Փիրուզյան բժշկական կենտրոնը շարունակում է “Medicine in Art” ուշագրավ շարքը, որի շրջանակներում Ձեզ ենք ներկայացնում հանճարեղ նկարիչների գործերի միջոցով մեզ հասած մեծաթիվ արժեքավոր ու հետաքրքիր փաստեր՝ կապված բժշկության հետ:
Արվեստ, գեղեցկություն, կիրք և ցավ - այս բոլորն առկա են 20-րդ դարի մեքսիկացի հայտնի նկարիչ Ֆրիդա Կալոյի (Magdalena Carmen Frida Kalho y Calderon, 1907-1954) ստեղծագործություններում: Ըստ ֆրանսիացի գրող, պոետ, սյուրռեալիզմի գաղափարախոսության հիմնադիր Անրի Բրետոնի`“Ֆրիդա Կալոյի արվեստը ռումբը երիզող ժապավեն է”: Այն գունագեղ, մեքսիկական հին քաղաքակրթությունների ավանդույթներին հավատարիմ, միևնույն ժամանակ եվրոպական ազատամտությամբ` կնոջ ցավով և տառապանքով լի կյանքի արտացոլումն է կտավներում: Կալոն իր հեղափոխական ոգու վերելքներն ու վայրէջքները, իր զգացմունքների ողջ ներկապնակն արտացոլել է իր կտավներում: Նրանք և շատ անձնական են և միևնույն ժամանակ` շատ համամարդկային: Ֆրիդա Կալոյի 143 կտավներից 55-ը ինքնանկար են: “Ես նկարում եմ ինձ, որովհետև ես հաճախ մենակ եմ և ինձ ամենից լավ ես գիտեմ”,- ասում էր Կալոն:
Ֆրիդա Կալոյի նկարները հաճախ անվանում են սյուրռեալիստական, որովհետև նրանք պարունակում են բազմաթիվ սիմվոլներ: Գեղեցիկ, չթարթող աչքերով Կալոյի դեմքը տառապանք և կամք է խորհրդանշում, իսկ մեքսիկական դասական ոճով սանրվածքը ընդգծում է նրա մեքսիկական ինքնությունը, մետիսական ծագման հպարտությունը: Վառ ծաղիկներն ընդգծում են նրա հետաքրքրությունը մեքսիկական ազգային մշակույթի նկատմամբ, թիթեռները վերածննդի քրիստոնեական սիմվոլներ են, որոնք խորհրդանշում են հավատ և հարություն: Սև կատուն, ավանդաբար, դժբախտության խորհրդանիշն է, փշերով ապարանջանը` ցավի և տառապանքի, իսկ կոլիբրին սիրո և հաջողության խորհրդանիշն է Մեքսիկայում: Սակայն, նկարում կոլիբրին սատկած է, իսկ փշերի ծակոցներից արյուն է գալիս. միգուցե հիշեցում է Քրիստոսի տառապանքների և Կալոյի սեփական ցավի մասին: Կապիկը միշտ եղել է սատանայի և հեշտասիրության սիմվոլ, բայց Կալոյի կտավներում նրա սիրելի կապիկը հաճախ հանդիպում է որպես սիրո և երեխայի խորհրդանիշ: Ֆրիդան առողջական խնդիրների պատճառով չէր կարող երեխա ունենալ: Ֆրիդա Կալոն չէր ընդունում, որ ինքը սյուրռեալիստ է: Նա գտնում էր, որ ինքը պատկերում է իր սեփական ճշմարտությունը, ոչ թե երազները: Նույնիսկ կատակում էր`”Ես երբեք չեմ իմացել, որ ես սյուրռեալիստ եմ, մինչև Անրի Բրետոն չեկավ Մեքսիկա և չասեց, որ ես սյուրռեալիստ եմ”:
Մանկական հասակում Ֆրիդան հիվանդանում է պոլիոմիելիտով: Երկարատև բուժումից հետո լիարժեք վերականգնվում է, սակայն մեկ ոտքը մնում է մյուսից բարակ մկանային ատրոֆիայի հետևանքով: Այդ էր պատճառը, որ ամբողջ կյանքի ընթացքում Ֆրիդա Կալոն երկար շրջազգեստներ էր կրում: Բժշկական համալսարանի ուսանող էր, երբ տեղի ունեցավ ճակատագրական ավտովթարը: Ավտոբուսը, որով Ֆրիդան վերադառնում էր համալսարանից, բախվեց մեկ այլ մեքենայի: Մի քանի մարդ զոհվեց: Երիտասարդ աղջիկը հազիվ փրկվեց համարյա մահացու վնասվածքներից` բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ, կողերի, ոտքերի ու ձեռքերի վնասվածքներ: Երկաթյա ձողը մխրճվել էր կոնքը` կոտրելով կոնքի ոսկրերը, պատառոտելով կոնքի օրգանները: Հետագայում պարզվեց, որ ողնաշարը ևս վնասվել էր. 3 ող էին տեղաշարժվել: Հիվանդանոցում ամիսներ անցկացնելուց հետո նա բավականին երկարատև վերականգնողական բուժում էր ստանում տանը: Ավտովթարը վերջ դրեց բժիշկ դառնալու երազանքին: Այդ պատահարի հետևանքով Ֆրիդան ամբողջ կյանքի ընթացքում տառապում էր ցավից ու հիվանդություններից: Անկողնուն գամված՝ Ֆրիդա Կալոն սկսեց նկարել: Սկզբից ձևավորում էր բժշկական ամսագրեր ու այլ պարբերականներ, համակցելով իր հետաքրքրությունն արվեստի և գիտության նկատմամբ: Անատոմիայի իմացությունը հետագայում էլ արտացոլվում է նրա կտավներում: Պառկած վիճակում նկարելու համար հատուկ հարմարանքներ էին պատրաստվել` հայելին ամրացված էր գլխավերևում, որպեսզի Ֆրիդան տեսնի իրեն: Նկարչությունն ուղի էր Կալոի համար հասկանալու իր ինքնությոնն ու գոյությունը: “Ավտովթարը և նրան հաջորդած վերականգման շրջանի մեկուսացումը ցանկություն առաջացրին նորից վերանայել առարկաներն ու երևույթները և նկարել նրանք այնպես, ինչպես ես տեսնում եմ իմ սեփական աչքերով և ոչ ավելին”,- ասել է Կալոն:
Շարժունակությունը վերականգնվելուց հետո երիտասարդ նկարչուհին ակտիվորեն մխրճվեց հասարակական կյանք: Դարասկզբի հեղափոխական ոգին ալեկոծում էր նաև Մեքսիկան: Ֆրիդա Կալոն մտավ մեքսիկական կոմունիստական կուսակցության շարքերը և այդ ժամանակ մոտիկից ծանոթացավ արդեն համաշխարհային համբավ ունեցող նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ: Ռիվերան նաև Մեքսիկայի Կոմկուսի քարտուղարն էր, մի որմնանկարիչ, որին այդ ժամանակ մյուս մեքսիկացի մեծության`որմնանկարիչ Դավիթ Ալֆառո Սիկեյռոսի հետ ձեռքից ձեռք էին փախցնում: Դեռևս դպրոցական տարիներից Ֆրիդա Կալոի համար Ռիվերան կուռք էր եղել: Երկուսն էլ հետաքրքիր անհատականություններ էին, և պատահական չէր, որ կանանց սրտերը գրավողի համբավ ունեցող մեծ նկարիչը նույնպես նկատեց նուրբ, գեղեցիկ, բայց ըմբոստ նկարչուհուն: Ռիվերան 21 տարով մեծ էր Ֆրիդա Կալոյից: Ֆրիդայի մայրը նրանց անվանում էր “ Փիղ և աղավնի ”: 1929թ-ին Դիեգո Ռիվերան և Ֆրիդա Կալոն ամուսնացան: Նրանց ամուսնությունը սկիզբ դրեց տասնամյակներ ձգվող սիրո, տառապանքի, դավաճանության և ներման, հուսահատության ու հավատի և կյանքի մեծ ծարավի պատմությանը: Երկուսն էլ սիրում էին միմյանց, երկուսն էլ` դավաճանում, բաժանվում ու նորից միանում: Ռիվերան և Կալոն ճանապարհորդում էին կախված Ռիվերայի պատվերներից` Սան-Ֆրանցիսկո, Դետրոյտ, Չիկագո, Նյու-Յորք: Ֆրիդա Կալոյի արվեստը ևս ցուցադրվում և ճանաչում էր գտնում ոչ միայն Ամերիկյան մայրցամաքում, այլ նաև Եվրոպայում: Երեսունականների վերջին տարիներին Փարիզում և Լոնդոնում ցուցադրվելուց հետո նրա համբավն առավել աճեց: Կալոն առաջին մեքսիկացի նկարիչն էր, ում կտավները գնեց Լուվրը: Ռիվերայի համար Ֆրիդան ոգեշնչման առարկա էր, մուսա: Սակայն Ֆրիդա Կալոյի համար Ռիվերայի յուրաքանչյուր նոր սիրավեպ ու դավաճանություն նոր հոգևոր ցավ ու տառապանք էին ավելացնում առանց այդ էլ նրան մշտական տանջող ֆիզիկական ցավերին:
Այս կրկնակի ինքնանկարը Կալոն նկարել է Ռիվերայից հերթական բաժանումից հետո: Երկու Ֆրիդա, մեկը եվրոպական հագնված, մինչև ամուսնությունը, ձեռքին Ռիվերայի պատկերով ապարանջան, մյուսը` ամուսնությունից հետո, մեքսիկական ավանդական շրջազգեստով, բացված սրտով` արյունահոսող սպիտակ շրջազգեստի վրա…Երկու Ֆրիդաները ձեռք-ձեռքի բռնած՝ փոթորկվող ամպերի ֆոնի վրա:
Կալոյի համբավին զուգահեռ վատանում էր նրա առողջական վիճակը: Չնայած բուժումներին և վիրահատություններին, որ կատարվում էին Սան-Ֆրանցիսկոյում և Նյու-Յորքում, նրա ողնաշարի խնդիրներն ավելանոմ էին: Ոսկրային տրանսպլանտատները, ողնաշարն ամրացնելու մետաղական կոնստրուկցիաներն արդյունավետ չէին: Այս ամենը բարդանում էր տարբեր ինֆեկցիաներով: Նույնիսկ հաջողացրել էր բուժվել սիֆիլիսի դեմ: Ձեռքի և ոտքերի ցավերն էլ հանգիստ չէին տալիս: Երկար ժամանակ չէր կարողանում կանգնած կամ նստած դիրքում մնալ, քայլելը տանջալից էր: Հաշվել են, որ հիվանդության տարիներին Ֆրիդա Կալոն օգտագործել է 28 տարբեր կորսետներ` կաշվե, մետաղական և պլաստիկ նյութերից:
Համարյա ամբողջ 1950թ-ը Ֆրիդա Կալոն անցկացրեց հիվանդանոցում: Ողնաշարի վրա նոր ոսկրային պատվաստման վիրահատությունը ձախողվեց և կարիք եղավ մի շարք այլ վիրահատությունների, որպեսզի կանխարգելվեն և բուժվեն առաջացած լուրջ բարդությունները: Օստեոմիելիտը և ինֆեկցիաները հաջորդում էին մեկը մյուսին: Կալոն շարունակում էր նկարել գամված մահճակալին կամ անվասայլակին և նորից վերսկսեց զբաղվել քաղաքականությամբ. 1948-ին վերամիավորվել էր մեքսիկական կոմունիստական կուսակցությանը: Նկարում էր հիմնականում նատյուրմորտներ, ծաղիկներ, մրգեր, քաղաքական սիմվոլներ` դրոշներ, աղավնիներ: Նկարչաձևը ևս փոխվել էր, նախկին զգույշ և նուրբ վրձնահարվածները դարձել էին ավելի կոպիտ ու անփույթ, գույների ընտրությունը առավել հանդուգն, ինտենսիվ և տենդագին էր: Առաջին անգամ Մեքսիկայում 1953 թ-ին կազմակերպվեց Ֆրիդա Կալոյի անհատական ցուցահանդեսը: Այն ոչ միայն կարևոր իրադարձություն էր մեքսիկական ժամանակակից արվեստում, այլ նաև համաշխարհային մեծ արձագանք ունեցավ: Չնայած բժիշկներն արգելել էին Կալոյին շարժվել, սակայն նա հնար գտավ ներկա գտնվելու ցուցահանդեսի բացմանը: Ֆրիդա Կալոն պատվիրել էր անիվներով մահճակալ, և ի զարմանս բոլոր հյուրերի, բացման արարողության ժամանակ Ժամանակակից արվեստի թանգարանում հայտնվեց մահճակալով և մասնակցեց ողջ միջոցառմանը: Ցուցահանդեսի հաջողությունն ապշեցուցիչ էր: Կալոյի համբավն արդեն տարածված էր ողջ աշխարհում: Լոնդոնի հայտնի Տեյտ ցուցասրահը ( Tate Gallery) նույն տարին Ֆրիդա Կալոյի 5 կտավ ներկայացրեց Մեքսիկական արվեստի ցուցադրությանը:
Ֆրիդա Կալոյի առողջական վիճակն ավելի էր վատանում: 1953 թ-ի օգոստոսին գանգրենայի պատճառով ամպուտացվեց աջ ոտքը: Վախն ու դեպրեսիան խորացան, կախվածությունը ցավազրկող դեղորայքից մեծացավ: Դիեգո Ռիվերայի հերթական դավաճանությունը նրան մղեցին ինքնասպանության հերթական փորձին: Ցավազրկողների գերդոզավորումն այս անգամ մահացու չէր: Տարիներ առաջ Ֆրիդայի ընկերներից մեկը գրել էր “ Կալոն ապրում է մեռնելով”: Տասնյակ տարիներ, կարելի է նույնիսկ ասել համարյա ողջ կյանքի ընթացքում, ֆիզիկական և հոգևոր ցավը տանջում էին Ֆրիդա Կալոյին, բայց նա ուժ էր գտնում նկարելու, ապրելու բուռն կյանքով, սիրելու և սիրվելու, զբաղվելու քաղաքականությամբ, լինելու հասարակական ակտիվ շարժումների հորձանուտում: Կալոյի վերջին կտավը գունագեղ նատյուրմորտ է: Կտավը վերջացնելուց հետո վերջին անգամ վրձինը թրջելով կարմիր ներկի մեջ Ֆրիդան ավելացրել է` Viva La Vida ( Կեցցե Կյանքը ):
Ֆրիդա Կալոն մահացավ 1954–ի հուլիսին: Ըստ պաշտոնական վարկածի` մահվան պատճառը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան էր: Կան այլ վարկածներ ևս` թոքաբորբ, ուռուցք: Նկարչի կենսագիր Հեյդեն Հերերան գտնում է, որ Ֆրիդան պատրաստվում էր մահվան: Կյանքի վերջին օրերին իր նոթատետրում նա սև հրեշտակներ էր նկարում, իսկ վերջին գրառումը հետևյալն էր` “ Ես ուրախությամբ սպասում եմ ելքին և հույս ունեմ երբեք չվերադառնալու: Ֆրիդա“: Մահվանը նախորդող երեկոյան իրենց ամուսնության տարեդարձի առթիվ նախօրոք պատրաստած նվերը ժամանակից մեկ ամիս շուտ Ֆրիդան նվիրել էր Դիեգո Ռիվերային: Նման բան նախկինում չէր եղել: Ըստ Հերերայի և Ֆրիդային խնամող բուժքրոջ, Ֆրիդա Կալոյի մահվան պատճառը ցավազրկող դեղորայքի գերդոզավորումն էր:
“Արվեստի պատմության մեջ Ֆրիդան նկարչի եզակի օրինակ է, որը բացեց իր կուրծքն ու սիրտը ցուցադրելու իր զգացմունքների կենսաբանական ճշմարտությունը: Միակ կինը, որն իր աշխատանքներում արտահայտեց զգացողությունների, գործողությունների և կնոջ ստեղծագործ ուժի արվեստը“,- Դիեգո Ռիվերա: Արվեստագետները մինչ այժմ վիճում են, թե ինչ ոճի մեջ դասակարգել մեքսիկացի նկարչուհու ստեղծագործությունները: Ամեն դեպքում, Ֆրիդա Կալոյի կյանքն ու արվեստը դարձան 20-րդ դարի ամենահետաքրքիր պատմություններից մեկը
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան