Y Logo
Սրտի բնածին արատ.Բացառիկ բժշկական փաստեր Լանֆրանկոյի կտավում

Սրտի բնածին արատ.Բացառիկ բժշկական փաստեր Լանֆրանկոյի կտավում

Փիրուզյան բժշկական կենտրոնը շարունակում է “Medicine in Art” ուշագրավ շարքը, որի շրջանակներում Ձեզ ենք ներկայացնում հանճարեղ նկարիչների գործերի միջոցով մեզ հասած մեծաթիվ արժեքավոր ու հետաքրքիր փաստեր՝ կապված բժշկության հետ: Այս անգամ անդրադարձը  Իտալական Բարոկկոյի դարաշրջանի նշանավոր նկարիչ Ջիովաննի Լանֆրանկոյի (Giovanni Lanfranco 1582-1647) գործերից մեկին է նվիրված:

Հռոմի Պալացիո Բարբերինիում (Palazzo Barberini) գտնվող պատկերասրահում կա մի անսովոր կտավ՝ արտակարգ ոչ միայն որպես գեղագիտական արժեք, այլ նաև որպես բժշկության պատմության կարևորագույն նմուշ: Նկարը գնվել է Իտալական կառավարության կողմից անհատական մի հավաքածուից 2011թ-ին: Այն Ջիովաննի Լանֆրանկոյի  գործերից է՝ ավարտված 1620թ-ին:

Հարվարդի համալսարանի Մասաչուսետսի Ընդհանուր հիվանդանոցի Մանկաբուժության բաժանմունքի բժիշկ Թոմաս Հեյնեն 2014-2015թթ կատարած հետազոտությունների արդյունքում, որին ներգրավված էին նաև Լանֆրանկոյի արվեստին քաջածանոթ արվեստագետներ և նրանց թվում, մասնավորապես պրոֆ. Էրիխ Շլեյերը, գտնում են, որ այս նկարում պատկերված է սրտի բնածին արատով երեխա: Ծերունին, որ բռնել է երեխայի դաստակից, ըստ դասական կրոնական իկոնագրության (iconօgraphy) ենթադրվում է, որ Սուրբ Ղուկասն է, երեխայի հետևում կանգնած երիտասարդ կինը՝ երեխայի մայրը: Ըստ Նոր Կտակարանի՝ Սուրբ Ղուկասը հայտնի է որպես “սիրելի բժիշկ” (Նոր  Կտակարան, Թուղթ առ կողոսացիս 4:14 ), ուստի պատահական չէ, որ Լանֆրանկոյի կտավում նրա դիմաց դրված է Հիպոկրատի գրքերից (հիշեք հին հույն բժիշկ Հիպոկրատի երդումը): Բացի այդ կտավը գեղեցիկ հիշատակում է արվեստի ու բժշկության սերտ կապի մասին, ծերունու մյուս ձեռքին վրձիններն են և նկար (Ըստ ավանդության և կրոնի պատմության մասնագետների՝ Ս. Ղուկասն է առաջին անգամ պատկերել Ս. Կույս Մարիամին):

Ըստ Հեյնեի՝այս կտավն աննախադեպ է: Մինչ Ջիովաննի Լանֆրանկոն իտալական կերպարվեստում հայտնի չէ մեկ այլ դեպք, երբ Սուրբ Ղուկասը պատկերված է միաժամանակ և´ որպես բժիշկ, և´ որպես նկարիչ: Կտավն առավել արտառոց է բժշկական պատմության տեսանկյունից: Յուղաներկով կատարված այս նկարում հետաքրքրական է հատկապես երեխայի պատկերը՝ այտուցված որովայն, ցիանոտիկ մաշկ, մոխրագույն ֆոնի վրա լավ երևում են կապույտ ու կանաչ ակրոցիանոզի արտահայտությունները աչքերի տակ, շուրթերին ու մատների ծայրերին:

Վերածննդի ու Բարոկկոյի ժամանակաշրջանների մի շարք գործերում առկա են հիվանդ երեխաների նկարներ, բայց ոչ մի դեպք չկա, որ պատկերված լինի այտուցված (ջրգողությամբ) երեխա: Նոր Կտակարանում եվս կա դրվագ, երբ Քրիստոսը բուժում է մի ջրգողեալի, բայց հիվանդը երեխա չէ (Ավետարան ըստ Ղուկասի 14:1-6):

Ինչևէ, Ջիովաննի Լաֆրանկոյի նկարը կոչվում է Սուրբ Ղուկասը բուժում է ջրգողությամբ /այտուցված/ երեխային (S. Luca guarisce il bambino idropico): Հունարենից hydrops բառից է, արմատը hydro-ջուր, անտիկ տերմինաբանությամբ թարգմանվում է ավելորդ հեղուկ կամ այտուց: Թոմաս Հեյնեի և նրա կոլեգաների՝ մանկական սրտաբանների, կարծիքով նկարում պատկերված երեխան ունի սրտի բնածին արատ, ամենայն հավանականությամբ միջփորոքային միջնապատի մեծ դեֆեկտ Էյզենմենջերի համախտանիշի զարգացումով, բարդացած կանգային սրտային անբավարարությամբ: Այս եզրահանգման հիմքում ընկած է երեխայի տարիքը, հիվանդության արտաքին նշանների մանրամասն վերլուծությունը:

Կտավի կարևոր և հետաքրքիր դրվագներից է նաև, թե ինչպես է Սուրբ Ղուկաը բռնել երեխայի ձեռքը: Արդյո՞ք նա շոշափում է երեխայի անոթազարկը (պուլս): Արդյո՞ք ԼանՖրանկոն գիտեր սրտային անբավարարության և թույլ անոթազարկի ֆիզիոլոգիական կապի մասին: Հավանական է՝ ոչ: Լանֆրանկոյի արվեստի մասնագետները (E. Schleier) գտնում են, որ նա հետևել է դարեր շարունակ ընդունված նկարչական ավանդույթին, պատկերել բժիշկներին անոթազարկը շոշափելիս: Անոթազարկի շոշափումը և նկարագրությունը հազարամյակներ շարունակ եղել է և մինչ այժմ էլ մնում է հիվանդի զննման կարևորագույն կոմպոնենտներից (հայտնի հույն փիլիսոփա և բժիշկ Գալենը միայն  այդ թեմայով 16 գիրք է գրել):                                                           

17-րդ դարի Իտալիան բժշկական հայտնագործությունների եռացող կաթսա էր, և Ջիովաննի Լանֆրանկոն, լինելով կրթված մարդ, ապրելով ու ստեղծագործելով Պարմայում, Հռոմում և Նեապոլում, չէր կարող անտարբեր լինել այդ հայտնագործությունների հանդեպ: Օրինակ, 1513թ-ին Լեոնարդո Դա Վինչին առաջին անգամ սրտի կտրվածքի վրա ցուցադրեց նախասրտերի միջնապատի դեֆեկտը, 1559թ-ին Ռեալդո Կոլոմբոն հայտնաբերեց թոքային շրջանառությունը և ներկայացրեց սրտի սիստոլան (կծկման փուլը), Ֆաբրիցիուսը 1619թ-ին հայտնաբերեց երակների կափույրները, Սանտորիուսը Պադուայից 1614թ-ին ստեղծեց առաջին գործիքը անոթազարկը ճիշտ չափելու համար: Ի դեպ, Վիլիամ Հարվեյը մինչև 1628թ-ին իր հեղափոխական “Սրտի և արյան շարժման մասին” գրքի հրատարակումը, ապրել և սովորել է Իտալիայում: Այս հայտնագործությունների շարքը կարելի է թվարկել շատ երկար, բայց վերադառնանք մեր օրերը:

 Եթե առիթ ունենաք լինելու Հռոմում, ժամանակ գտեք այցելելու Անտիկ արվեստի ազգային թանգարան՝ Պալացիո Բարբերինի, տեսնելու այս յուրատեսակ կտավը: Արվեստի գործ, որտեղ հարյուրավոր տարիներ առաջ տաղանդավոր նկարիչը արտացոլել է հիվանդություն (հավանաբար առաջին անգամ), որը նկարագրվել է միայն 19-րդ դարում Էյզենմենջերի, Ռոջերի և Դալռիմպլի կողմից:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5