Սարո Ծատուրյան. Առողջության ապահովագրությունը կլուծի որոշ խնդիրներ, բայց ոչ՝ բոլորը
Համաշխարհային բանկի բժշկական ապահովագրության գծով փորձագետ Սարո Ծատուրյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Բժշկական ապահովագրությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ
Հաճախ խոսում ենք բժշկական ապահովագրությունից, և մեր բնակչության մեջ կան մարդիկ, ովքեր դա ընկալում են որպես մի պանացեա բոլոր եղած խնդիրներից: Միանգամից պետք է ասենք, որ, ցավոք, դա չափազանցված ակնկալիք է: Այսինքն՝ առողջապահության ոլորտում մենք այսօր շատ խնդիրներ ունենք և բոլորը չէ, որ միայն ֆինանսավորման հետ են կապված: Սա ֆիքսենք, հետո նոր անցնենք առաջ: Առողջապահության ապահովագրության ներդրումը պարտադիր թույլ կտա որոշ խնդիրներ լուծել, բայց ոչ բոլոր խնդիրները, որովհետև այդ խնդիրները բազմաթիվ ուղղություններով են առկա, և պետք է համակարգված ջանքեր կիրառել: Հետո մի բան պետք է բոլորս հասկանանք. ոչ մի բան, ոչ մի լավ բան առավել ևս, անվճար չի լինում, ամեն ինչ ունի իր գինը, ամեն ինչի համար պետք է վճարել: Ապահովագրությունը նույնպես ունի իր գինը, և այդ գինը պետք է վճարեն այն մարդիկ, ովքեր օգտվելու են այդ ապահովագրությունից: Այսինքն՝ դա չի լինելու վերևից եկող մի մանանա, և միանգամից բոլորի համար ամեն ինչ լավ է լինելու: Աշխատող բնակչությունը նախատեսում է, որ պետք է որոշակի լրացուցիչ հարկ վճարի իր աշխատավարձից, որի չափը դեռ որոշված չէ, և դա քննարկման հարցերից մեկն է, ու դրա դիմաց պետք է ստանա նորմալ ծառայություն: Սա ամենակարևոր պահերից մեկն է: Երկրորդը ծածկույթի հարցն է, թե ովքեր պետք է ընդգրկվեն այս համակարգում: Ակնհայտ է, որ համակարգը ներդրվում է, որպեսզի առաջին հերթին պաշտոնական զբաղվածություն ունեցող մարդիկ ընդգրկվեն, բայց դրա հետ միասին հենց առաջին փուլում նախատեսվում է, որ պետք է ընդգրկվեն նաև ներկայիս պետպատվերի շահառուները, որոնք հիմնականում սոցիալապես անապահով, խոցելի խմբերն են, և նրանց համար պետությունը պետք է հանդիսանա որպես ապահովագիր, ապահովագրավճար վճարող կողմ այն գումարներից, որոնք այսօր պետական բյուջեում նախատեսված են բուժօգնության ծառայությունների ֆինանսավորման համար հենց այդ նույն խմբերին: Այսինքն՝խոսքն ընդամենը այդ խմբերի համար պետական միջոցների օգտագորման ձևը փոխելու մասին է: Հետագա փուլերում իհարկե նախատեսում է այլ մեխանիզմներ կիրառել: Բայց պետք է մի բան նկատի ունենանք. հիմնական խնդիրներից մեկը՝ որպես ապահովագրության ներդրման խոչընդոտ, մեր երկրում ոչ պաշտոնական զբաղվածության բարձր մակարդակն է: Այսինքն եթե մենք, ոչ պաշտոնական վիճակագրական տվյալներով, ունենք մոտ 1.2 մլն ակտիվ աշխատուժ մեր երկրում, դրանցից ընդամենը մոտ 500-550 հազարն են պաշտոնապես զբաղված և հարկեր վճարում: Մնացածն, ասենք, գյուղացիական տնտեսությամբ զբաղվող մոտ 300-400 հազար քաղաքացիներ են, որոնք իրենց սեփական հողի վրա աշխատում են, բերքը բերում վաճառում են, բայց ընդհանրապես հարկային դաշտից դուրս են, կամ բազմաթիվ անհատ ձեռներեցներ կան, այլ մարդիկ, որոնք ոչ պաշտոնական զբաղվածություն ունեն: Այսինքն՝ լավագույն դեպքում առաջին փուլում հնարավորություն կունենանք բնակչության մոտ 50 տոկոսին կամ մի փոքր ավելիին այս ծածկույթում ընդգրկել: Բայց հետո պետք է մտածենք՝ մնացած խմբերին ինչպես ենք համակարգում ընդգրկելու:
Ես կուզենայի նշել նաև երկու հարց, որոնք այս պահին տեսնում ենք որպես կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ. մեկը երկրի տնտեսական վիճակն է, այսինքն՝ ինչքան տնտեսության վիճակը բարելավվի, այնքան զբաղված բնակչության թիվը կավելանա, բնականաբար կընդլայնվի նաև ապահովագրության ծածկույթը: Եվ երկրորդը՝ ընդհանրապես մեր առողջապահության պետական ֆինանսավորման շատ ցածր մակարդակն է: Ինչպես գիտեք՝ մեր երկրում ընդամենեը ՀՆԱ-ի 1.3 տոկոսն է այսօրվա դրությամբ կազմում առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորումը, և շատ մեծ տեսակարար կշիռ ունեն առողջապահական ընդհանուր ծախսերի մեջ բնակչության մասնավոր վճարումները: Ընդհանրապես, առողջապահական ընդհանուր ծախսերի մեջ բնակչության մասնավոր ծախսերի տոկոսի ցուցանիշով Հայաստանը աշխարհում գրավում է առաջին տեղը, բայց՝ վերջից, ցավոք սրտի, այսինքն՝ ամենավատ ցուցանիշն է: Այս խնդիրները նկատի ունենալով՝ պետք է առաջ գնանք:
Քանի դեռ մեր առողջապահության համակարգը իր ներսում ունի բազմաթիվ անարդյունավետություններ, և դրանք լուծում չեն ստացել, ապահովագրության և լրացուցիչ ֆինանսական աղբյուրների ներգրավումը չի կարող տալ մեզ ցանկալի արդյունք, որովհետև դա նույնն է, ինչ ավել փող լցնես ոչ արդյունավետ աշխատող համակարգի մեջ, այն մեկ է՝ մնալու է ոչ արդյունավետ. մաղով ջուր կրելու պատմությունն է:
Ծածկույթի մասին էլ խոսելիս պետք է մի բան ճիշտ հասկանանք: Այո, շատ երկրներ ունեն ընդգրկվածության 90 տոկոսից ավելի ցուցանիշ, բայց եկեք հիշենք՝ իրենք քանի՞ տարում են հասել դրան: Ասում ենք ապահովագրության բիսմարկյան համակարգ, Բիսմարկը 19-րդ դարում էր, չէ՞, Գերմանիայի կանցլերը: Այսինքն՝ շատ երկրներում համընդհանուր ծածկույթի պրոցեսը տևել է տասնամյակներ, որոշ դեպքերում՝ դարեր: Ես չեմ ասում, որ մենք պետք է դարերով գնանք դրան, բայց որպեսզի մտածենք, թե ինչպես ընդգրկենք այս խմբին, մյուս խմբին, գործազուրկին, ուսանողին, անապահովին և այլն, նախ պետք է ունենանք այդ համակարգը, հետո ասենք՝ ժողովուրդ, եկեք, միացեք դրան: Այսինքն պետք է բազային մեխանիզմներն ու կառույցները ունենանք, որ կարողանանք հետո դրա ընդգրկումն ընդլայնել:
Առողջապահության ոլորտը փորձում է իր հարցը առանձին լուծել՝ բժշկական ապահովագրություն ներդնելով: Բայց ասել, որ դա միակ տարբերակն է, այնքան էլ ճիշտ չի: Ինչ վերաբերում է պետական թե մասնավոր համակարգերի միջոցով իրականացնելուն, ապա չկա նման հարց՝ թե ամենաարդյունավետ տարբերակը սա է: Կան երկրներ, որտեղ պարտադիր բժշկական ապահովագրությունը իրականացվում է մեկ հանրային կառույցի միջոցով և շատ լավ է աշխատում, օրինակ՝ Էստոնիան: Կան երկրներ, որտեղ իրականացվում է մասնավոր հարյուրավոր ապահովագրական ընկերությունների միջոցով և էլի վատ չի աշխատում, օրինակ՝ Նիդերլանդները կամ Շվեյցարիան: Ամբողջ հարցը հետևյալն է՝ ի՞նչ գին են պատրաստ վճարել հասարակությունն ու պետությունն այս կամ այն համակարգն ունենալու համար, որովհետև դրանց գները տարբեր են, նաև տարբեր են այն ճանապարհները, որոնք երկրներն անցել են տասնամյակների ընթացքում՝ պատմականորեն ձևավորելով այս կամ այն համակարգը: