«Էրեբունի» բժշկական կենտրոնի անգեոգրաֆիկ ծառայության ղեկավար և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում ինտերվենցիոն սրտաբան Մերուժան Սաղաթելյանի հետ մեր հարցազրույցն ի թիվս այլ հարցերի, վեր է հանում նաև ինտերվենցիոն սրտաբանության ոլորտում առկա խնդիրները, որոնք սրվել են հատկապես ստենտավորման ծառայության գնի նվազեցման հետևանքով:
-Ըստ ձեզ, Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար, ի՞նչ է դրա համար անհրաժեշտ, և որքանո՞վ է դա իրատեսական մեր երկրի համար: Հատկապես ո՞ր ուղղությամբ աշխատանք կա անելու:
- Եթե նկատի ունենամ իմ մասնագիտության հետ կապված անհետաձգելի օգնությունները, ինտերվենցիոն սրտաբանության ոլորտը, կարող եմ ասել, որ որակյալ օգնություն ցուցաբերելու համար բավարար պայմաններ ապահովված են: Սակայն, որոշակի բարդության գործողությունների համար ցանկալի է գործիքավորման մի մակարդակ, որը դեռևս Հայաստանում չկա: Ցավոք, բավական թանկարժեք գործիքներ ու սարքավորումներ են, որոնք ունենալու համար պետք է կատարել ներդրում: Պետական կլինիկաների պարագայում դրա համար անհրաժեշտ գումարները, ըստ երևույթին, չկան: Մասնավոր բժշկական կենտրոնների դեպքում էլ զուտ սեփականատիրոջ հայեցողությանն է մնում նման ներդրումներ կատարելը, որովհետև այդ սարքավորումների օգտագործումը նշանակում է հավելյալ գործողությունների համար հավելյալ գումարների վճարում, որը մեր երկրում դեռևս, ցավոք, հիվանդի ուսերին է:
Ինչ վերաբերում է ոչ անհետաձգելի գործողություններին և հիվանդների այն կատեգորիաներին, որոնք սոցիալապես անապահով չեն համարվում և որևէ արտոնությունից չեն օգտվում, այսինքն` հիվանդների մոտ 70 տոկոսին, ցանկացած հավելյալ գործողության, սարքավորման օգտագործման համար վճարման բեռը մնում է հիվանդի ուսերին: Այդ պատճառով դեռևս շատ մեծ դժվարություններ կան որոշակի մակարդակից բարձր բժշկությունը զարգացնելու համար:
Որպեսզի ավելի հասկանալի լինի, ասեմ, որ իմ մասնագիտությունն այժմ, փոքր թե մեծ ծավալով, ներկայացված է հանրապետության մոտ 7 կլինիկաներում: Իմ մասնագիտության գծով հիմնական կամ բազալ սարքավորումը` անգեոգրաֆը, որով կատարվում են ներանոթային վիրահատական միջամտություններ, այդ կլինիկաներում կա: Սակայն ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ ոչ բոլոր գործողություններն է հնարավոր անել միայն անգեոգրաֆի միջոցով, այսինքն` այն սարքավորման, որով մենք անոթները նկարում, տեսնում ենք, ստենտավորման գործողություն ենք կատարում և այլն: Տվյալ մասնագիտությունն աշխարհում արդեն 20 տարուց ավելի է՝ շատ մեծ տեմպերով է զարգանում, և այսօրվա դրությամբ որոշակի մակարդակից այն կողմ գործողություններ կատարելու համար անհրաժեշտ են նաև հավելյալ սարքավորումներ: Նկատի ունեմ, օրինակ, ներանոթային ուլտրաձայնային սարքավորումը, ներանոթային օպտիկ տոմոգրաֆիայի սարքավորումը, ներանոթային, զարկերակի մեջ ճնշումների տարբերությունը որոշող սարքավորումը: Եթե հիվանդների համար այդ սարքավորումներով գործողություն է արվում, բժշկական ծառայության արժեքը թանկանում է 1000-1200 եվրոյի չափով, մինչդեռ ստենտավորման գործողություններն առանց դրա էլ էժան չեն: Ստենտավորման համար այժմ սահմանված գների մեջ նման գործողությունները ներառել հնարավոր չէ, այդ գների մեջ հնարավոր է ներառել միայն բազալ գործողությունները: Խնդիրը միայն այդ սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարներ հայթայթելը չէ, որը, թերևս, լուծելի խնդիր է, ուղղակի, դրանք ունենալուց հետո, այդ սարքավորումներով իրականացված ծառայությունների վճարը մնալու է հիվանդների վրա, քանի դեռ գործում է առողջապահության այն համակարգը, որը կա, և պետությունն այն չափով չի ֆինանսավորում, որպեսզի հիվանդները կարողանան օգտվել նաև այդ սարքավորումներից:
- Պետպատվերի շրջանակներում կատարվող վճարումները չե՞ն նպաստում բուժման որակի բարձրացմանը կամ ժամանակակից բուժում ապահովելուն:
- Մեր ոլորտում այդ վճարումներն ուղղակի հնարավորություն են տալիս որոշակի կատեգորիայի ստանալ որակյալ բուժօգնություն, եթե խոսքը վերաբերում է կյանք փրկելու առումով անհետաձգելի բուժօգնությանը: Սակայն, լայնածավալ, մեծ գործողության համար այդ գումարները, իհարկե, բավարար չեն: Շատ դեպքերում ստիպված ենք լինում պետպատվերից օգտվող հիվանդներին կամ հիվանդատերերին ասել, որ որոշակի այս գործողության համար դուք պետք է բժշկական կենտրոնի դրամարկղում կատարեք հավելավճար: Չեմ կարող ասել նաև, թե պետպատվերի շրջանակներում կատարվող վճարումները նպաստում են ոլորտի զարգացմանը, որովհետև այդ գումարները միշտ եղել են նվազագույնը: Այդ վճարումների շնորհիվ ապահովվում է պետական ծառայողների, զինծառայողների, ուսուցիչների, սոցիալապես անապահով խավերի մարդկանց, սոցշահառուների ժամանակակից բուժումը:
- Սրտի վիրաբուժությանը և ստենտավորմանն առնչվող պետության վերջին որոշումները, մասնավորապես` ստենտավորման արժեքի գրեթե կրկնակի նվազեցումը, նպաստելո՞ւ են բնագավառի զարգացմանն ու բուժման որակի բարելավմանը, թե՞ ճիշտ հակառակ արդյունքն են տալու:
- Ինչ վերաբերում է պարզ, պարզունակ գործողություններին, այսինքն` այն հիվանդների ստենտավորմանը, որոնք բարդ գործողությունների կարիք չունեն (այսինքն` կա անոթի շատ ուղիղ հատված, շատ կարճ նեղացում, որը, ասենք, 20 րոպեանոց գործողությամբ պետք է ստենտավորվի` երկարատև հեռանկարում լավ արդյունքով), ապա ստենտավորման գների նվազեցման որոշումը նպաստելու է, որ ավելի մեծ քանակի հիվանդներ օգտվեն այդ ծառայությունից: Ստենտավորման համար նվազեցված գումարը պարզ գործողությունների համար բավարար է: Սակայն, բարդ գործողությունների համար, որոնք պահանջում են շատ մեծ նյութածախս և շատ լուրջ մասնագիտական պատրաստվածություն, ստենտավորման գների նվազեցման որոշումը դառնում է արգելք, հիվանդանոցի ադմինիստրացիան արդեն տեսնում է, որ այդ գործողությունն ինքը չի կարող իրեն թույլ տալ այդ գումարներով: Հասկանալի է, որ այս առումով չի նպաստում, խնդիր է առաջանում:
Ընդհանրապես, որտեղ էլ նայեք ստենտավորման արժեքը, այդ գործողությունը շատ թանկ է, և թանկ է ոչ թե չարդարացված ձևով, այլ որպեսզի հնարավոր լինի բոլոր գործողությունները` թե՛ պարզերը, թե՛ բարդերը, կատարել նույն գնով: Ստենտավորման կարիք ունեցողների նվազագույնը 40 տոկոսը կարիք ունի պարզից ավելի, այդ թվում նաև բարդ գործողությունների կարիք: Այսինքն` պետք է լինի մի այնպիսի միջինացված գին, որը պարզ գործողությունների համար չծախսված, խնայված գումարների շնորհիվ հնարավորություն կտա իրականացնել բարդ գործողություններ, ինչպես նաև կատարել ներդրումներ` նոր սարքավորումներ ձեռք բերելու համար: Այսօր, երբ ստենտավորման նվազեցված գինը հաստատվել է, տվյալ գործողությունն էժանացվել է այն մակարդակի, որ պարզունակ գործողություններից ավելի բան հնարավոր չլինի անել:
Երկրորդ. պետության կողմից չի իրականացվում բավարար վերահսկողություն ու վերլուծություն, որպեսզի հասկացվի, թե այդ գործողությունների համար իրական անհրաժեշտությամբ պայմանավորվածը, ի վերջո, ո՞ր գինն է, որը թույլ է տալիս անել անհրաժեշտ բոլոր տեսակի պրոցեդուրաները և կատարել ներդրումներ, առանց խնդիրներ ունենալու: Այսինքն` շատ մակերեսային է հարցին նայվել և մի քայլով որոշվել է ինչ-որ մի գումար` ստենտավորման ծառայության արժեք, որն անհասկանալի է, թե որտեղից ծագեց, ինչպես ձևավորվեց:
- Դուք, որպես մասնագետ, ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում, ե՞րբ և ինչո՞ւ է բժիշկն անպաշտպան:
- Որպես մասնագետ առաջնահերթ փորձում եմ պարտադիր կերպով պահպանել իմ մասնագիտության գծով ժամանակակից բժշկության մեջ ընդունված եվրոպական այն ուղեցույցները, որոնցով պետք է աշխատել, այսինքն` որ հիվանդին է ցուցված գործողություն, որ դեպքում, թեև հիվանդություն կա, բայց ցուցված չէ գործողություն և պետք չի անել գործողություն, որ դեպքերում ինչ ծավալի գործողություն է պետք անել, ինչպես է պետք անել այդ գործողությունը… Բարեբախտաբար, իմ մասնագիտությունը բավական զարգացած է և՛ տեխնիկական առումով, և՛ ցուցումների ու հակացուցումների առումով, որոնց հետևելը դժվար չէ: Ցավոք, այս ոլորտը մեր երկրում վերահսկողությունից դուրս է, այսինքն` գործողությունները` ինչ անել և ինչպես անել, ամբողջովին բժշկի հայեցողության տակ են, ամերիկյան կամ եվրոպական ուղեցույցները պաշտոնապես հաստատված չեն: Ես կարող եմ պաշտպանված համարել ինձ այնքանով, որ իմ մասնագիտական ցանկացած գործողություն հետևում է այսօրվա դրությամբ աշխարհում ընդունված կանոններին, ուղեցույցներին:
Շատ դեպքերում մեր գործողությունը ներկայացվում է որպես պարզ և չարդարացված կերպով թանկ գործողություն, բայց հիմնականում եթե գնահատենք հիվանդության բարդությունը, և գործողությունները կատարվեն այն նպատակով, որ երկարատև հեռանկարում լավ արդյունք ունենանք, գործողությունն այնքան էլ պարզ չէ: Ընդ որում, մենք գործ ունենք հիվանդների այն կատեգորիայի հետ, որոնց մահացությունը ամբողջ աշխարհում մահվան պատճառների մեջ, ցավոք, դեռևս առաջին տեղում է: Այսինքն` մենք կարող է գնանք շատ մեծ, բարդ գործողության, հիվանդը կամ պետությունը դրա համար վճարի շատ մեծ գումար, բայց այդ հիվանդն ընդունված ռիսկերի տոկոսների մեջ կարող է ունենալ բարդություն ու մահանալ, և դա ներկայացվի որպես անորակ կամ անտեղի կատարված գործողություն:
- Բժիշկների վարձատրությունը Հայաստանում բավարա՞ր է արժանավայել կյանք վարելու համար:
- Ընդհանուր առմամբ, բավարար չէ: Ոչ բոլոր մասնագետները կարող են պահանջարկ ունենալ մասնավոր բժշկական կենտրոններում աշխատելու համար և ունենալ պայմանագրային գործարքային վարձատրություն, որը կարող են համարել բավարար: Այսօր մանավանդ պետական համակարգում աշխատող բժիշկներն այնքան ծիծաղելի վարձատրություն են ստանում, որ ընդհանրապես ավելորդ է քննարկելը` դա իրենց բավարա՞ր է, թե բավարար չէ: Նույնիսկ նվազագույն սննդի ծախսերը հոգալու համար այդ գումարները բավարար չեն: Դրա համար բնական է, որ այդ բժիշկները պետք է փորձեն աշխատել ժամերի առումով ավելի երկար, նույնիսկ իրենց հանգստի հաշվին, ռիսկի ենթարկելով բուժման որակը, ու դրա համար պատասխանատվությունը վերցնելով իրենց վրա: Այսօր, նայած թե ինչ մասնագիտության մասին է խոսքը, վարձատրությունը բավարար չէ նաև մասնավոր շատ բուժհաստատություններում: Այդ իսկ պատճառով կա բժիշկների շատ մեծ արտահոսք դեպի արտերկիր, մեր երկիրն ունենում է այդ որակյալ մասնագետների, օրինակ, վերակենդանացնողների, անզգայացնողների, առաջին բուժօգնության ոլորտի աշխատողների կորուստ: Այսօրվա դրությամբ նրանց պահանջարկը նաև մեր երկրում է շատ և արագ տեմպերով աճում է:
- Եթե արտերկրի որևէ կլինիկայից ձեզ աշխատանքի առաջարկ անեն, կլքե՞ք հայրենիքը:
- Շատ բարդ հարց եք տալիս: Ճիշտն ասած, ես շատ մեծ հնարավորություններ եմ ունեցել արտերկրում աշխատելու: Եթե որոշեի, որ պետք արտերկրի հիվանդանոցներում աշխատեմ, այդ նպատակը դնեի իմ առաջ, ես կհասնեի այդ նպատակին: Չի բացառվում, որ հիմա էլ լինեն այդպիսի առաջարկներ, մանավանդ որ կան միջազգային որոշ ասոցիացիաներ, որոնց անդամ եմ, բացի այդ, շատ կոնֆերանսների կազմակերպչական կոմիտեների մեջ եմ ու ճանաչում ունեմ: Առայժմ ես ինձ տեսնում եմ որպես այս երկրում աշխատող մասնագետ: Իսկապես շատ դժվար հարց եք տալիս, որովհետև դրան իմ պատասխանը վերաբերում է ոչ միայն անձամբ ինձ, այլ նաև երեխաներիս, որոնց համար տեսանելի ապագայում զարգացման հեռանկար պետք է տեսնեմ, ինչը շատ մեծ հարցի տակ է դնում ձեր այդ հարցին իմ պատասխանը: Դրա համար այս պահին ես միանշանակ չեմ կարող պատասխանել, համենայն դեպս, առայժմ արտագաղթելու, արտերկրի որևէ կլինիկայում աշխատելու նպատակ, ծրագիր չունեմ, կարող է ժամանակավոր ինչ-որ ծրագրով գնամ:
- Ինչպե՞ս եք վերաբերվում այն բժիշկներին, որոնք լքում են հայրենիքը:
- Այն բժիշկները, որոնք հայրենիքը լքում ու գնում, արտերկրում էլ զբաղվում են բժշկությամբ, շատ լավ մասնագետներ են, և ցանկացած շատ լավ մասնագետ իրավունք ունի իր աշխատանքի համար պահանջել պատշաճ վարձատրություն: Քանի որ նա տարբերակներ չի տեսնում այդ վարձատրությունն իր երկրում ստանալու համար, գտնում է տարբերակներ արտերկիր գնալու, թեկուզ կարգավիճակով ավելի ցածր որակավորման մեջ աշխատելով, սակայն ստանալով ավելի մեծ վարձատրություն, քան այստեղ: Դրա համար ես չեմ կարող բացասաբար վերաբերվել այդ բժիշկներին, մանավանդ, որ նրանցից շատերն ինձ շատ մտերիմ մարդիկ են, անձամբ նրանց ճանաչում եմ, գիտեմ նրանց մարդկային ու մասնագիտական արժանիքները, հատկանիշները: Շատ կուզեի, որ նրանց գիտելիքները, հմտությունները մեր երկրի, ժողովրդի համար օգտագործվեին, բայց այդ մարդիկ այստեղ պատշաճ չեն վարձատրվել, բացի այդ, իրենց ընտանիքների զարգացման հեռանկար չեն տեսել այստեղ: Որևիցե մեկը չի կարող մեղադրել նրանց և արգելել մեկնել:
2016-11-14
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան