Մեր նախնիներն ունեցել են արհեստը, մասնագիտությունը սերնդեսերունդ փոխանցելու ավանդույթ: Եվ այն ունեցել է ժողովրդական դարավոր իմաստությամբ պատճառաբանված ներքին տրամաբանություն: Այսօր մասնագիտությունները դարձել են ավելի բազմազան, ընտրությունն՝ առավել այլընտրանքային, իսկ երիտասարդ սերունդը՝ մասնագիտության ընտրության հարցում առավել ազատ ու ավանդույթի կապանքներից թոթափված: Բայց փաստերը շարունակում են խոսել հին ավանդույթի օգտին. իրենց ոլորտում առավելագույն հաջողության հասնում են այն մասնագետները, ովքեր չեն խախտում ընտանեկան ավանդույթը ու շարունակում են ծնողների նախանշած ուղին: Այդ ուղուն հավատարիմ մնացին նաև Համբարձումյանների ընտանիքում. այստեղ կրթվում է բժիշկների երրորդ սերունդը:
Լավ բժիշկը միշտ հետազոտող է
Էնդոսկոպիստ, ճառագայթաբան, ուռուցքաբան, բ.գ.դ., պրոֆեսոր, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի դիագնոստիկայի գծով փոխտնօրեն Անդրեաս Համբարձումյանը պատմում է, որ հայրը՝ Մարտին Համբարձումյանը, բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո՝ մինչև իր կյանքի վերջն աշխատել է բժշկական համալսարանի կենսաբանության ամբիոնում, եղել այդ ամբիոնի հեղինակավոր և ուսանողների կողմից սիրված դասախոսներից մեկը. «Նվիրված է եղել իր առարկային, սիրել է իր աշխատանքը, դասախոսական աշխատանքը, բայց միշտ զղջացել է, որ պրակտիկ բժշկությամբ չի զբաղվել ու ինձ ու եղբորս միշտ հորդորել է առաջնահերթ զբաղվել պրակտիկ բժշկությամբ»: Մայրը՝ Ռայա Ստեփանյանը, նույնպես ավարտելուց հետո մնացել է ինստիտուտում՝ ֆիզիոլոգիայի ամբիոնում: Բժիշկը և մանկավարժը այնպիսի մասնագիտություններ են, որոնց համար սերը դեպի մարդիկ պարտադիր հատկություն է. «Առանց այդ սիրո ո՛չ հայրս, ո՛չ մայրս չէին կարողանա այդքան երկար տարիներ նույն նվիրվածությամբ ու եռանդով աշխատել: Այդ սերը փոխադարձ է եղել: Երբ մայրս արդեն 75-ն անց էր և ցանկանում էր թողնել աշխատանքը, նրա ազատման դիմումը չէին ստորագրում, չէին ցանկանում բաժանվել նրանից: Ես ու եղբայրս ենք բարեխոսել նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանի մոտ, որ մայրիկին վերջապես ազատել են: Դա մեր ռեկտորի պրակտիկայում առաջին դեպքն էր, որ աշխատանքից ազատելու համար խնդրում էին»:
Անդրեաս և Էդուարդ Համբարձումյանները հետևել են հոր հորդորին, զբաղվել են գլխավորապես պրակտիկ բժշկությամբ՝ յուրաքանչյուրն իր ոլորտում ունենալով հայկական բժշկության զարգացումը խթանող ձեռքբերումներ: Դրան նպաստել են նաև գիտական փորձերն ու աշխատանքները, որոնք Անդրեաս Համբարձումյանը սկսել է դեռ ուսանող տարիներին. նրան գրավել է հետազոտական գործունեությունը: Դեռ 3-4-րդ կուրսերից սկսել է հաճախել Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, որտեղ միկրոբիոլոգիայի ամբիոնում հետաքրքիր փորձեր է նախաձեռնել: Այնպես որ, մինչև 6-րդ կուրսի վերջը նա արդեն մի քանի տպագրված գիտական հոդված ուներ: Առաջին գիտական աշխատանքը կատարում է Վ. Ֆանարջյանի ղեկավարած ռենտգեն ինստիտուտում:
Անդրեաս Համբարձումյանը հետաքրքրվում էր լուսանկարչությամբ, լուսանկարում էր նաև կենդանիներին, որոնց մթության մեջ ու արագ տեղաշարժվելիս լավ լուսանկարելու համար այն տարիներին պահանջվում էր լավ որակի և բարձր գերզգայունությամբ ֆոտոժապավեն: Ա. Համբարձումյանը հայտնագործում է, որ նույն մեխանիզմը կարելի է ներդնել նաև այն ժամանակվա ռենտգեն սարքավորումներում. ավելացնել ժապավենների գերզգայունությունը, ստանալ բարձր որակի պատկեր և ավելի քիչ ճառագայթել հիվանդներին: Իհարկե Ֆանարջյանին երիտասարդ ուսանողի գյուտը դուր է գալիս, և այն ներդրվում է ինստիտուտի պրակտիկայում: Անդրեաս Համբարձումյանը նաև բժշկական ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության նախագահն էր, կազմակերպում էր ուսանողական կոնֆերանսներ, նպաստում ուսանողական մակարդակի բարձրացմանը: Այսպես էլ սկսվում են բժշկությունում հետազոտություններն ու պրպտումները, որոնք հետագայում պիտի դառնային մենագրություններ, բժշկական մեթոդական ձեռնարկներ: Սկսվում է բժշկի գիտական աշխատանքը, որը զուգահեռվում է պրակտիկ հաջող գործունեությամբ: Բժշկական ինստիտուտը գերազանցությամբ ավարտած ուսանողը մեկնում է Գյումրի, որտեղ աշխատում է երեք տարի:
Երևան վերադառնալուց հետո էլ շարունակում է իր բեղմնավոր գործունեությունը: Նա ուռուցքաբանության գիտական կենտրոնում ստեղծում է էնդոսկոպիայի և էխոգրաֆիայի առաջատար բաժին, որտեղ կատարվում են էնդոսկոպիկ բոլոր հետազոտությունները, ներդրվում են նոր մեթոդներ, որոնց մասին գրվում և տպվում է ԽՍՀՄ պետություններում տարածվող բժշկական մեթոդական ձեռնարկներում: Բժշկական համալսարանում հիմնում է Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի դուստր էխոգրաֆիկ ուսուցողական կենտրոն: Զուգահեռ վերստեղծվում է ռադիոլոգիայի ամբիոնը: Իհարկե բոլոր ձեռքբերումների թվարկումը երկար կլինի: Ու դա այնքան էլ էական չէ, որովհետև առավել էական է աշխատանքը, որի հիմքում ծնողների ներդրած սերն է մասնագիտության հանդեպ: Այն արդեն փոխանցվել է Համբարձումյանների երրորդ սերնդին. Անդրեաս Համբարձումյանի դուստրն ու որդին նույնպես բժիշկ են: Այս ընտանիքում ուսանել են մեծերի կարևորագույն դասը. մարդն իրավունք ունի լինել վատ նկարիչ կամ վատ հյուսն, բայց իրավունք չունի լինել վատ բժիշկ:
Սերը դեպի բժշկման արվեստը հենց սերն է մարդկության հանդեպ
Բժշկական գիտությունների դոկտոր, վերարտադրողականության «Fertility center» կենտրոնի հիմնադիր-տնօրեն Էդուարդ Համբարձումյանը 11 տարի աշխատել է աշխարհի առաջնակարգ բժշկական հաստատություններում՝ արտամարմնային բեղմնավորման ասպարեզում այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Ռենէ Ֆրիդմանը (Ֆրանսիա), Մաշել Սայբելեն (ԱՄՆ), նա նաև Փարիզի, Բոստոնի և Հարվարդի համալսարաններին կից արված բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է, Հայաստանում մարդու վերարտադրողականության հայկական ասոցիացիայի նախագահն է, «Արագիլ» հիմնադրամի նախաձեռնողներից, բազմաթիվ ամերիկյան և եվրոպական գիտական կազմակերպությունների մրցանակակիր: Ու այսօր ձեռքբերումների բարձունքից և հեռավորությունից նայելով՝ զարմանում է՝ այդ ե՞րբ են ծնողները հասցրել այդքան բան փոխանցել իրենց. «Այն, որ բժիշկ ենք դարձել, միանշանակ պարզ է, բժիշկների ընտանիքում ենք ծնվել, բժշկությունը եղել է բնական միջավայր: Բժիշկ էին նաև հորեղբայրս, մորաքույրս, նրանց երեխաներն են արդեն բժշկական համալսարան ընդունվում: Բայց դրա հետ մեկտեղ ծնողներիս հաջողվել էր սեր ներարկել նաև արվեստի հանդեպ, մեզ ընդգրկել երաժշտական ու այլ խմբակներում, զարգացնել բազմակողմանիորեն: Եղբայրս տարվել էր լուսանկարչությամբ, ցուցահանդեսներ էր կազմակերպում, ես ՈւՀԱ-ում ելույթներ էի կազմակերպում, բանաստեղծություններ ու երաժշտություն էի գրում: Հիմա եմ մտածում՝ այդ ամենը ե՞րբ հասցրին սերմանել: Ամեն օրվա աշխատանք է եղել, ու ինչ-որ տեղ հերոսություն եմ համարում այդ աշխատանքը: Նույն նվիրումով ու պատասխանատվությամբ այդ աշխատանքը ընթացել է նաև ինստիտուտում: Նրանց սերնդի վրա է հենվել ինստիտուտը, ստեղծվել կրթական օջախ, որը հիմնվում էր բարոյականության վրա, ոչ թե ներկայիս աջ ու ձախ հնարավորությունների ու խորամանկությունների, ինչը մի որոշ շրջան դոմինանտ էր, հիմա նոր ուզում են թոթափվել դրանից»:
Պտղաբերության կենտրոնի հիմնադիր- տնօրենը շնորհակալ է ծնողներից բազմակողմանի կրթության համար: Առանց դրա չէին ստեղծվի Է. Համբարձումյանի երաժշտական գործերը, չէր ստեղծվի «Երազ» բալետը, որը նրա բազմաթիվ պացիենտների երազանքների ու ցանկությունների խտացումն է. «Օրվա ընթացքում բժիշկը առնչվում է բազմաթիվ ճակատագրերի հետ, ակամա դառնում նրանց անհաջողության, տխրության, հիասթափության ականատեսն ու մասնակիցը: Այդ ամենը հավաքվում է, ու մարդը սուբլիմացիայի որևէ ձև է փնտրում դրանից դուրս գալու համար: Տարբեր բժիշկներ տարբեր միջոցներ են ընտրում՝ սկսած սպորտից մինչև արվեստի տարբեր ճյուղերում դրսևորումներ: Ինձանից այդ ամենը դուրս է գալիս երաժշտության ձևով»:
Երկար տարիներ աշխատելով արտասահմանում, քաղելով պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանի դասերը, ով Ֆրանսիայում «առաջին փորձանոթային» երեխայի հայրն է, էդուարդ Համբարձումյանը, Հայաստան վերադառնալով, իր գործունեությամբ նպաստեց շատ կարծրատիպերի վերացմանը, իսկ Պտղաբերության կենտրոնի հիմնադրմամբ՝ ոլորտում նոր ու բարձր որակի ներդրմանը: Մարդու պտղաբերության կենտրոնը հիմնադրվել է 2008 թվականին և հանդիսանում է տվյալ ոլորտի առաջատար կենտրոններից մեկը Հայաստանում: Այն միակն է Հայաստանում, որն ինքնուրույն է և ստեղծված է միայն արտամարմնային բեղմնավորման համար: Վերջին մի քանի տարիների ընթացքում այստեղ շատ ամուսնական զույգերի են օգնել իրականացնել իրենց երազանքը. «Կարևոր է, որ այսօր անպտղությունը դիտարկվում է ոչ միայն ամուսնական զույգի ու բժշկի խնդիր, այլ նաև հասարակության խնդիր, որը պետական մակարդակում լուծման պահանջ է առաջադրում: Դրական է, որ մարդիկ էլ չեն խուսափում օժանդակ օգնությունից և չեն ամաչում խոսել արհեստական բեղմնավորումից: Մենք չենք խոստանում այն, ինչ հնարավոր չէ, մենք անում ենք այն ամենը, ինչ հնարավոր է»:
Էդուարդ Համբարձումյանի ընտանիքում նույնպես բարի ավանդույթը շարունակվում է. որդին բժիշկ է, կնոջ հետ ղեկավարում է «VT dent» ստոմատոլոգիական կլինիկան:
Այսպես ծնողների նախանշած ուղիով քայլում է արդեն երրորդ սերունդը: Մասնագիտությունը դառնում է ապրելակերպ: Այլ կերպ հնարավոր էլ չէ, եթե տվել ես Հիպոկրատի երդումը ու ընտրել ամենապատասխանատու մասնագիտություններից մեկը՝ բժիշկ:
Երևակ ամսագիր
2018-05-04
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան