Մատչելի ստենտավորումը ոլորտը չի զարգացնի

 

Ինչո՞ւ են երիտասարդ, խոստումնալից շատ բժիշկներ հեռանում Հայաստանից, ի՞նչ է անհրաժեշտ որակյալ բժշկություն ունենալու, բժշկի պաշտպանվածության ու հեղինակության բարձրացման համար… Այս և ոլորտի այլ հարցերի, հիմնախնդիրների շուրջ է մեր հարցազրույցը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Հմայակ Սիսակյանի հետ:

- Ըստ ձեզ, Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար:

- Ըստ ինձ, իհարկե, ոչ, որովհետև առողջապահության բյուջեից բնակչության մեկ շնչին հասնող գումարը, եթե չեմ սխալվում, 100 դոլարից ցածր է, որը շատ-շատ քիչ է, որպեսզի ապահովվի որակյալ բժշկություն: Որակյալ, լավ բժիշկները, մեկ-երկու կամ մի քանի լավ հիվանդանոցը դեռ չեն նշանակում, թե ամբողջությամբ կարող է որակյալ բժշկություն ապահովված լինել: Որակյալ բժշկությունը հարուստ երկրների հնարավորությունն է: Որակյալ բժշկության դեպքում բնակչությունը պետք է հիմնական ծառայություններից օգտվելուց ապահովագրված լինի կամ վճարունակ լինի: Որակյալ բժշկությունն առաջադեմ բժշկությունն է և նոր, բարձրագույն տեխնոլոգիաների կիրառումը: Դրանք կիրառվում են արևմտյան զարգացած երկրներում, բայց Հայաստանում այժմ հնարավոր չէ նույնն անել, քանի որ ֆինանսների սղություն կա:

- Որո՞նք են առաջնային խնդիրները, որոնց լուծումը հնարավորություն կտա ոլորտը զարգացման նոր մակարդակի բարձրացնել:

- Դա համալիր հիմնախնդիր է: Խնդիրներից մեկը երկրի սոցիալ-տնտեսական վիճակի լավացումն է, որը կապահովի առողջապահության զարգացումը: Մյուսը` ապահովագրության ներդրումն է: Կարևոր է նաև բժիշկների վարձատրության բարելավումը, որովհետև այսօր մեծ է Հայաստանից երիտասարդ, լավ, խոստումնալից բժիշկների արտահոսքը արտերկիր, որտեղ փորձում են աշխատանք գտնել: Մարզերում նույնիսկ շատ հաճախ բժշկական որոշ մասնագիտություններով մասնագետներ չկան, բժիշկների կարիք կա:

- Դուք մասնագիտական առումով պաշտպանված զգո՞ւմ եք ձեզ, ի՞նչ քայլեր են պետք բժշկի պաշտպանվածության ու հեղինակության բարձրացման համար:

- Դժվար հարց եք տալիս: Իհարկե՛ ոչ, որովհետև ներկայումս շատ են լրատվամիջոցներով բժիշկների նկատմամբ քննադատական, վարկաբեկող հոդվածները: Առանց պարզելու բժշկական սխալի առկայությունը, մեդիա ոլորտում շատ հաճախ միանգամից մեղադրում են, ինչն, իհարկե, լրացուցիչ լարվածություն է ստեղծում ազգաբնակչության և բժշկական անձնակազմի միջև: Դա մի խնդիր է, որը երևի թե պետք է հստակեցվի, այդ ձևով դա, իհարկե, ի վնաս բժշկական սպասարկման է, բժիշկների հոգեբանական վիճակի վրա է ազդում:

Մահերը, բարդությունները, որոնք կարող են լինել, մասնագիտական և իրավական տեսակետից պետք է դիտարկել, քննել: Բժշկության մեջ, իհարկե, սխալներ լինում են, վրիպումներ լինում են, բարդություններ լինում են, բայց կան բարդություններ, որոնք սպասելի են, կարող են հանդիպել, և այդ առնչությամբ ամեն ինչ պետք է մեկնաբանվի շատ ավելի օբյեկտիվ տեսակետից: Այս առումով բժիշկներն անպաշտպան են զգում իրենց, շատ դեպքեր են եղել, որ պացիենտը կամ հիվանդատերը բժշկի վրա նույնիսկ ձեռք է բարձրացրել: Դա անթույլատրելի է, սա մասնագիտություն է, որ տարբերվում է մյուս մասնագիտություններից: Քչերն են ընտրում այդ ծանր ճանապարհը ծառայելու, որովհետև բժիշկ աշխատելը և՛ մտավոր, և՛ հոգեբանական շատ մեծ ջանք, ներդրում է պահանջում: Սա նույնպես պատճառներից մեկն է, որ երիտասարդ սերնդի շատ բժիշկներ չեն ցանկանում Հայաստանում աշխատել:

- Հիմա տարբեր քննարկումներ են լինում պետպատվերի շուրջ: Ըստ ձեզ, ո՞րն է առավել արդյունավետ և արդարացի մեխանիզմը:

- Դա նույնպես դժվար հարց է, կախված է երկրի և առողջապահության ոլորտի ֆինանսական հնարավորություններից: Նկատի ունենանք, որ պետպատվերից օգտվողները միշտ չէ, որ կարողանում են դժվարամատչելի, թանկարժեք հետազոտություններից օգտվել: Իհարկե, ցանկալի է, որ ամբողջ ազգաբնակչությունը լինի ապահովագրված, ամբողջական, լիարժեք ապահովագրումն, իհարկե, ավելի լավ է:

- Նոր նախարարը որպես առաջնահերթություն է սահմանել պարտադիր ապահովագրական համակարգին անցնելը: Ինչպե՞ս եք դրան վերաբերում և ինչ նկատառումներ ունեք: Ըստ ձեզ, ի՞նչ գործոնների է անհրաժեշտ ուշադրություն դարձնել այս գործընթացում:

- Դրական: Իդեալական առողջապահությունը, որին պետք է ձգտենք, ազգաբնակչության ապահովագրումն է: Տեսնում ենք, որ բոլոր զարգացած երկրներն անցել են այդ մեթոդին, և այնտեղ առողջապահության որակը շատ ավելի լավն է:

- Հայաստանում արդեն գործում է բժիշկների կրեդիտավորման համակարգը: Ըստ ձեզ, ինչպիսի՞ն է դրա արդյունավետությունը:

- Կարծում եմ, դա շատ կարևոր քայլ է, որովհետև գործնական աշխատանքով զբաղվող բժիշկն իր ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում կարիք ունի շարունակական կրթական զարգացման: Կրեդիտավորումը մեխանիզմ է, որը ստիպում է բժշկին, որպեսզի ինքն ամեն 5 տարվա ընթացքում ունենա կրթական ծանրաբեռնվածություն և բարձրացնի իր որակավորումը: Հակառակ պարագայում կարող ենք ունենալ բժիշկների մի զանգված, որոնց որակավորումը հետ է մնացել ժամանակից, չի համապատասխանում անհրաժեշտ պայմաններին:

- Կա՞ արդյոք առողջ մրցակցություն Հայաստանի առողջապահության ոլորտում: Շատ բժիշկներ բողոքում են մոնոպոլիաների առկայությունից:

- Իհարկե, ինչպես տարբեր երկրներում, Հայաստանում նույնպես սուբյեկտիվիզմ կա: Սակայն, մի բան պարզ է, որ բժշկության մեջ ով ձգտում ունի, միշտ կարողանում է հասնել նպատակին: Լավ բժիշկը կամ նեղ մասնագիտացած մասնագետը, որը շարունակական կրթական գործընթացներով անցել է և հասել է մի ինչ-որ միջազգային մակարդակի, հաճախակի վերապատրաստվել է արտասահմանում, իր կայուն տեղն ունենում է բժշկական ծառայություն մատուցելու գործում և արժանապատվորեն վարձատրվում է: Իհարկե, սուբյեկտիվիզմ, դժվարություններ կան, բայց հիմնականում, կարծում եմ, բժշկության, բժշկագիտության մեջ` առավել, քան այլ ոլորտներում, կարելի է հասնել այն նպատակին, ինչին ձգտում ես: Ներկայումս եթե նույնիսկ մենաշնորհներ կան, բժշկների համար իրենց նպատակին հասնելու համար դաշտն ավելի ազատ, ավելի լավ է, քան նույնիսկ Խորհրդային Միության տարիներին, որովհետև այն ժամանակ շատ սահմանափակ էին մասնագիտացում ընտրելու, դրսում վերապատրաստում ստանալու հնարավորությունները:

- Եթե ձեզ արտերկրից աշխատանքի առաջարկ ներկայացնեին, կլքեի՞ք հայրենիքը:

- Ներկայումս երևի թե ոչ: Ինձ առաջարկ ժամանակին եղել է, աշխատել եմ նույնիսկ, բայց որոշել եմ վերադառնալ: Երբեմն որ հետադարձ հայացք եմ նետում անցած ճանապարհիս, հիշում եմ, որ այստեղ շատ ավելի դժվարություններով եմ անցել, հեշտ չէ ճանապարհը, սուբյեկտիվ գործոնները, դժվարությունները հաղթահարելն ավելի բարդ է: Այնտեղ բժիշկը զբաղվում է միայն բժշկությամբ, և չկան այն դժվարությունները, որոնք մենք տեսնում ենք Հայաստանում ու մեր նման երկրներում:

Հայաստանում աշխատելն ունի իր առավելությունները` այն, որ քո երկրում ես, հոգեպես ավելի բավարարված ես, որ քո երկրում մարդկանց, հիվանդներին օգտակար ես լինում: Սակայն, կա մի սահմանափակում. եթե ուզում ես քեզ լիարժեք դրսևորել քո աշխատանքում, եթե իդեալիստ ես և ուզում ես միշտ կատարելագործվել, հասնել նրան, ինչ հնարավոր է Եվրոպայում, Հայաստանում, իհարկե, հիմնականում չես կարող դրան հասնել` ֆինանսական և տեխնիկական հնարավորությունների,  երկրի հնարավորությունների պատճառով: Այս ամենը մտահոգիչ է, դրա համար այդ հարցին միանշանակ պատասխանել դժվար է:

- Ինչպե՞ս եք վերաբերում բժիշկներին, որոնք լքում են հայրենիքը:

- Ցավալի: Այնուամենայնիվ, եթե մարդն ուզում է մասնագիտական լիարժեք զարգացման, իր հնարավորությունների լիարժեք դրսևորման հասնել, կարող է գնալ Հայաստանից դուրս, հետո, ինչ-որ մի ժամանակ անց, վերադառնալ, աշխատել, ավելի օգտակար լինել: Բժշկական կրթությունը (ներառյալ` հետդիպլոմային շրջանը) տևում է 10-11 տարի` ի տարբերություն մյուս մասնագիտությունների: Տասը տարի կրթություն ստանալը (իսկ բժշկական համալսարանում սովորելը շատ ավելի դժվար է, քան այլ համալսարաններում, որովհետև շատ ավելի ինտենսիվ է բժշկագիտության կուրսը) և դրանից հետո ստանալը մի աշխատավարձ, որը չի կարող բավարարել նույնիսկ տարրական սոցիալական պահանջները, մարդկանց ստիպում է լքել Հայաստանը:

- Դուք կգերադասեիք աշխատել մասնավո՞ր, թե պետական հիվանդանոցում: Ինչո՞ւ…

- Միանշանակ չի կարելի ասել: Ես աշխատել եմ մասնավոր հիվանդանոցում, այժմ պետական հիվանդանոցում եմ: Դժվար է ասել, մասնավորն էլ, պետականն էլ ունեն իրենց որոշ առավելությունները և թերությունները: Ներկայումս ես շատ գոհ եմ, որ Երևանի պետական բժշկական համալսարանում եմ աշխատում և համակցում եմ կրթական ոլորտում իմ աշխատանքները, հետազոտական աշխատանքը, կլինիկական աշխատանքը: Մասնավոր բուժհաստատությունում ավելի շատ ստիպված ես միայն կլինիկական գործունեությամբ զբաղվել:

- Սրտի վիրաբուժությանը և ստենտավորմանն առնչվող պետության վերջին որոշումները նպաստելո՞ւ են բնագավառի զարգացմանն ու բուժման որակի բարելավմանը, թե՞ ճիշտ հակառակ արդյունքն են ունենալու:

- Կարծում եմ, համեմատաբար մատչելի սպասարկումը թույլ է տալիս այդ ծառայությունը հասանելի դարձնել բնակչության ավելի լայն խավերի, այն շատ ավելի կօգնի սրտի իշեմիկ հիվանդություն ունեցողներին, սակայն այդ որոշումը զարգացման հետ կապ չունի: Բնագավառի զարգացման համար պետք է ֆինանսական շատ ավելի մեծ աջակցություն լինի, սպասել միայն, որ հիվանդը վճարի, դրանով զարգացում ապահովվի, իրատեսական չէ: Բժշկությանը միայն բիզնեսի տեսակետից չի կարելի նայել, բժշկության մի շարք բնագավառներ, օրինակ, ռեանիմատալոգիան, սրտավիրաբուժությունը, ուռուցքաբանությունը, եկամտաբեր չեն, այստեղ պետք է և՛ պետական աջակցություն, և՛ հովանավորներ:

- Ինչպե՞ս բարձրացնել բնակչության վստահությունը ոլորտի նկատմամբ:

- Կանոնակարգել է պետք բժշկական սպասարկումը, բժիշկների որակավորումը և բժշկական սպասարկման որակը պետք է բարձրանա, պետք է ներդրվի որակյալ բժշկություն: Առավել կարևորն այն է, որ բժիշկն իր գործը որակով անի, նրա աշխատանքը լինի արդյունավետ: Այստեղ մենք միակողմանի չպետք է խոսենք:



Առողջապահական համակարգ