Y Logo
Ուռուցքաբանության ոլորտում անհրաժեշտ է թիմային մոտեցում. Հայկուհի Գյոկչյան

Ուռուցքաբանության ոլորտում անհրաժեշտ է թիմային մոտեցում. Հայկուհի Գյոկչյան

Հայկական առողջապահությունը շարունակում է մնալ ավելի շատ հիվանդ բուժող, քան առողջություն պահպանող համակարգ: Արդյոք ֆինանսապես ավելի ձեռնտու չէ՞ պահպանել սեփական քաղաքացիների առողջությունը ապահովագրության միջոցով, պրոֆիլակտիկ ծրագրերի իրականացմամբ և ունենալ ավելի շատ առողջ քաղաքացիներ, քան թե հաշմանդամության ու մահացության աճող ցուցանիշներ: Առողջապահության կազմակերպման թերի կողմերի, Հայաստանում ուռուցքաբանության զարգացման միտումների ու քիմիաթերապիայի նորարարական բուժման մեթոդների մասին «Երևակը» զրուցել է Երևանի գլխավոր ուռուցքաբան-քիմիաթերապևտ, «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Հայկուհի Գյոքչյանի հետ: -Ի՞նչն է խանգարում մեր առողջապահությանը իրոք լինել առողջներին առողջ պահող համակարգ:

-Խանգարում են սքրինինգային ծրագրերի պակասը, տարածված հիվանդությունների դեմ անցկացվող պրոֆիլակտիկ միջոցառումների և պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի բացակայությունը: Օրինակ, մի շարք սոցիալական խմբերի համար գործող բժշկական ապահովագրությունն արդեն բավական դրական արդյունքներ է գրանցել: Դրա հաշվին կատարված հետազոտությունների ժամանակ վաղ փուլում հայտնաբերվել են ինչպես կրծքագեղձի ու արգանդի վզիկի, այնպես էլ թոքի ու հաստ աղիքի քաղցկեղի մեծաթիվ դեպքեր: Ի դեպ, կրծքագեղձի, թոքի և հաստ աղիքի քաղցկեղները Հայաստանում տարածվածությամբ գրավում են առաջին երեք տեղերը:

Վերջին երկուսը նախկինում եզակի դեպքերում էին առաջին կամ երկրորդ փուլում հայտնաբերվում: Այնպես որ, պետք է ընդլայնել ապահովագրության գործընթացը: Առողջապահությունը նախևառաջ առողջության պահպանություն պետք է լինի, որը հետխորհրդային տարածքում և մասնավորապես Հայաստանում պարզապես չկա:
Պետք է պատշաճ ուշադրություն դարձնել նաև մարզային բնակչության առողջության պահպանման հարցերին: Այժմ բուժամբուլատորիաների օպտիմիզացիայի գործընթացներ են ընթանում, ինչը ես ճիշտ մոտեցում չեմ համարում: Արդյո՞ք գյուղի բժշկին գործազուրկ դարձնելով և բժշկական ծառայությունը գյուղացուց կիլոմետրերով հեռացնելով՝ կբարելավվի առողջապահության վիճակը գյուղերում: Կարծում եմ, որ առողջապահության համար տրամադրված ֆինանսները պետք է առավել արդյունավետ կառավարվեն ու ճիշտ բաշխվեն:-Դուք 2014-2016թթ. եղել եք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտը, այժմ Երևանի գլխավոր ուռուցքաբան-քիմիաթերապևտն եք: Ոլորտի զարգացմանը նպաստող ի՞նչ քայլեր եք առաջարկում:

-2018 թ. քաղաքապետարանի ծրագրում ընդգրկել ենք կոլոռեկտալ կամ հաստ աղու քաղցկեղի սքրինինգային ծրագրի անցկացումը: Ինչպես ասացի, քաղցկեղի այս տեսակը Հայաստանում ամենատարածվածների եռյակում է: Ի դեպ, այն նաև հիմնականում շատ ուշ է հայտնաբերվում իր տեղակայության պատճառով և ակնհայտ ախտանշաններ չունի կրծքագեղձի կամ թոքի քաղցկեղի նման: 56 % դեպքերում հիվանդները դիմում են կոլոռեկտալ քաղցկեղի 4-րդ փուլում, իսկ 4-րդ փուլը նշանակում է ոչ թե բուժում, այլ պայքար կյանքի յուրաքանչյուր օրվա համար: Սքրինինգային ծրագիրը նախատեսում ենք իրականացնել տեղամասային ուռուցքաբանների հետ, ովքեր կառանձնացնեն թիրախային ընտանիքներին (ընտանիքներ, որոնք ունեն կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդ, ժառանգական պոլիպոզ, կոլիտներ, դիսբակտերիոզ ունեցող անդամներ), նրանց կբաժանեն թեստեր, որոնք որոշում են կղանքում արյան առկայությունը: Թեստի դրական պատասխանի դեպքում ռիսկի խմբում հայտնված պացիենտները կհետազոտվեն, և հիվանդության առկայության դեպքում վաղ կախտորոշվեն ու լիարժեք կբուժվեն:

Բացի այդ իմ ջանքերով և «Էրեբունի» ԲԿ ղեկավարության աջակցությամբ հրատարակել ենք ESMO-ի ուղեցույցներից մեկը՝ «Սնուցումը և քաղցկեղը» գիրքը: Այն քիմիաթերապիայի ընթացքում որոշված սննդակարգի ուղեցույց է, որը պարունակում է նաև քաղցկեղով չհիվանդանալու համար անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների նկարագրություն: Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի հետ միասին այդ գիրքը սկսել ենք բաժանել պոլիկլինիկաների ուռուցքաբաններին, որպեսզի նրանք ստեղծեն ուռուցքաբանի դպրոցներ իրենց տեղամասերում և իրենց հսկողության տակ գտնվող հիվանդների հետ քննարկեն նրանց սննդակարգի ու ճիշտ ապրելակերպի հարցերը: Ի դեպ, ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ լինելու տարիներին իմ ջանքերով ու միջոցներով տպագրել եմ ESMO-ի ևս 4 ուղեցույցներ, որոնք անվճար տարածվել են մեր ուռուցքաբանների շրջանում:

- Իսկ ի՞նչ մակարդակում է այսօր ուռուցքաբանությունը Հայաստանում, ինչու՞ են մարդիկ երբեմն նախընտրում արտերկրում բուժվել:

-Ունենք առանձին հրաշալի ուռուցքաբաններ, վիրաբույժներ ու քիմիաթերապևտներ, բայց չունենք այդ ներուժը միասնականացնող մեխանիզմներ: Պետք է մի կողմ դնել անձնական նկրտումներն ու համակրանքները, միավորվելով աշխատել որպես պրոֆեսիոնալների հզոր թիմ: ՀՀ գլխավոր մասնագետ լինելու ընթացքում որոշ չափով ինձ հաջողվել էր դա ապահովել, առ այսօր, չնայած որ ես հիմա Երևանի գլխավոր քիմիաթերապևտն եմ, ինձ զանգում են մարզային բուժկենտրոններից, տարբեր խնդիրների շուրջ խորհրդակցում ինձ հետ: Այսօր մենք ուռուցքաբանության մեջ թիմ չունենք: Դա սխալ կադրային քաղաքականության արդյունք է: Իսկ ինչ վերաբերում է արտերկրում բուժվելուն. երբ մարդ գնում է տեղական որոշ կենտրոններ և բախվում կոպիտ վերաբերմունքի, բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնում, հետազոտությունները ձգձգվում են, դրան գումարած՝ որևէ անփորձ բժշկի հսկողության տակ է հայտնվում, ապա բնական է, որ պիտի հիասթափվի ու մեկնի: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում ուռուցքով հիվանդը չի մտածում դեղ գնելու մասին. ամեն ինչ ապահովում է պետությունը կամ ապահովագրությունը, անգամ Վրաստանում քաղցկեղով հիվանդի բուժման ծախսերի 80 %-ը ստանձնում է պետությունը: Եթե ամփոփեմ՝ ուռուցքաբանության զարգացումը խթանելու համար անհրաժեշտ են պետական հոգածություն, առողջապահություն՝ պրոֆիլակտիկ միջոցառումներով, սքրինինգային ծրագրերով, և քաղցկեղով հիվանդների բարձրորակ ու հնարավորինս անվճար բուժսպասարկման կազմակերպում: 

-Դուք նաև «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավարն եք: Բաժանմունքը կարճ ժամանակ է, ինչ գործում է: Ինչպե՞ս եք գնահատում բաժանմունքի աշխատանքը:

-Բաժանմունքը ստեղծվել է 2016 թ. ապրիլի 18-ին: Այն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ապահովված են պացիենտների հարմար կեցությանն անհրաժեշտ բոլոր պայմանները: Եվ ամենակարևորը. մեր բաժանմունքը տարածաշրջանում տարբերվում է Paxman Cool Sculp սարքավորմամբ: Այն սարքին միացված սիլիկոնե սառեցվող գլխարկ է, որն իջեցնում է գլխամաշկի ջերմաստիճանը, սահմանափակում արյան հոսքը դեպի մազային ֆոլիկուլներ և այդպիսով նաև պաշտպանում մազը քիմիաթերապևտիկ դեղորայքի ազդեցությունից՝ 75-80%-ով կրճատելով մազաթափությունը: Կանանց համար ծանր է ոչ այնքան հիվանդության ու բուժման ընթացքը, որքան հենց մազաթափության փաստը: Ու այս գլխարկը մեծ հոգեբանական աջակցություն է:

Բաժանմունքն իր կարճատև գործունեության ընթացքում արդեն ունեցել է շուրջ 2850 հիվանդ: Սա բավական մեծ ծանրաբեռնվածություն է՝ հաշվի առնելով, որ մեր թիմը փոքր է, ընդամենը՝ 10 աշխատակից: Բաժանմունքի հաջող գործունեության հիմքը մեր որդեգրած մուլտիդիսցիպլինար մոտեցումն է, որը նախատեսում է յուրաքանչյուր պացիենտի հիվանդության քննարկում վիրաբույժի, ճառագայթաբանի, ուռուցքաբան-քիմիաթերապևտի մասնակցությամբ, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար բուժման ճիշտ ռազմավարության մշակում, նաև ամբողջական դիագնոստիկայի կազմակերպում հենց «Էրեբունիե ԲԿ-ում, որը հագեցած է հետազոտական ախտորոշիչ բոլոր ծառայություններով:

-Ի՞նչ դեր ունի հոգեբանական ճիշտ մոտեցումը քաղցկեղով հիվանդ պացիենտների հանդեպ:

Լավ հարց տվեցիք, որովհետև Հայաստանում հոգեբանությանը լուրջ ուշադրություն չեն դարձնում: Ընդհանրապես ուռուցքային հիվանդությունները համարվում են պսիխոսոմատիկ հիվանդություններ. եթե կա ուռուցքային խնդիր, ուրեմն կա հոգեբանական խնդիր՝ տևական սթրես, վիրավորվածություն կյանքից կամ կոնկրետ անձից, բացասական չարտահայտված հույզեր, ներքին չլուծված խնդիրներ: Այսպիսի մարդկանց օրգանիզմում հաճախ են զարգանում ուռուցքներ: Դա բացատրվում է այսպես. տևական սթրեսները թուլացնում են իմունիտետը: Իսկ ուռուցքային բջիջներ բոլորիս մոտ էլ ժամանակ առ ժամանակ ստեղծվում են, բայց քանի որ մեր իմունիտետն ուժեղ է՝ անմիջապես ճանաչում է այդ աննորմալ բջջին ու վերացնում, իսկ թույլ իմունիտետը պարզապես «հանձնվում էե: Այնպես որ հոգեբանական աջակցությունը ուռուցքաբանի կողմից շատ կարևոր է: Ես 6 ամիս հաճախել եմ Մ. Մադաթովի նեյրոլինգվիստիկայի դասընթացներին: Դրանք ինձ օգնել են բացահայտել խոսքի ուժն ու ազդեցությունը: Իր մի խոսքով բժիշկը կարող է բուժել հիվանդին, մի խոսքով՝ սպանել: Հիվանդը հույսով սպասում է բժշկի խոսքին: Քաղցկեղ ախտորոշումը միայն բավական է, որ մարդը հոգեբանորեն վատ տրամադրվի: Ես հիվանդի հետ խոսելիս չեմ հնչեցնում քաղցկեղ բառը, մարդիկ չեն ուզում դա լսել, գիտեն, բայց չեն ուզում լսել: Բայց ես համարում եմ, որ հիվանդը պետք է իմանա իր ախտորոշումը, նրանից ոչինչ պետք չէ թաքցնել, որքան էլ դժվար լինի: Դրա համար ես մանրամասն խոսում նրա հետ, սպիտակ թղթի վրա նկարում եմ իր հիվանդությունը՝ գոյացությունը, բուժման փուլերը, որ հիվանդը նաև վիզուալ պատկերացում կազմի՝ ինչ է կատարվում իր օրգանիզմում, և դեպի ուր ենք մենք գնում: Ի դեպ, քաղաքապետարանի հաստատմանն ենք հանձնել ծրագիր, որով նախատեսվում է հիմնել Քաղցկեղով հիվանդների սոցիալ-բժշկական, իրավական և հոգեբանական աջակցության հանրապետական ծառայություն, որտեղ կընդգրկվեն բուժված հիվանդներ, ովքեր լրատվամիջոցներով, տարբեր ակցիաների շրջանակներում կխոսեն իրենց հիվանդության հաղթահարման ու բուժման մասին՝ ցույց տալու համար, որ քաղցկեղը դատավճիռ չէ: Պարզապես պետք է մտածել, որ անելանելի իրադրություն չկա, միշտ կարելի է նվազագույնը 3 ուղի գտնել: Շատ կարևոր է, որ բժիշկը հիվանդին ասի՝ ես քեզ հետ եմ, քո կողքին, բայց դու էլ ինձ պիտի օգնես հիվանդության հաղթահարման համար: Ու հավատացեք մարդիկ շատ գնահատում են, երբ զգում են, որ իսկապես իրենց կողքին ես:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5