Բժշկի խորհուրդներ. որո՞նք են էնդոպրոթեզավորման առավելությունները

Ներկայացնում է  օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանը

Եթե ունեք ոչ մշտական բնույթի ցավեր հոդի շրջանում, որոնք երբեմն կարող են ունենալ ճառագայթող բնույթ, ապա այս ախտանիշները կարող են վկայել զարգացող օստեոարթրոզի մասին։ Դեֆորմացնող օստեոարթոզը և հետվնասվածքային արթրոզները օրթոպեդիայում ամենից հաճախ հանդիպող հիվանդություններն են։

Օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանի խոսքերով երկրագնդի բնակչության շուրջ 20 տոկոսը տառապում է օստեոարթրոզով։ Հաշմանդամության հանգեցնող հիվանդությունների ցուցակում օստեոարթրոզները առաջատար տեղ են զբաղեցնում։ Այսպիսի ծանր և անցանկալի հետևանքի են հանգեցնում հատկապես կոնքազդրային(կոքսարթրոզ) և ծնկան(գոնարթրոզ) հոդերի օստեոարթրոզները։ Դեֆորմացնող օստեոարթրոզն իր զարգացման ընթացքում ախտահարելով հոդը կազմող մակերեսները առաջացնում է հոդաճառի դեգեներատիվ փոփոխություններ, որոնք ի վերջո հանգեցնում են հոդում շարժումների սահմանափակման` ընդհուպ մինչև ամբողջական անշարժացում։ Այս հիվանդության ռիսկի գործոնների շարքին են դասվում առաջին հերթին տարիքը, մարմնի ավելորդ քաշը, ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածությունը։ Հետվնասվածքային արթրոզի պարագայում, նշված անցանկալի բարդությունները հետևանք են տարած վնասվածքի։ Այս խնդիրների դեպքում բացառիկ կարևորություն է ձեռք բերում հիվանդի կողմից առաջին ախտանիշները նկատելուն պես անմիջապես վստահելի մասնագետի դիմելը, քանի որ ժամանակին կատարված ճիշտ բուժումը, կարող է երկարացնել հոդի կյանքը, և նշանակալիորեն բարձրացնել հիվանդի կյանքի որակը։

Օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանը իր կուտակած աշխատանքային փորձից ելնելով՝ նշում է, որ ցավոք մեզանում հիվանդները բժշկի դիմում են հիվանդության զարգացման բավական ուշ փուլերում, երբ այլևս պահպանողական մեթոդներն անարդյունավետ են, և հոդի շարժունակությունը վերականգնելու միակ արդյունավետ մեթոդը էնդոպրոթեզավորումն է։

Էնդոպրոթեզավորում կատարելու մեկ այլ հաճախ հանդիպող ցուցում է հանդիսանում ազդրոսկրի վզիկի կոտրվածքը, որը ինչպես դեֆորմացնող օստեոարթոզի դեպքում հատուկ է բարձր տարիքային խմբին՝ հիմնականում վաթսունից բարձր տարիքի կանանց, պայմանավորված ոսկրի սնուցման խանգարումներով և պոստմենոպաուզալ շրջանում հաճախ հանդիպող օստեոպորոզով, որը կոտրվածքների համար լրացուցիչ ռիսկի գործոն է հանդիսանում։ Ներկայումս, այս կոտրվածքների դեպքում ցուցված է վիրահատական բուժում, որը թույլ է տալիս հիվանդին հնարավորինս կարճ ժամկետներում ոտքի կանգնեցնել, խուսափելով անշարժության հետ կապված այնպիսի անցանկալի բարդություններից, ինչպիսիք են՝ թոքերում կանգային երևույթները, պառկելախոցերը և այլն։

Մեր հանրության շրջանում տարածված է վախը էնդոպրոթեզավորման հանդեպ։ Ոմանք նույնիսկ նախընտրում են ապրել տանջալից ցավերի և հաշմանդամության պայմաններում խուսափելով վիրահատությունից։ Այդ անվստահության պատճառն ըստ բժիշկ Արտակ Գալստյանի սրանից 15-20 տարի առաջ կատարված վիրահատություններն են, որոնք չունենալով կատարման ներկայիս տեխնիկան ու որակը հանգեցնում էին որոշակի բարդությունների։ Մեր օրերում այսպիսի մտահոգությունները բացարձակապես անհիմն են, քանի որ որակյալ պրոթեզների օգտագործմամբ արհեստավարժ մասնագետի կողմից կատարված վիրահատություն ժամանակ, հետվիրահատական բարդությունների առաջացման հավանականությունը հասնում է նվազագույնի։ Ճիշտ կատարված վիրահատությունն ազատում է տանջող ցավից, վերականգնելով շարժումների ազատությունն ու բարձրացնելով կյանքի որակը։ Բժիշկ Արտակ Գալստյանը նախընտրում է աշխատել Ջոնսոն ընդ Ջոնսոն (Johnson&Johnson) ընկերության արտադրած բարձրորակ էնդոպրոթեզներով, որոնք բացի մատչելիությունից առանձնանում են բարձր արդյունավետությամբ։ Ի դեպ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ցանկացած էնդոպրոթեզի գործունեության ժամկետը սահմանափակ է, և այս առումով բացառիկ կարևորություն է ձեռք բերում բժշկի կողմից հիվանդի հմուտ վարումը, որը թույլ կտա, հնարավորության սահմաններում պահպանել հոդն ու հետաձգել վիրահատությունը, իսկ դրա անհնարինության պարագայում հմտորեն կատարված վիրահատությամբ և հետվիրահատական շրջանում հիվանդի ճշգրիտ վարման միջոցով հնարավորինս հետաձգել կրկնակի վիրահատության ժամկետները։ Քանի որ, եթե առաջնակի վիրահատության բարդությունների զարգացման հավանականությունը 1-2 տոկոս  է կազմում, որը մեծամասամբ պայմանավորված է ուղեկցող հիվանդություններով, և օրգանիզմի սթրեսային ռեակցիայով,  ապա կրկնակի վիրահատության պարագայում այս հավանականությունը նշանակալի ավելանում է՝ հասնելով 4-5 տոկոսի։ Օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանը, առաջնորդվում է բազմաթիվ թիմային քննարկումների և վիրահատության ճիշտ պլանավորման շնորհիվ հնարավորինս փոքր կտրվածքով մեծ արդյունքների հասնելու սկզբունքով, քանի որ անհարկի կատարված խոշոր կտրվածքները լրացուցիչ վնասվածքի են ենթարկում հիվանդին, որն անկասկած անցանկալի է։ Էնդոպրոթեզավման վիրահատության համար, բժիշկը սկզբունքային է համարում, որ էնդոպրոթեզը տեղադրվի այնպես, որ վիրահատությունից 45 օր հետո լիարժեք սերտաճի ոսկրային հյուսվածքին, բացառելով խնդիրների առաջացման հավանականությունը և ազատելով հիվանդին հենակներից օգտվելու անհրաժեշտությունից։

Բժիշկ Գալստյանը մեծ դեր է հատկացնում նաև հիվանդի իրազեկվածությանը, մանրակրկիտ բացատրում է հիվանդությունը, վիրահատության մեթոդներն ու ակնկալվող արդյունքները, քանզի ինչպես ինքն է նշում տեղեկացված հիվանդն ավելի հանգիստ ու վստահ է անցնում բուժման ընթացքը։ Բացի այդ օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանն իր հիվանդներին ցուցումների ցանկ է տրամադրում, որտեղ հստակ նշված են լինում այն ռեժիմն ու գործողությունների  շարքը, որին պետք է հետևի հիվանդը հետվիրահատական շրջանում։

Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում, որտեղ ներկայումս աշխատում է բժիշկ Արտակ Գալստյանը խոշոր հոդերի տոտալ էնդոպրոթեզավորումը կատարվում է ողնուղեղային անզգայացմամբ։ Դա հիվանդին հնարավորություն է ընձեռում հետևել  վիրահատության ընթացքին, համոզվել, որ տեղադրվում է հենց այն էնդոպրոթեզը, որն իրեն ներկայացվել է ու որի համար վճարել է։ Բացի այդ  վիրահատությունից հետո հիվանդին տրամադրվում են նաև էնդոպրոթեզի փաստաթղթերը՝ հերթական սերիական համարանիշով։  Այսպիսով ապահովելով մաքսիմալ թափանցիկություն, և թույլ չտալով որ որևէ կասկած սեպ խրի բժիշկ-հիվանդ փոխադարձ վստահության ձևավորման գործում։ 



ԻՄ ԲԺԻՇԿԸ