Վարիկոզ հիվանդության դեպքում նախընտրելի է արմատական բուժումը: Հարցի լուծման համար մասնագետները տարբեր եղանակներ են առաջարկում: Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի անոթային վիրաբույժ Ռաֆայել Մանվելյանն արտասահմանցի գործընկերների հետ աշխատում է տարբերվող մեթոդով` շեշտադրումը դնելով հատկապես լազերային վիրահատությունների կիրառման վրա: Վիրահատության ժամանակակից այս մեթոդն ավելի արդյունավետ է, քիչ տրավմատիկ և էսթետիկ առումով բարենպաստ: Լազերային վիրահատության ժամանակ կտրվածքներ չեն արվում, ոչ միայն պահպանվում, այլև վերականգնվում է ոտքերի գեղեցիկ տեսքը:
Վարիկոզի պատճառներն ու տարածվածությունը
Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեն երակային հիվանդությունները՝ հատկապես վարիկոզը: Աշխարհի բնակչության 22%-ը, այսինքն՝ 5-ից 1-ը տառապում է վարիկոզով: Վարիկոզի ժամանակ մաշկի տակ գտնվող մակերեսային երակները տձևանում են, կորցնում իրենց էլաստիկությունը. արդյունքում լայնանում են՝ թողնելով կապույտ կամ կարմրավուն հետքեր, խանգարվում է արյան շրջանառությունը, առաջանում է մազանոթների ցանց, տեղի է ունենում մաշկի գույնի և որակի փոփոխություն: Այս երևույթների առաջացման գործոններն են ժառանգականությունը, ավելորդ քաշը, նստակյաց կենսակերպը, ոտքերի երկարատև ծանրաբեռնվածությունը, հորմոնային անհավասարակշռությունը, ծխախոտն ու ալկոհոլը, ինչպես նաև բարձր, այնպես էլ ամբողջովին տափակ կրունկները: Ըստ վիճակագրության՝ կանայք այս հիվանդությամբ տառապում են 4 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ: «Պատճառը կանանց սեռական հորմոնների ազդեցությունն է։ Սակայն էսթետիկ առումով կանայք ավելի են կարևորում հիվանդության բուժումը, քան տղամարդիկ: Վարիկոզի լայնացմանը նպաստում է նաև հղիությունը, քանի որ հորմոնային գործոնին գումարվում է երեխայի միջոցով արգանդի մեծացման հետևանքները: Այս հիվանդության թիրախային խմբում են այն մասնագիտությունների մարդիկ, որոնք անընդհատ աշխատում են կանգնած վիճակում: Ի դեպ, բարձրահասակ լինելը նույնպես վարիկոզի առաջացման գործոններից է»,- մանրամասնում է բժշկական գիտությունների դոկտոր, անոթաբան Ռաֆայել Մանվելյանը:
Վարիկոզի բարդությունները լինում են 3 տեսակի՝ խոց (տրոֆիկ վերքեր, որոնք առաջանում են վերջույթի ստորին հատվածում), թրոմբոզ, արյունահոսություն: Պակաս կարևոր չեն անհարմարավետության զգացումը, դժվարաքայլությունը, շուտ հոգնելը, էսթետիկ տեսքը: Այս հիվանդության դեպքում նախընտրելի է արմատական բուժումը: Որպես կանոն, դեղորայքային և վիրաբուժական միջամտությունները զուգակցվում են, նամանավանդ եթե խոսքը վերաբերում է մակերեսային երակների ցողունին և խոշոր ճյուղերին։
Գոյություն ունեն լազերային և բաց վիրահատություններ, որոնք երբեմն համատեղվում են: Բաց վիրահատության դեպքում կան կտրվածքներ, ինչպես նաև պահանջվում է երկարատև հետվիրահատական խնամք: Վիրահատությունից հետո հիվանդը մնում է հիվանդանոցում ` բժշկի հսկողության ներքո:
Լազերային վիրահատությունը՝ երակների վարիկոզ լայնացման արագ և արդյունավետ բուժում
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի անոթաբան Ռաֆայել Մանվելյանը Մոսկվայի, Միլանի, Լոնդոնի, Շվեյցարիայի գործընկերների հետ աշխատում է բոլորովին նոր մեթոդով`մեծապես կիրառելով լազերային միջամտություններ: Վիրահատության այս ժամանակակից տարբերակն ավելի քիչ տրավմատիկ է և էսթետիկ առումով բարենպաստ, քան բաց եղանակով կատարվող վիրահատությունները։ Լազերային վիրահատության ժամանակ կտրվածքներ չեն արվում, արդյունքում՝ ազատվելով թրոմբոզների, արյունահոսության, խոցերի, ստորին վերջույթներում ծանրության զգացումի և դժվարաքայլության պատճառներից, ոչ միայն պահպանվում, այլև վերականգնվում է ոտքերի նախկին գեղեցիկ տեսքը: Սպիներ գրեթե կամ ընդհանրապես չեն մնում: «Տեղային անզգայացման միջոցով կատարվում է ծնկից ներքև պունկցիա: Լազերային ուղղորդիչը ներմուծվում է վարիկոզ լայնացված երակների մեջ: Դա թույլ է տալիս երակն անջատել ընդհանուր շրջանառությունից, բայց ոչ թե կտրելով, ինչպես անում են բաց վիրահատության ժամանակ, այլ փակելով»,- ասում է անոթաբանը: Պրոցեսը կատարվում է անընդմեջ՝ դուպլեքս հետազոտության վերահսկողությամբ և տեղային անզգայացմամբ։
Վիրահատությունից անմիջապես հետո հիվանդը կարող է վեր կենալ և քայլել: Հաջորդ օրը հիվանդը պետք է կրկին այցելի բժշկի։ Պրոֆիլակտիկ զննումները շարունակվում են շուրջ մեկ տարի՝ 5-6 անգամ: Լազերային վիրահատությունը իր արժեքով գրեթե չի տարբերվում բաց վիրահատությունից, սակայն առավելություններն ավելի շատ են: Վիրահատական այս մեթոդը այլընտրանք է, որը, սակայն, կատարվում է հստակ ցուցումների դեպքում. «Երբ օրինակ ցողունն ունի ոչ հարթ ընթացք կամ ավելի քան 15 մմ տրամագիծ, այդ դեպքում բաց վիրահատության եղանակն ավելի գերադասելի է: Այսինքն՝ մենք ոչ թե մեկ մեթոդով մերժում ենք մյուսը, այլ պարզապես անոթաբաններին զինում ենք նոր մեթոդներով, որ կարողանան տարբեր դեպքերում ճիշտ ընտրություն կատարել բուժման եղանակների միջև»,-ասում է Ռաֆայել Մանվելյանը:
Բժիշկ Մանվելյանն այն եզակի անոթաբաններից է, որը մշտապես փորձում է նոր եղանակներ ներդնել մեր բժշկական պրակտիկայում: Նա առաջիններից է, ով իրականացրել ու իրականացնում է ներզարկերակային վիրահատություններ: 2004-2010 թվականներին եղել է Եվրոպայի անոթային վիրաբույժների միության կառավարության անդամ: Պարբերաբեր մեկնել է վերապատրաստումների, հիմնել կապեր, ինչի շնորհիվ Հայաստանում ևս կիրառվել են այդ բնագավառի նորարարություններն ու եվրոպացի մասնագետների լավագույն ձեռքբերումները:
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան