել է անպտղության դեպքերի թիվը: Որո՞նք են հիմնական նպաստող գործոնները:
 
–   Անպտղության պատճառները բազմաթիվ են, սակայն դրան նպաստող առաջնային գործոններից են բորբոքային հիվանդությունները, որոնց առաջացմանն էլ նպաստում են միգրացիոն պրոցեսների ակտիվացումը և դրա հետևանքով ինֆեկցիաների ավելի մեծ տարածումը, վատ էկոլոգիան ու անառողջ սնունդը, ինչպես նաև հորմոնալ ֆոնի խանգարումներն ու սթրեսները: Հենց այդ պատճառով էլ շեշտակի մեծացել է գինեկոլոգի դերակատարությունը, որպեսզի կինը կարողանա զգալ մայրության բերկրանքը:
 
–   Կա կարծիք, որ Հայաստան արտերկրից գալիս են ավելի շատ պլաստիկ վիրահատությունների համար, ինչպես նաև ակնային ու ատամնաբուժական խնդիրներով՝ հաշվի առնելով բուժման մատչելիությունը: Իսկ ձեր ոլորտում ի՞նչ ցուցանիշներ կան:
 
–   Գինեկոլոգիական միջամտությունների համար ևս շատ են դիմում այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցները: Ընդ որում, նրանց գրավում են ոչ միայն գների մատչելիությունը, և բարձր մասնագիտական որակը, այլև բժիշկների սրտացավ վերաբերմունքը, ինչը նրանք չեն գտնում դրսի անգամ ամենաառաջադեմ կլինիկաներում: Ես հիվանդներ ունեմ ՌԴ-ից, Հունաստանից, Իտալիայից, Բելգիայից, Նիդերլանդներից ու այլ եվրոպական երկրներից. գա-լիս են մեր հիվանդանոց թե՛ բուժվելու և թե՛ վիրահատվելու նպատակով: Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում կատարվում են բոլոր տեսակի գինեկոլոգիական վիրահատություններն ամբողջ ծավալով, այդ թվում նաև՝ լապարասկոպիկ եղանակով: 
 
–   Հե՞շտ է ամեն օր գործ ունենալ մարդկային կյանքերի հետ:


Ի¬հարկե հեշտ չէ: Հատկապես ծննդաբերության ժամանակ գործ ունես միանգամից երկու կյանքի հետ, ինչը մեծ պատասխանատվություն, հսկայական նյարդային ու ֆիզիկական  էներգիա է պահանջում: Մեր աշխատանքային օրն իրականում երբեք սովորական աշխատանքային ռեժիմով չի սահմանափակվում. եթե անհրաժեշտ է, ցանկացած  ժամի պիտի օգնություն ցուցաբերես հիվանդին սեփական առողջության, քնի ու հանգստի, ինչու չէ նաև սեփական ընտանիքի հետ լինելու հաշվին: Հեշտ ճանապարհ չէ, կարևորը գիտակցված լինի ընտրությունդ:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5