Y Logo
Բժշկի մեծ ներդրումը հայկական բանակում

Բժշկի մեծ ներդրումը հայկական բանակում

Տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառությունը կենցաղում, աշխատանքում և ուսման մեջ ժամանակակից մարդուն  թելադրում է լավ տեսնելու ցանկություն: Ու քանի որ այսօրվա կենցաղը, էկոլոգիան ու տարատեսական հիվանդությունները նպաստում են աչքի տարատեսակ խնդիրների ու ախտահարումների զարգացմանը, գնալով մեծանում է ակնաբուժական ծառայություններից օգտվողների թիվը: Հայկական ակնաբուժության զարգացման մակարդակը թույլ է տալիս ազգաբնակչության համար ապահովել ժամանակակից չափորիշներին համապատասխան բարձրակարգ ծառայություն: Ավելին՝ ակնաբուժական ծառայությունը հատուկ կենտրոնացմամբ գործում է նաև հայկական բանակում: Հայկական ակնաբուժության ներկա վիճակի և զինված ուժերում այս ծառայության կայացման մասին "Առողջապահական համակարգի" կզրուցի ակնաբույժ, Ս. Մալայանի անվան կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի ակնաբույժ Հովսեփ Միհրանի Միրոյանի հետ: Հովսեփ Միրոյանը բժշկական գիտությունների դոկտոր է, մեծ ներդրում է ունեցել հայկական բանակում ակնաբուժական ծառայության կայացման գործում և հանդիսանում է ՀՀ Զինված Ուժերի ակնաբուժական ծառայության ղեկավարը: Պարգևատրվել է "Անդրանիկ Օզանյան" մեդալով: 

-Զարգացման ի՞նչ մակարդակում է այսօր հայկական ակնաբուժությունը:   

-Հայաստանում ակնաբուժությունը զարգացման բավական բարձր մակարդակում է գտնվում: Այստեղ իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական լայնածավալ գործունեություն:  Մենք իրականացնում ենք վիրահատական այն բոլոր միջամտությունները, որոնք կատարում  են ամբողջ աշխարհում՝ տեխնիկական, տեխնոլոգիական ու մասնագիտական նույն հագեցվածությամբ: Հայաստանն այս ոլորտում մրցակից կարող է համարվել շատ երկրներին: Դրանում իհարկե մեծ դերակատարություն ունի Մալայանի անվան կենտրոնի համագործակցությունը ամերիկահայ բժիշկների հետ, որի արդյունքում ստեղծված «Հայական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության շնորհիվ   ակնաբուժական բարձրորակ ծառայությունները հասանելի դարձան ոչ միայն Երևանի, այլ նաև Հայաստանի բոլոր մարզերի բնակչության համար: 

-Իսկ կա՞ն աչքի վիրահատություններ, որոնց համար ՀՀ քաղաքացին ստիպված պետք է մեկնի արտերկիր: 

-Արտերկրում վիրահատվելը, ցավոք, առավելություն է դիտվում մեր քաղաքացիներից շատերի համար: Դա դեռ ԽՄ տարիներից կարծրացած մտածելակերպ է, լավ արդյունքի համար մեկնում են Գերմանիա, Իսրայել, Ֆրանսիա, կամ որևէ այլ զարգացած երկիր: Իհարկե սրանք բժշկությունում առաջատար երկրներ են, բայց որքան էլ անիրական թվա, Հայաստանը չի զիջում այս երկրների ակնաբուժության մակարդակին, չենք զիջում ոչ ներդրված տեխնոլոգիաների, ոչ  հագեցվածության, ոչ առավել ևս մասնագետների առումով: 

-Ակնային ի՞նչ հիվանդություններ են վերջին շրջանում առավել տարածված, և նկատվու՞մ է  դրանց երիտասարդացում: 

-Ակնային շատ հիվանդություններ են տարածված: Անգամ որոշ հիվանդությունների համար արդեն էնդեմիկ զոնա է: Օրինակ՝ կերատոկոնուսը, որը հանդիպում է հիմնականում հայերի և հրեաների մեջ և լուրջ խնդիր է համարվում ժամանակակից ակնաբուժությունում ընդհանարապես: Զգալիորեն մեծացել են նաև շաքարային դիաբետի հետ կապված ակնահատակի փոփոխությունները: Իհարկե աշխատանքներ կատարվում են այդ հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու և բուժելու ուղղությամբ, բայց քանի որ շատ են տարածված, դժվար է ավելի արդյունավետ կազմակերպել: Իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհում ակնաբուժության մեջ ամենաշատ տարածված հիվանդություներից է կատարակտան: Տարիքային նվազագույն շեմը, երբ սկսում էր այն զարգանալ, համարվում էր 65 տարեկանը: Այսօր այն զգալիորեն երիտասարդացել է, ի հայտ է գալիս արդեն ավելի հաճախ 55 տարեկանից: Բայց շատ ավելի երիտասարդացել ու հաճախադեպ է դարձել կարճատեսությունը, որը տեսողական գերլարվածության հետևանք է: Ավելի ու ավելի շատ երիտասարդներ են մեզ դիմում այս խնդրով: Պատճառն իհարկե համակարգիչն ու հեռուստացուցն են, դրանց առաջ անցկացրած ժամանակի չարաշահումն է: Համակարգչով աշխատելու կամ զբաղվելու ընթացքում պետք է ժամանակ առ ժամանակ դադար տալ, գոնե մի քանի րոպեով հայացքը փոխել էկրանից, հանգստացնել աչքերը: 

-Ի՞նչ սխալ սովորություններ կան տարածված, որոնք վնասում են տեսողությանը: 

-Իմ թիվ մեկ ցանկությունն է, որ մեր ժողովուրդը ավելի շատ մտածեր իր առողջության մասին, հատկապես երբ խոսքը երեխաների առողջության և տեսողության պահպանման մասին է: Հաճախ ծնողը չի էլ նկատում, որ իր երեխան վատ է տեսնում, և հիվանդությունը կարող է սրվել այնպիսի տարիքում և այնպիսի փուլում, որ բժշկությունը չի կարողանա կամ շատ քիչ կկարողանա օգնել: Վատ սովորություն է ժամանակին բժշկին չդիմելը: Պատրվակ են բերում զբաղվածությունը կամ ֆինանսի անբավարարությունը և սպասում են մինչև դանակը հասնի ոսկորին:  

Վատ սովորություն է նաև պատահական տեղից ակնոց գնելը: Նախ ակնոցի նշանակումը պետք է լինի բժշկի խորհրդատվությունից ու հետազոտությունից հետո: Ավելին՝ ակնոցը պետք է պատրաստել տալ մասնագիտացված օպտիկաներում, այլ ոչ թե գնել պատրաստին: 

Բժշկի պետք է դիմել անկախ նրանից՝ գանգատը խիստ է արտահայտված, թե թույլ: Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել պարբերաբար հետազոտվելը: Երեխաները պետք է հետազոտվեն պարտադիր, որովհետև այդ տարիքում կարող են գանգատներ չլինել, բայց ձևավորվեն խնդիրներ, որոնց հետագա զարգացումը տեսողական լուրջ խանգարումների պատճառ կդառնա: Իսկ մեծահասակների դեպքում ցանկալի է, որ 40 տարեկանից հետո ձեռք բերեն ակնաբույժին այցելելու օգտակար սովորությունը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ մեծ մասն այս տարիքում ակնոց կրելու խնդրի առաջ է կանգնում ու պետք է կրի իր օպտիկային համապատասխան ճիշտ ակնոց:  

Ցավոք մեր երկրում պրոֆիլակտիկա գրեթե չկա: 

-Միգուցե պատճառը անվստահությու՞նն է բժշկի հանդեպ: 

-Վստահության կորուստ իրոք կա, ու պատճառը լրատվամիջոցներն են: Մարդիկ հիմնականում փնովումներ ու դատապարտումներ են լսում այս կամ այն բժշկի մասին: Դրական փորձ չի ներկայացվում, չենք լսում, որ այս բժիշկը այսքան կյանք փրկեց, այսքան տեսողություն վերականգնեց:  Այսօր շատ հազվադեպ է բժիշկը ՙշնորհակալություն՚ բառը լսում: Յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է, հիվանդությունն էլ կարող է զարգանալ անկանխատեսելի հունով, ամեն ինչ չէ, որ հնարավոր է բուժել, և բժիշկն էլ ամենակարող աստված չէ: Բժիշկը միշտ ձգտում է օգնել, լավ արդյունք ունենալ: Բայց դեպքեր են լինում, որ, որքան էլ լավ մասնագետ լինի, հիվանդությունն իր գործը մինչև վերջ անում է:

-Ակնաբուժությունը բավական բարդ մասնագիտություն է: Ինչու՞ հենց այն ընտրեցիք:

-Մեծացել եմ բժիշկների ընտանիքում. հայրս վիրաբույժ էր, մայրս՝ ակնաբույժ: Ակնաբուժությունը իր նրբությամբ ու բարդությամբ գրավել է վաղ տարիքից: 1997-2000թթ. կլինիկական օրդինատուրայում բժշկական պրակտիկաս անցա Մալայանի հիվանդանոցում: Աշխատակազմը, իմ ուսուցիչները՝ Ա. Ս. Մալայանը, Գ. Լ. Գրիգորյանը, Ա. Ա. Շաքարյանը, Ն. Դ. Գզգզյանը և ուրիշներ, նպաստեցին, որ ավելի շատ սեր, փորձ ու հմտություններ ձեռք բերեմ այս  մասնագիտության մեջ: Այնուհետև բանակում ծառայել եմ որպես ակնաբույժ: Իմ ծառայության շրջանում է հիմնվել ԶՈՒ ակնաբուժական ծառայությունը, որը ղեկավարում եմ առ այսօր: Իմ օրոք են ստեղծվել նաև Վարդենիսի և Սիսիանի  հոսպիտալների ակնաբուժական ծառայությունները, բարելավվել է Ստեփանակերտի հոսպիտալի ակնաբուժական ծառայությունը: 

Ինչ վերաբերում է մասնագիտության բարդությանը, իրոք այդպես է: Աչքը մեր օրգանիզմի ամենաբարդ օրգանն է, որի հիվանդություններն ու խնդիրներն էլ են խիստ բազմազան ու բարդ: Ու չնայած բժշկությունը զարգանում է, ներդրվում են վիրահատության ու բուժման նոր մեթոդներ ու գործիքներ, որոնք հեշտացնում են ակնաբույժների աշխատանքը, բայց ամեն անգամ վիրահատարան մտնելիս պետք է պատրաստ լինես նոր ու անսպասելի դեպքի, որը նոր լուծում է պահանջում ակնաբույժից: Հենց այստեղ է որ կարևորվում է պրակտիկ փորձը, որքան այն հարուստ լինի, որքան շատ դեպքերի հետ բժիշկը առնչված լինի, այնքան արագ ու ճիշտ կկողմնորոշվի իր գործողություններում: Հենց այստեղ է, որ կարևորվում են վերապատրաստումները տարբեր երկրներում, փորձի փոխանակումները ինչպես մեր՝ տեղի փորձառու ակնաբույժների, այնպես էլ արտասահմանի մեր գործընկերների հետ: Մալայանի ակնաբուժական կենտրոնում այդ փորձն առկա է: Հենց դա է մեր լավագույն արդյունքների հիմքը, արդյունք, որն ընդունում են նաև արտասահմանի  մեր գործընկերները: 

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5