Մոդիլիանիի համախտանիշ
Փիրուզյան բժշկական կենտրոնի կողմից նախաձեռնված Medicine in Art մշակութային շարքը ներկայացնում է արժեքավոր ու հետաքրքիր փաստեր բժշկության մասին, որոնք մեզ են հասել հանճարեղ նկարիչների գործերի միջոցով:
Հեղինակ՝ Ա. Փիրուզյան
Դարեր շարունակ մշակույթն ու բժշկությունն ընթացել են միասին, որպես օրենք` համահունչ, հաճախ լրացնելով մեկը մյուսին, լավագույնս արտացոլելով տվյալ ժամանակահատվածին բնորոշ որոշ երևույթներ` գեղեցիկի ընկալում, ճաշակ, մարդկային թերությունների և հիվանդությունների հանդեպ որոշակի վերաբերմունք: Գիտության պատմության սլովենացի հայտնի մասնագետ Միռկո Գռմեկը 1960-ականներին առաջարկեց մի նոր տերմին`պաթոցենոզ (Pathocenose), որը բնութագրում է մի որոշակի հիվանդության տվյալ աշխարհագրական վայրում տվյալ պատմական ժամանակահատվածում տարածվածության աստիճանը: Միջնադարյան հայտնի նկարիչների մեծ մասը բացի բծախնդիր դիտորդներ լինելուց նաև մարդու մարմնի համաչափությունների և անատոմիայի լավ գիտակներ էին: Բժշկության աչքերով նրանց կտավների հետազոտությունն արժեքավոր տվյալներ է տալիս պաթոցենոզի ճիշտ գնահատման համար:
Խպիպը` վահանաձև գեղձի մեծացման արդյունքում պարանոցի առաջային հատվածի դեֆորմացիան (ուռածությունը) արդեն հայտնի է հազարամյակներ ի վեր: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների խպիպի ամանահաճախակի հանդիպող պատճառը սննդում յոդի քանակի անբավարարությունն է: Դեռևս մ.թ.ա. 1-ին դարում չինացի բժիշկները խպիպը բուժում էին յոդով հարուստ սարգասում (Sargassum muticum) կոչվող ծովային բույսով: Ըստ մեկ այլ չինական ֆարմակոպեայի, խպիպի բուժման համար Թանգ դինաստիայի (618 -907թթ) բժիշկներն օգտագործում էին կենդանիների յոդով հարուստ վահանաձև գեղձը հում կամ չորացված` փոշի վիճակում: Եվրոպայում առաջինը Պարացելսն էր (1493-1541թթ), որ կապ տեսավ խպիպի և խմելու ջրում հանքային աղերի `միներալների, պարունակության միջև: Նա դեռ չգիտեր յոդի մասին, քանի որ յոդը հայտնաբերվել է միայն 1811թ-ին:
Վերածննդի շրջանի մեծանուն նկարիչ Կարավաջիոյի (Michelangelo Merisi da Caravaggio, 1571-1610թթ) գործերում հաճախ են հանդիպում մեծացած, դեֆորմացված վահանաձև գեղձով կերպարներ: Կա մի կարծիք, որ Կարավաջիոն իր կտավների հերոսների համար բնորդներ գտնելու նպատակով բարձրանում էր լեռնային հեռավոր գյուղերը: Ապենինյան թերակղզին ժամանակակից պատկերացումներով գուցե շատ մեծ չէ, սակայն նրա լեռնային գյուղերը միջնադարում բավական կտրված էին ծովեզերքից և գյուղացիները յոդով հարուստ ծովային սնունդ հազվագյուտ էին օգտագործում:
“Judith beheading Holofernes” 1600, Caravaggio.
2014թ-ին Ֆրանսիայում դասական կտակարանային մոտիվներով մի միջնադարյան կտավ հայտնաբերվեց ` Յուդիթը գլխատում է Հոլոֆերնեսին, որը շատերի կարծիքով Կարավաջիոյի վրձնի գործն է: Մասնագետները դեռևս վիճում են: Մի մասը պնդում է , որ այն հարյուր տոկոսով Կարավաջիոյինն է, և վերագրում է այն 1600թ-ին, իսկ մյուս մասը գտնում է, որ այն հավանաբար պատկանում է ֆլամանդացի, Բարոկկոյի շրջանի հայտնի նկարիչ Լուիս Ֆինսոնի (Ludovicos Finsonius ) վրձնին` ստեղծված 1580թ-ին կամ էլ 1575-1617թթ ընթացքում: Բարոկկոյի և Վերածննդի դարաշրջաններում այս թեմայով շատ կտավներ էին ստեղծվել: Անկախ նրա հեղինակից սա մի հրաշալի կտավ է: Վիճաբանության հիմքում գուցե նրա արժեքն է, և եթե հաստատվի, որ կտավը Կարավաջիոյինն է, աճուրդներում այն մոտավորապես կարժենա 150-180 միլիոն ամերիկյան դոլար: Սակայն նկարի մեջ մեզ ավելի շատ հետաքրքրում է տարեց կնոջ պատկերն իր արտահայտված հանգուցավոր խպիպով:
Diffuse goiter of the right lobe of the thyroid, St. Catherines Monastery, Mt. Sinai (7th century)
2015թ-ին Ամերիկյան վիրաբուժական ամսագրում իտալացի վիրաբույժ Անտոնիո Ստառպետտին մի հետաքրքիր աշխատանք էր տպագրել, ըստ որի իտալական Վերածննդի շրջանի գործերում խպիպով կերպարների քանակը շատ ավելի է, քան պետք է լիներ ըստ պաթոցենոզի, և այդ երևույթը հնարավոր չէ բացատրել միայն յոդի դեֆիցիտով: Պ Ստառպետտին պատահականության սկզբունքով Վերածծննդի շրջանի վեց հարյուր ստեղծագործություն էր վերցրել և այդ գործերում մանրակրկիտ ստուգել մեծացած վահանաձև գեղձի հանդիպման դեպքերը: Ըստ նրա և մի շարք այլ հեղինակների` միջնադարյան նկարիչները մեկ այլ , մի յուրահատուկ իմաստ են դրել այս նկարներում: Դեռևս Վերածննդից շատ տարիներ առաջ տկար, հիվանդ կամ տարբեր մարմնական արատներով անհատները համարվում էին աստծո կողմից ընտրյալներ: Արատը սրբության, սրբությանը մոտ կանգնած լինելու կամ սրբության կողմից պաշտպանված լինելու մի դրոշմ էր:
Christ Pantocratoras, Big nodular goiter, Athens (early14th century)
“Jesus among the Doctors” 1506, Albrecht Durer
Նույնիսկ Հիսուս Քրիստոսը կամ Սբ.Մարիամ Աստվածածինը շատ որմնանկարներում և կտավներում պատկերված են խպիպով: Արդյոք սա պատահականություն է, թե հատուկ նպատակ է հետապնդում: Միջնադարյան նկարիչները, միգուցե, հետևել են ավելի վաղ շրջանի սրբապատկերների ավանդույթներին: Իսկ եթե իրոք Հիսուս Քրիստոսը խպիպ է ունեցել... Հնաբանության մեջ մի սկզբունք կա` փաստերի բացակայությունը դեռևս բացակայության ,ժխտման փաստ չէ:
“Portrait of Elsbeth Tuchers “ 1499, Albrecht Durer
Կերպարվեստի մեծ վարպետների ներքին զգայականությունն (ինտուիցիա) ու երևույթների նուրբ երանգներն ընկալելու և պատկերելու նրանց հմտությունը հաճախ առաջ են ընկել այդ երևույթների գիտական բացատրությունից: Միջնադարյան նկարիչները, դեռևս չիմանալով վահանաձև գեղձի դերի և ֆունկցիայի մասին, նկատել էին խպիպի և մարդու հոգեհուզական վիճակի, աչքերի յուրահատուկ փայլի ու մտավոր զարգացման միջև եղած կապը: Ըստ 12րդ դարի ամենամեծ բժշկական հայտնի բառարանի Խորեզմի շահի անձնական բժիշկ Ալ-Ջուրջանին (Zayn al-Din al- Jurjani ) է առաջինը հայտնաբերել խպիպի և սրտխփոցի, իսկ հետագայում նաև, խպիպի և ակնագնդերի արտանկման` էկզոֆթալմի, միջև եղած կապը: Միայն շատ ավելի ուշ` 1835 թվականին, իռլանդացի բժիշկ Ռոբերտ Ջեյմս Գրեվսը նկարագրում է էկզոֆթալմով ուղեկցվող խպիպի մի դեպք, որը հետագայում նրա պատվին կոչվեց Գրեվսի հիվանդություն: Գերմանացի բժիշկ Կառլ Ադոլֆ Բազեդովը նրանից անկախ նույնը նկարագրում է 1840 թ-ին , այդ իսկ պատճառով կոչվում է նաև Բազեդովի հիվանդություն: Գրեվսի, Բազեդովի, Հաշիմոտոյի հիվանդությունները, սակայն, խպիպի միակ արտահայտությունները չեն: Կա նաև կեղծ խպիպ հասկացությունը, որը կարող է սխալմամբ ախտորոշվել որպես իրական խպիպ: Կեղծ խպիպը (Pseudo-goitre) պարանոցի առաջային հատվածի լցվածության արտահայտությունն է առանց վահանաձև գեղձի իրական մեծացման:
“Jeanne Hebuterne with Hat and Necklace” 1917, Modigliani
Պատճառները բազմազան են` հավելյալ ճարպային հյուսվածք, պարանոցային լիմֆադենոպաթիա, ողնաշարի ծռվածություն և այլն: Պարանոցային լորդոզի պատճառով (կարապի վիզ) կեղծ խպիպը կոչվում է Մոդիլիանիի համախտանիշ` ի պատիվ հայտնի նկարիչ Ամեդեո Մոդիլիանիի (Amedeo Modigliani, 1884-1920 թթ), որը հայտնի է իր բազմաթիվ կտավներով, որտեղ կանանց պարանոցները չափից ավելի ճկված են:
“Portrait of young woman” 1475, Sandro Bottichelli, Pallazzo Pitti, Florence
Անշուշտ, Մոդիլիանիի համախտանիշ անվանումը ստանալուց դեռ շատ առաջ միջնադարյան գեղանկարչության մեջ կեղծ խպիպի արտացոլումը ևս բավականին տարածված էր: Ալբրեխտ Դյուռեռ, Բոտիչելի, Լեոնարդո դա Վինչի` մեծանուն դեմքեր, որոնց կտավներում իրական խպիպով անհատների կողքին կան նաև Մոդիլիանիի համախտանիշի արտացոլումներ: Թե պատմական տարբեր ժամանակահատվածներում նկարիչներն ինչ իմաստ էին դրել պարանոցի ձևի մեջ, արդյոք այն իրականության ճշգրիտ արտացոլումն էր, թե` մտացածին, հատուկ իմաստ արտահայտող գեղարվեստական մի հնարք, դժվար է հիմա ասել:
“ The Descent from the Cross” fragment, 1435, Rogier van der Weyden, Museo del Prado, Madrid
Սակայն, եթե նույնիսկ ընդունելու լինենք միջնադարյան որոշ նկարիչների դետալների արտացոլման ֆոտոգրաֆիկ ճշգրտությունը, միևնույն է իրական խպիպը կեղծ խպիպից տարբերակելը, , բավականին դժվար է առանց ֆիզիկական քննության և ուլտրաձայնային հետազոտության: Բացի այդ` մեր նպատակը բոլորովին էլ դա չէ:
“The Madonna of the Carnation” 1478, Leonardo da Vinci
Նկարներով հիվանդություններ ախտորոշելը կարող է թվալ միայն հետաքրքիր ու հաճելի ժամանց: Սակայն, իհարկե, այդպես չէ: Հատկապես 21րդ դարում, փաստերի վրա հիմնված բժշկությանը (Evidence based medicine) ձգտելիս, երբ բարձր տեխնոլոգիաները զարգանում են գլխապտույտ արագությամբ, թվում է, թե մարդու դերը, բժշկի դերը պակասում է: Սխալ ու մակերեսային մի պատկերացում: Ոչ մի կոմպյուտերային տոմոգրաֆ կամ թվային ռենտգեն ապարատ չի կարող փոխարինել կենդանի շփման ժամանակ բժշկի դիտողականությանը` արտաքին տեսք, մաշկի գույն, ձայնի երանգ, զգացմունքներ, անհանգստություն և այլ շատ կարևոր «մանրուքներ»: Անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածության, բժշկական մտածելակերպի և նշված «մանրուքների» հիման վրա է ձևավորվում նախնական ախտորոշումը, որն էլ հետագայում ճշտվում կամ հաստատվում է ժամանակակից տեխնոլոգիաներով: Կարելի է նայել և չտեսնել: Արվեստը, հատկապես նկարչական արվեստը, զարգացնում է տեսնելու ունակությունը: Բացի այդ արվեստի պատմությունը հարստացնում է բժշկության պատմությունը: Առանց հինը իմանալու նորին գնալը շատ դժվար է: