Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում. Հայկուհի Գյոկչյան
2013 թվականի համեմատ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը Հայաստանում ավելացել են, մահացության թիվը, սակայն, նվազման միտում ունի: Այս մասին Ծաղկաձորում կազմակերպված միջազգային գիտապրակտիկ սեմինարի ժամանակ ասել է Երեւանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանը: «Հինգ տարի առաջ մենք ունեցել ենք առաջնակի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության 1086 դեպք, նախորդ տարվա տվյալներով քաղցկեղի այդ տեսակն է ախտորոշվել 1118 կնոջ մոտ: Մահացության առումով, սակայն, դինամիկան հուսադրող է: 2013 թվականին արձանագրվել է 526, 2017-ին 420 դեպք: Կարող եմ ասել, որ դա եւ մեր դիագնոստիկ ծառայությունների լավ աշխատանքի, եւ իրազեկաման ծրագրերի շնորհիվ է: Կանայք այսօր ավելի վաղ փուլում են դիմում, ինչն էլ էականորեն մեծացնում է բուժվելու հավանականությունը”,- ընդգծել է ուռուցքաբան -քիմիաթերապեւտը:
Հայկուհի Գյոկչյանի նախաձեռնությամբ եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ու «Դավիդյանց» լաբորատորիայի աջակցությամբ կազմակերպված գիտապրակտիկ սեմինարին մասնակցել են Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտի, Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի, Ղազախստանի Մամոլոգիայի կենտրոնի, Բելգիայի ONCO DNA գենետիկայի կենտրոնի բարձրակարգ մասնագետներ, նաեւ շուրջ 50 վիրաբույժներ ու ուռուցքաբաններ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից ու Արցախից:
«Նման կոնֆերանսները շատ կարեւոր են ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարում, քանի որ բոլոր բժիշկները չէ, որ հնարավորություն են ունենում միջազգային կոնֆերանսներին մասնակցելու: Այսպիսի մեծ անուն եւ վաստակ ունեցող բժիշկներին հրավիրելով Հայաստան՝ մենք նպատակ ունենք մեր ուռուցքաբանների գիտելիքները թարմացնել, վերապատրաստել եւ մտքերի փոխանակում, բժշկական քննարկումներ կազմակերպել, չ՞է որ վեճի մեջ է ծնվում ճշմարտությունը: Կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ սա Հայաստանում առաջին կոնֆերանսն է եւ մենք նախատեսում ենք որ հաջորդը նվիրված կլինի թոքի եւ կոլորեկտալ քաղցկեղին»,- նշել է Հայկուհի Գյոքչյանը:
«Նման միջոցառումները չափազանց կարեւոր են, քանի որ այն ոլորտը, որտեղ մենք աշխատում ենք, ամեն օր է զարգանում եւ առանց փորձի փոխանակման, առանց նման հանդիպումների անհնար է առաջ շարժվել: Այսօր այստեղ են հավաքվել ուռուցքաբանության տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետներ եւ կարծում եմ մենք բավականին արդյունավետ քննարկումներ կունենանք»,-ասել է Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի ուռուցքաբան Իրակլի Զումբաձեն:
Ելույթներից ու քննարկումներից բացի նախատեսված են նաեւ պրակտիկ խորհրդատվություններ: Սեմինարի երկրորդ հատվածում ուռուցքաբանները քննարկել են վեց բարդ դեպքեր՝ հիվանդության բուժման հետագա ռազմավարությունը համատեղ որոշելու նպատակով:
«Բարդ դեպքերի քննարկումը մեր գործընկերների հետ շատ կարևոր է: Այսպիսով մենք կօգնենք հիվանդության հետ կռիվ տվող վեց մարդու եւ միաժամանակ տարբեր երկրներից երկած ուռուցքաբանները կոնկրետ օրինակների վրա փորձի փոխանակում կանեն»,- ասել է Դավիդյանց լաբորատորիայի տնօրեն Աշոտ Դավիդյանցը:
Միջազգային սեմինարին ներկա է եղել նաեւ առողջապահության նախարարի խորհրդական Վահե Տեր- Մինասյանը, որն էլ ընդգծել է, որ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայաստանում քաղցկեղ ախտորոշում ունեցող հիվանդին մենակ չթողելու եւ թանկարժեք բուժման ծախսերը կիսելու հարցում: